Պաշտպանն արձանագրել է կալանավորված անձի իրավունքների խախտում. վերջինս ազատ է արձակվել
Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է որոշում, որով արձանագրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի իրավունքների խախտում:
Ինչպես հայտնում է ՄԻՊ աշխատակազմը, պաշտպանը հաստատված է համարել, որ տեղի է ունեցել կալանավորված անձի իրավունքների խախտում` կապված անձի առողջական վիճակի և քրեակատարողական հիմնարկում նրան բժշկական օգնության ցուցաբերման հետ:
Այս կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում կալանավորված անձին կալանքից ազատելու և նրա նկատմամբ կալանքի փոխարեն գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին՝ հիմք ընդունելով նաև խախտում արձանագրելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում անդրադարձել է նաև ՀՀ արդարադատության նախարարությանն ուղղված պաշտպանի դիմումին, համաձայն որի՝ վերջինս անհրաժեշտ է համարել կալանավորված անձին անհապաղ տեղափոխել համապատասխան առողջապահական մասնագիտացված բուժական հիմնարկ: Դատարանն իր որոշմամբ հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ մարդու իրավունքների պաշտպանը հաստատված է համարել ազատությունից զրկման վայրում բուժման պայմանների հետ կապված կալանավորված անձի իրավունքների խախտումը:
«Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից պաշտպանի որոշմանն արված վկայակոչումները, ինչպես նաև ազատությունից զրկման վայրում գտնվող անձի առողջական վիճակի և դրա հետ կապված` նրա պահման պայմանների վերաբերյալ դատարանի իրավական վերլուծությունները»,- գրված է օմբուդմենի գրասենյակի ուղարկած հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել