HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Նախագահը ժողովրդական լեզվով է արտահայտվել, որ բոլորը հասկանան

Ս. Սարգսյանի արձագանքը մեկնաբանում է ՀՀԿ-ականը

Վերջին շրջանում մեր իշխանությունները «լրջով» որոշել են արդար ու ազատ ընտրություններ կազմակերպել: Այնպիսիք, որ միջազգային դիտորդներն ասեն՝ ոչ թե «հիմնականում համապատասխանում են միջազգային չափանիշներին», այլ ուղղակի հիանան ու զմայլվեն մեր ընտրությունների որակով ու մակարդակով: Մերոնք էլ, ոտ ու ձեռ ընկած, ամեն ինչ դրա համար անում են: Ու եթե հանկարծ որևէ մեկը հանդգնում է ասել, թե աչքներիդ վերևը հոնք կա, տեղն ու տեղը «ոչնչացնում են»: Ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով:

Թերևս այլ կերպ չես կարող մեկնաբանել նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը Րաֆֆի Հովհաննիսյանի նամակ-առաջարկին: Ընդամենը առաջարկներից բաղկացած ուղերձին նման, մեղմ ասած, կոշտ գնահատական տալը բավականին արտառոց էր: Ուստի որոշեցինք ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանից ճշտել, թե արդյոք ընտրական համակարգի կամ գործընթացի թերությունները մատնանշելը նշանակում է «վարկաբեկե՞լ գործընթացը»: «Դա մտահոգ մարդու խոսք չէր (Ր. Հովհաննիսյանի մասին է.- խմբ.): Եթե դա լիներ մտահոգ, այլ ոչ թե ընդամենը հերթական անգամ ուշադրություն սևեռելը, «պտիչկա դնելը», ես կընդունեի՝ մտահոգություն կար»:

- Ինչի՞ց եք ենթադրում, որ մտահոգություն չէր, այլ «պտիչկա» դնել:

- Չէ՞ որ ակնհայտ է: Դա երևում է հայտարարության բնույթից, բովանդակությունից:

- Ընդամենը կետերն են նշվել՝ վարչական ռեսուրսի օգտագործում, հեռուստաեթերի անհավասար պայմաններ:

- Սուտ է խոսում, ուրեմն: Եթե Ընտրական օրենսգիրքը նայենք, բացառապես հավասար պայմաններ են: Ես կարող եմ դա ապացուցել: Եթե մեկը կարող է պնդել, որ ընտրաեթերը հավասար չէ, ես կարող եմ վստահաբար ասել, որ սուտ է խոսում:

- Իր խոսքում նախագահը նշել էր՝ չարությամբ և թույնով լցված մարդիկ: Շա՞տ անգամ եք Րաֆֆի Հովհաննիսյանի չարությունն ու թույնը տեսել:

- Երկրի նախագահը իր նմանատիպ ուղերձներում մշտապես ավելի պարզ, թափանցիկ և ժողովրդական լեզվով է արտահայտվում, որ բոլորին հասկանալի լինի: Եթե մտահոգ են, չարությամբ, թույնով լցված չեն, ապա պետք է գան, և սկսված գործընթացը պետք է կառուցենք:

Բավականին հասկանալի պատասխան ստանալուց հետո որոշեցինք դիմել նաև «Ժառանգական» Արմեն Մարտիրոսյանին:

«Կարծում եմ, որ նախագահի բարձրությանը վայել պատասխան չէր: Եթե իրեն սխալ են տեղեկացրել նամակի բովանդակությունը, ապա խնդիր ունի, թե ովքեր են իր հետ աշխատում: Իսկ եթե բնագրից կարդացել էր, թե ինչի մասին են Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները, ապա դրանցում որևէ ձևով չարություն, վարկաբեկում, վնասարարություն և նման կետեր հնարավոր չէր գտնել:

- Փաստորեն, դրանք նպատակ չունեի՞ն վարկաբեկելու ազատ ընտրություններ կազմակերպելու սկսված գործընթացը:

- Հակառակը՝ նպատակ ունեին ընտրություններն այնպես անցկացնել, որ հասարակության մոտ վստահություն առաջանար ընտրական գործընթացների նկատմամբ, և ընտրական գործընթացները տեղավորվեին քաղաքական տրամաբանության մեջ»:

Ի դեպ, երեկ «Ժառանգությունը» նաև հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր. «Նման պահվածքն ու անհամարժեք գնահատականները հարիր չեն երկրի ղեկավարին: Դա վկայում է, որ ՀՀ իշխանությունները չեն մերժում և չեն պատրաստվում հրաժարվել վարչական լծակներն օգտագործելու, հանրային ու պետական ռեսուրսների նկատմամբ կուսակցական մենաշնորհները վերահաստատելու, անհավասար մրցակցային պայմաններ թելադրելու, քաղաքացիական ու հանրային ծառայողներին պարտադրելու, մեծամասնական ընտրակարգով ընտրական գործընթացն աղավաղելու, ընտրացուցակները խարդախելու, բանակն ու եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու և այլ արատավոր գործելակերպից»:

Եզրակացությունը, թերևս, մեկն է. մի՛ խանգարեք իշխանություններին խոսել լավ-լավ բաներից: Այսքան տարի նման պաթոսով այդ մասին դեռ չէին խոսել: Մեկ էլ տեսար՝ մի տասը տարի հետո էլ որոշեցին կամաց-կամաց խոսքից գործի անցնել:

Արփի Սահակյան

Մեկնաբանություններ (1)

gayane
Ս.Ս. ի պատսխանը նախագահի պատասխան Չէր: Թող ներեն ինձ գյուղապետերը, բայց դա գյուղապետի պատասխան էր գյուղի ակտիվի ժողովում: Եթե Ս.Ս. ը մնացել է այդ մակարդակում, ապա հայ հասարակությունը վաղուց արդեն այդ փուլը անցել է: Վիրավորական է... Այստեղ նույնիսկ չի օգնել Ս.Ս ի հեռակա բանասիրական կրթությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter