HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

«Ռոյթերզ»-ի ալգորիթմը կվերլուծի «Թվիթեր»-ում հրապարակվող նորությունները լրագրողների փոխարեն

Տեղեկատվամիջոցները, որքան էլ մեծ թվով արտասահմանյան թղթակիցներ ունենան, չեն կարող առաջին աղբյուր հանդիսանալ բոլոր իրադարձությունների համար: Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի զարգացմամբ ավելացել է հրատապ իրադարձությունների մասին տեղեկություններ հաղորդող մարդկանց թիվը: Այդ տեղեկությունները հավաքելու, ստուգելու և ապատեղեկատվությունից խուսափելու համար վերջին շրջանում լրագրողների համար նախագծվել են մի շարք գործիքներ, կազմվել է ձեռնարկ:

«Ռոյթերզ» միջազգային լրատվական գործակալությունը որոշել է արագացնել տեղեկությունների հավաքման ու ստուգման գործընթացը` դրա համար մշակելով ալգորիթմ, որը կաշխատի «Թվիթեր» սոցիալական ցանցում հրապարակված գրառումների հետ:

Reuters News Tracer գործիքը կվերլուծի այդ գրառումները հրապարակման պահից` զտելով սպամերը և խմբավորելով իրար նման գրառումները` նույնատիպ բառերի հիմքով: Գործիքն այնուհետև կդասակարգի այս խմբերն ըստ առանձին թեմաների և կստեղծի համառոտ շարադրանք յուրաքանչյուրի համար, որը կհուշի, թե ինչի մասին է պատմությունը: Օրինակ, «պայթուցիկ» կամ «պայթյուն» բառերով թվիթերը կարող են խմբավորվել ահաբեկչական հարձակման պատմության մեջ:

Ալգորիթմը միաժամանակ կստուգի հրատապ տեղեկությունները` յուրաքանչյուր խմբին տալով հավաստիության միավոր: Սա կարվի ակադեմիական հետազոտության արդյունքում առանձնացրած 40 գործոնների օգնությամբ, որոնցից են գրառման հեղինակի ինքնությունն ու գտնվելու վայրը, «Թվիթեր»-ում նրան հետևողների թիվը, այն թե ինչպես է գրառումը տարածվում և թե արդյոք տեղեկությունը հաստատվում կամ հերքվում է սոցիալական ցանցում:

Գործիքը նախատեսվում է նախ և առաջ կիրառել բնական աղետների, ահաբեկչությունների դեպքում, որոնց բազմաթիվ վկաները միաժամանակ հաղորդում են այդ մասին` հրապարակելով նկարներ ու տեսանյութեր: Վերջիններիս, ինչպես նաև գրառման մեջ հղումների առկայությունը մեկ այլ գործոն է` տեղեկության հավաստիությունը ստուգելու համար: Այդ առումով կարևոր է նույնիսկ գրառման կառուցվածքը: «Զարմանալիորեն` գրառումը, որն ամբողջությամբ մեծատառերով է, պակաս հավանականություն ունի լինելու ճիշտ»,- NiemanLab-ի հաղորդմամբ` ասել է «Ռոյթերզ»-ի տվյալների և նորարարության խմբագիր Ռեգ Չուան:

Վստահելիության բավարար միավոր հավաքելուց հետո համակարգի պատրաստած լուրը կհրապարակվի, իսկ լրագրողները կզբաղվեն մանրամասներ որոնելով: Հավաստիության աստիճանը կփոխվի ժամանակի ընթացքում` պայմանավորված նոր ի հայտ եկող տեղեկություններով:

«Ռոյթերզ»-ի թիմը ներկայացնում է News Tracer գործիքը Emerging Tech կոնֆերանսի ժամանակ

Reuters News Tracer-ը ներկայացվել է օրեր առաջ, թեև ալգորիթմը մշակվել է վերջին երկու տարիների ընթացքում: Նորություններ հաղորդելիս արագությունը կարևոր է հումանիտար օգնությունը արագ և տեղին կազմակերպելու, տեղացիների կողմից դրանց հիմքով որոշումներ կայացնելու համար: Խմբագիրն ավելացրել է, որ արագությունը կարևոր է նաև գործակալության ֆինանսական գործընկերների համար:

«Ռոյթերզ»-ն արդեն կիրառել է գործիքը, որի շնորհիվ 8 րոպեով մյուս կազմակերպություններից առաջ է անցել Բրյուսելի և 15 րոպեով` Նյու Յորքի պայթյունները հաղորդելիս: Թվանշային գործիքի դժվարությունների, հնարավոր ձախողումների մասին դեռևս չի հաղորդվում: Դժվար է ասել, թե արդյոք այն չի կրկնի ավտոմատացված տարբեր համակարգերի սխալները (որոնք ի հայտ են գալիս, օրինակ, «Google թարգմանիչ»-ում` ամբողջական տեքստեր թարգմանելիս) կամ կկարողանա լիովին փոխարինել թղթակիցներին, որոնց` տեղեկությունների ստուգման միջոցներից մեկն էլ աղբյուրների հետ կապ հաստատելն է: 

Նշենք, որ «Թվիթեր»-ը նախկինում էլ ուներ նման դեպքերի համար օգտակար TweetDeck գործիքը, որի միջոցով լրագրողները կազմում են իրենց հետաքրքրության ոլորտներից տեղեկություններ ստանալու աղբյուրների ցանկը: «Ռոյթերզ»-ի ալգորիթմը, ի տարբերություն սրա, ինքնաշխատ կերպով խմբավորում և վերլուծում է բոլոր ոլորտների գրառումները, որոնք կարող են հրատապ լուր դառնալ:

The Verge-ը հիշատակում է այլ խմբագրությունների կողմից ավտոմատացման տարբեր տեսակներ փորձարկելու օրինակներ. Associated Press-ը անցած տարի Automatic Insights գործիքի միջոցով սկսեց օգտագործել ալգորիթմներ` ամբողջական պատմություններ գրելու համար, իսկ ֆրանսիական Le Monde-ը մշակում է զննարկիչի (browser) մի հավելված, որն ինքնաշխատ կերպով կնշի կեղծ կամ մոլորեցնող նորությունները, մի բան, որից «Ֆեյսբուքը» հետևողականորեն խուսափում է:

լուսանկարը` Պասկալ Լե Սեգրետաին/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter