HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսարի հետ բանտի մեջ ասես նորից բանտ եմ մտնում

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սիրելի Վանուհի, բարի օր

Լեռ Կամսար կարդալու, թարգմանելու շնորհիվ, թվում է, թե շատ վաղուց եմ ճանաչում Ձեզ: Ամեն անգամ «Բանտիս օրագիրը» բացելիս, ասում եմ.

- Վանուհին է ուղարկել Քո մոտ:

Հետո սկսում եմ կռվել Լեռ Կամսարի հետ`որ բանտում է հայտնվել, հետո հիանում եմ նրա հումորով, մտքով ու պատմություններով, ամեն պարագայում հաշտությամբ ենք բաժանվում`մինչև հաջորդ անգամ բացեմ «Բանտիս օրագիրը» և նորից կախարդական դռնից ներս մտնեմ նրա ապրած-չապրած օրերի մեջ: Կարդացել եմ նաև նրա այլ գրքեր, բայց այս մեկը ասես դարձել է իմ մասնիկը: Շատ երկարեց թարգմանությունը. արդեն գրել եմ, որ Դուք եք «մեղավոր»` ասացիք` մինչև վերջացնեմ` ազատությունս կգա, ես էլ սպասում-սպասում եմ, բայց… Իսկ միգուցե երբ ավարտեմ, հենց այդ ժամանակ էլ բանտի ծանր դուռը կբացվի: Մյուս կողմից էլ՝ պետք է խոստովանեմ, որ երկար ընդմիջումներ են եղել թարգմանության ընթացքում. քննություններին պատրաստվել, դատական տարբեր վիճարկումների պատրաստվել և այլն:

Թովմաղյան Արամ-Լեռ Կամսարը ախր շա´տ իրական է գրել… Բանտի մեջ ասես նորից բանտ եմ մտնում, երբ նրա հետ միասին արտաքնոցի խնդիր ենք ունենում, կամ հարևանի ոջիլների, ծխախոտի ծխի ու իշխանության անարդարությունների դեմ պայքարում:

Նայում եմ «Բանտիս օրագրի» կազմի հետևի մասը, տեսնում Կամսարի հպարտությունը և հազիվ թաքնվող ժպիտը, ուրախանում եմ: Հետո խուսափելով՝ հայացքս իջեցնում եմ ներքևի նկարին և տեսնում Գուլագի երեք տարիներից նիհարած ու սպիտակած ծերուկի, բայց երբ երկար նայում եմ աչքերի մեջ` երիտասարդ Արամի հպարտությունն ու ժպիտն են բոցկլտում, այդժամ պարզ է դառնում Լեռ ԿամՍարի ողջ էությունը:

Վանուհի ջան, շուտով լույս աշխարհ կգա արդեն չորրորդ գիրքս` «Զգացմունքների պետություն» ստեղծագորությունների և վավերապատումների ժողովածուն: Ամենևին չեմ հավակնում գրող դառնալու, կոչվելու, պարզապես այդ կերպ զրուցում եմ Մարդկանց հետ, փորձում բարձրաձայնել մարդկային մտքի ամենավատ «ստեղծագործության»` բանտի մասին, որպեսզի անմեղները չհայտնվեն այնտեղ, իսկ մեղավորներն էլ իրապես ուղղվեն, այլ ոչ թե պետություն-իշխանության պատճառով չարանան հասարակության նկատմամբ:

Արդեն ավարտել եմ «Բանտիս օրագրի» ռուսերեն թարգմանությունը, ևս մեկ անգամ ընթերցում եմ ու խմբագրում: Անչափ շնորհակալ եմ, որ համաձայնվեցիք՝ ես թարգմանեմ. մեծ պատիվ է ինձ համար Լեռ Կամսարին թարգմանելը:

Ինչ վերաբերում է իմ ճակատագրին, ապա կարծում եմ՝ այստեղ խոսքերն ավելորդ կլինեն. պարզապես կխնդրեմ, որ կարդաք «Ելք կա, ուրեմն գտիր այն» ստեղծագործությունը` այնտեղ ամեն ինչ ասված է:

Ուրախ եմ ու հպարտ, որ պատիվ ունեցա ճանաչելու Ձեզ

Առողջություն ու երջանկություն են մաղթում

Սիրով ` Մհեր

15.11.2016

Ահա ինչ պատասխան եմ ստացել Վանուհի Թովմասյանից

Բարև, Մհեր ջան։

Հուսահատ նամակդ ինձ անասելի տխրեցրեց։ Չգիտեմ էլ ի՞նչ գրեմ։ Ինչ գրելս չգիտեի նաև էն ժամանակ, երբ դադարեցի քո հարցազրույցի վերջին հարցերին պատասխանելը։

Սկզբի լավատեսական նամակներում իրոք հավատում էի, որ բավականաչափ արդեն պատիժդ կրել ես (20 տարի), և դա կլինի բավարար։ Բայց մեր նախագահը ցարերից, սուլթաններից ու կայսրերից ավելի ապառաժ գտնվեց՝ այս արդեն քանի՜ տարի է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ բառը չի արտաբերում․․․ Էդ ո՞ւմ է փորձում բերդում էդպես անվերադարձ փտեցնել, չեմ հասկանում։ Արդյոք կա՞ մի մարդ, որից երկրի առաջին դեմքը երկնչո՞ւմ է․․․ Սա, իհարկե, քեզ չի վերաբերում՝ դու չես այդ մարդը․․․

Մարդ պետք է տոկուն լինի՝ ինձ եմ ասում։ Նաև քեզ։ Տե՛ս, ի՞նչ է ասում Լեռ Կամսարը․ «Կյանքի վրա ես ուրիշ հայացք ունեմ, կինս՝ ուրիշ: Կյանքը վերլուծելիս կինս շերեփովը շատ խորերը կխառնէ և, սովորաբար, տակէն միշտ դժբախտություն մը կհանէ ու կսկսի ողբալ:

Ես երեսանց կխառնեմ և շերեփս դժբախտության մը առնելուն պէս կքաշեմ ու գտածս երջանկությամբ կուրախանամ: Կըսեմ՝ ա՜յ կնիկ, ինչու այդքան կաթսայի խորերը կերթաս, չէ՞ որ հատակին մահն է կանգնած անսասան. ուրեմն, ամէն րոպէ հիշենք մեր մահկանացու ըլլալու հանգամանքն ու ողբա՞նք: Նախ եկուր խնդանք մեր ծնունդին վրա, հետո, երբ մեռանք՝ լանք: Չէ՞ որ աշխարհում, կամ թէ բառարաններում կա «երջանկության» գաղափարը. նայենք այդ գաղափարին և բնավ չվայելե՞նք։ Չէ՛, քուզում կնիկ, ես երջանկությունը գտա՝ կվայելեմ, չգտա՝ կստեղծեմ կվայելեմ, թէկուզ երևակայությանս մէջ:

Ինչպէս հնակարկատները մագնիսով իրենց խանութի աղբակույտը կխառնեն՝ մանրիկ մեխերը ժողվելու համար, իմ կողակիցն ալ աշխարհը իր շերեփովը կխառնէ՝ անոր բոլոր անբախտությունները ի մի հավաքելու համար: Ես չէ, իմ մագնիսը կյանքի աղբակույտէն միայն երջանկությունը կվերցունէ, մնացյալը կթողու իր տեղը»:

Էնպես որ, Մհեր ջան, շերեփդ երևակայությանդ մեջ երեսանց խառնիր և հուսա, որ մի օր լույսը կբացվի․․․

Համակարգչումս նայեցի քո հարցազրույցի հրավերի պանակը, որտեղ հավաքված են քո հարցերին ուղարկածս նամակ պատասխանները։ Տեսա, որ 6-րդ հարցիդ կիսով չափ պատասխանել եմ, հետո լռվել առ այսօր․․․

Հիմա կարդամ, լսիր, թե դուրդ գալիս է շարունակեմ․․․

Ընդհատված երկխոսություն

(Թե սա քանի ամիս առաջ եմ գրել՝ էդ էլ Աստված միայն գիտի)

Պայմանավորվել էինք, չէ՞, որ վերջին հարցերիդ տետ ա տետ եմ պատասխանելու։ Ի՞նչ ես կպել քննչական վերանայման աբսուրդին։ Բա որ համաձայնվեն ու մի տասը տարի էլ վերանայեն՝ հետո՞։ Չես տեսնում արդարադատությունը արհեստավարժ չէ, գործ անել չգիտի։ Նա իսպառ կուրացել է ու առանց կաշառքին հենվելու քայլ անգամ չի կարող փոխել։

Հիմա անցնենք  հարցազրույցիդ 6-րդ հարցին։

6. Լեռ Կամսարը գրել է. «Եթե մեր «անկուսակցական» ինտելիգենցիան անմիջապես ծունկի չի գար կոմունիստական կուռքի առաջ և համառեր այնպես, ինչպես Գրիգոր Լուսավորիչը համառեցավ Տրդատին ժամանակ, անկասկած Լուսավորչին նման գլխիվայր պիտի կախվեր, հետույքին ձագար դրվեր և քացախ ընդուներ իր ներսի դին։ Ո՞րն է խելոքությունը եթե հարցնես` հարկա~վ, մեր ինտելիգենտներու ըրածը։ Գաղափարը ի՛նչ արժե հիմա, հետույքը պետք է փրկել, հետո~ւյքը»։ Ձեր կարծիքով, այսօրվա մտավորականությունն ինչպիսի՞ ընտրություն է արել:

Հարցադրումդ ինքնըստինքյան ներառում է պատասխանը։ Այսօրվա մտավորականն էլ է խելոք և հետույք փրկելով է զբաղված՝ մանավանդ մեջտեղում գաղափար էլ չկա։

Հետո գաղափարների արժեքները կյանքի շուկայում անընդհատ փոփոխվում են։ Այսօր սա, վաղը նա։ Մնայուն ու հավերժական մի գաղափար չկա, որի շուրջ դառնաս ու մնաս։ Ամենամեծ գաղափարն երևի թե կյանքն ինքն է․․․

Ճիշտն ասած, Մհեր, ես չգիտեմ, թե մտավորականը որն է։ Էն որ մտածե՞լ գիտի, կրթվա՞ծ է, թէ՞ որ ունի որոշակի բարոյական նորմերի սահմանադրություն, որը խիղճ է կոչվում։ Ասում են՝ աշխարհում ընդամենը մի իսկական մտավորական է եղել՝ էն էլ արդեն 2000 տարուց ավելի է խաչված է։ Խաչողներն էլ հենց նրանք են եղել, ում ուզում էր փրկել խաչվածը։

Այստեղից հետևություն՝ մտավորականը մարտիրոսվի էլ՝ ամբոխը խաչելու է։

(Մինչև այստեղ էի գրել։ Վատ չի, չէ՞։ Հիմա կավարտեմ։)

Դու երևի ակնարկում ես, որ այսօր մտավորականությունը լուռ է, ամբողջ կարողությամբ չի հարձակվում կառավարության վրա։

Իսկ երբ հարցը առնչվում է մտավորականներին, այստեղ արդեն պետք է գլուխդ քորես և մի լավ մտածես, արժե՞ արդյոք մեղադրել նրան։ Մտավորականը իշխանավորի պես դաբախանի կաշի չունի՝ ազդվել գիտի, վիրավորվել գիտի։ Առանց այն էլ Աստված պատժել է նրան մտավորական ստեղծելով՝ հիմա էլ պարտադրենք, որ մեր փրկի՞չը դառնա։ Մեկը լինի մտավորականին փրկի այս անել վիճակից։

Մտավորական ես, թե ռամիկ՝ ոչ մի կապ չունի, Մհեր ջան, մարդս Մարդ լինի՝ ահա իմ պատասխանը․․․

Եթե ամեն ոք ազնվորեն իր գործն անի՝ էլ ոչ մի ասված կամ չասված խոսք-զրույցի կարիք չի լինի։

Դե՛, ուրեմն, ի գործ․․․

Ժողովրդիս ներուժին հավատացող՝ Վանուհի Թովմասյան

27․11․2016

Մեկնաբանություններ (2)

Մարտիկ
Ինչքան գիտեմ Լեռ Կամսարը երբեք չի թարգմանվել, այդպիսի մեծ երգիծաբան ունենք ու աշխարհին չնեք ներկայացնում։ Հարգելի Մհեր, հարգելի Վանուհի, շնորհակալ եմ ձեզ։
Անահիտ Մելիքյան
Շատ շնորհակալ ենք,սիրելի Վանուհի Թովմասյան: Այս բարձրակարգ նամակագրությունը Իմ սիրելի Մհերի հետ, ոչ միայն Մհերին, այլև մեզ էլ է շատ բան ուսուցանում: Քաջ առողջություն ձեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։