Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը աճել է 3.6%-ով
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների՝ 2016թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 969 010 զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 3.6%-ով:
Ժամանած 969 010 զբոսաշրջիկներից 830 հազարը մնացել է բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլ վայրերում, իսկ 130 հազարը՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։
2016-ի առաջին ինը ամսիներին հանրապետություն ամենից շատ ժամանել են ԵՄ-ի և ԱՊՀ-ի անդամ չհանդիսացող երկրներից, այնուհետև ԵՄ-ից, ապա՝ ԱՊՀ երկրներից։
Երկիր ժամանած զբոսաշրջիկների զգալի մասի այցի նպատակը եղել է հանգիստը և ժամանցը, այնուհետև գերակշռել են գործնական բնույթի ժամանումները։
Հայաստան առավել շատ ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից, այնուհետ Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Հայաստան ամենաշատ զբոսաշրջիկներն «ուղարկած» հինգ պետությունների ցուցանիշային տվյալները ներկայացված են գծապատկերով։
Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների վերաբերյալ նշենք, որ 2016թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 903 541 մարդ, որը 2015թ. նույն ամիսների համեմատ կրկին աճել է 3.0%-ով:
Մեկնած զբոսաշրջիկների գրեթե 90 %-ը երկրից մեկնել են ինքնուրույն՝ առանց զբոսաշրջային գործակալության աջակցության կամ միջնորդության։
Մեկնումների ցուցանիշային աճը մեծամասամբ ապահովել են երկրից հանգստի և ժամանցի համար մեկնող զբոսաշրջիկները։ Նշենք, որ նրանց թվաքանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 20 %-ով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել