«ՎիվաՍելը» 1000 դրամ չունի՞
Արդեն 4 օր է, ինչ «Հետք»-ն իրականացնում է բարեգործական նախաձեռնություն` 10-ամյա Լիլիթին մանկություն պարգեւելու: Դեռեւս մի քանի օր առաջ հրապարակումներում նշել ենք, թե ինչ խնդիրներ ունի Լիլիթը: Մեր ընթերցողները` թե արտերկրից եւ թե Հայաստանից, օգնել եւ շարունակում են օգնել Լիլիթի ընտանիքին: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված «Լիլիթը մանկության կարիք ունի» խմբում տասնյակ մարդիկ արդեն խմբվել են` նրան ծանր սոցիալական վիճակից փրկելու:
Նախաձեռնության նպատակն է Լիլիթի ընտանիքին դուրս հանել մութ եւ խոնավ վագոն-տնակից եւ քաղաքացիների, բիզնեսմենների ու պաշտոնյաների փոքր ներդրումների հաշվին` մի փոքրիկ տուն գնել նրանց համար` Սիփանիկ գյուղում:
Այսօր «Հետք»-ի լրագրողները զանգահարում էին տարբեր բիզնես կորպորացիաներին, մեծ ընկերություններին, հիմնադրամներին, միջազգային կազմակերպություններին եւ կուսակցություններին` առաջարկելով միանալ նախաձեռնությանը` 1000 դրամով:
Մի շարք բանկեր ու ընկերություններ պատասխանեցին, որ անպայման փոխանցում կկատարեն Լիլիթի հաշվեհամարին: Մեր լրագրողները մեծ հույսով զանգեցին նաեւ Հայաստանում որպես գլխավոր բարեգործական ընկերություն ճանաչված` «Վիվասել-ՄՏՍ» ընկերությանը: Ընկերության հանրային կապերի պատասխանատու Վահե Իսահակյանը պատասխանեց. «Մենք թիրախային ծրագրեր ենք իրականացնում, օրինակ` անցյալ տարի գյումրեցի ընտանիքներին տներ հատկացրեցինք: Ցավոք, Լիլիթի նման խնդիր ունեցողների համար ծրագիր չունենք»:
Լրագրողի հարցին, թե «Վիվասել-ՄՏՍ-ը» նույնիսկ 1000 դրամ չունի՞ երեխային օգնելու համար, Վահե Իսահակյանը պատասխանեց. «Այդ հարցը կորպորատիվ լուրջ հարց է, եւ ես չեմ կարող հստակ ասել»:
Հասկանալի է, որ Վիվասելի բարեգործական ակցիաները զուտ բիզնես նպատակ են հետապնդում, բայց որ այս ընկերությունը չի կարող ավելի ճկուն աշխատել եւ փորձել տեսնել մարդկային խնդիրները, երեւի թե նորություն էր:
Հուսանք` վերջին շրջանում հեռախոսային եւ ինտերնետային կապի հետ առաջացած խնդիրները Վիվասելի սննկացման պատճառ չեն դարձել եւ ընկերությունն, այնուամենայնիվ, 1000 դրամ ունի` կորպորացիոն որեւէ ծրագրի տակ պահված:
Հ. Գ. Սիրելի ընթերցող, մեկ անգամ եւս համոզվում ենք, որ քաղաքացիներիս համախմբվածությունը շատ ավելի արդյունավետ է եւ կարող է փոխել փոքրիկի կյանքը, քան հարուստ ընկերությունների «կորպորատիվ» գումարները: Այնպես որ, յուրաքանչյուրիս համեստ 1000 դրամը կարող է հիմնովին փոխել փոքրիկ Լիլիթի եւ նրա ընտանիքի կյանքը: Շարունակեք կատարել փոխանցումներ ոչ միայն դրամական, այլ նաեւ հագուստի եւ սննդի տեսքով:
Տեղեկությունների համար զանգահարեք 055020780 (Անի), 093822680 (Գրիշա) կամ «Հետք»-ի խմբագրություն` 010580219:
Հաշվեհամարները` այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (19)
Մեկնաբանել