Փաստաբանական դպրոցի 50 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր
Փաստաբանական դպրոցի 50 շրջանավարտներ այսօր ստացել են փաստաբանի գործունեության արտոնագրեր:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այսօրվանից նրանց արդեն դե յուրե կարող են դիմել որպես փաստաբան-գործընկերների. «Այն, ինչ հաջողվել է փաստաբանների բոլոր սերունդներին և ամրագրվել է որպես համայնքի ձեռքբերում, այսօրվանից նաև ձեզ է պատկանում: Զարգացրեք համայնքի բարի ավանդույթները և պայքարեք մեր համայնքում տեղ գտած բացասական երևույթերի դեմ: Այսօր կարելի է բարձրաձայն արձանագրել նաև, որ Փաստաբանական դպրոցով անցած փաստաբանները լավ են գիտակցում կոռուպցիայի դեմ համայնքային և անհատական պայքարի դերն ու նշանակությունը»:
Արա Զոհրաբյանը ապագա փաստաբաններին մաղթել է բարի երթ և հաջողություն հետագա ձեռնարկումներում:
Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ Դպրոցն իր մասնագիտական պատրաստվածությամբ չի զիջում աշխարհում գործող համանման դպրոցներին. «Մեր դպրոցում պետք է կատարելագործվի պրակտիկ ուսուցումը: Մենք գնում ենք առաջ ու ստանում ենք այն արդյունքը, որն այսօր ունենք: Հույս ունենք, որ մենք՝ արդեն որպես գործընկերներ, առիթ կունենանք համագործակցելու»,- եզրափակել է նա:
Խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը շնորհավորական խոսքում կարևորել է փաստաբանի կայացման և մրցակցության մեջ դիմագրավելու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ վստահությունը փաստաբանի հանդեպ ձեռք է բերվում նրա աշխատանքի և տարիների փորձի արդյունքում:
Արտոնագրեր ստացել են փաստաբանի այն հավակնորդները, ովքեր հաղթահարել են որակավորման քննությունների նվազագույն շեմը:
Փաստաբանների պալատի մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր գործունեություն է իրականացնում 1730 փաստաբան:
Մեկնաբանել