HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ապօրինի հարստացման մասին օրինագիծն ուղարկվել է Ազգային ժողով

Հայաստանի օրենսդրությամբ ապօրինի հարստացման հանցակազմ նախատեսված չէ, այլ կերպ ասած՝ ապօրինի եղանակով հարստացածները չեն պատժվում, քանի որ կարգավորումը բացակայում է: Կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել ապօրինի հարստացածներին:

ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է հետևյալ ձևակերպումը. «Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը (5 միլիոն) գերազանցող գումարը (արժեքը):

Ինչպես նշվեց, ապօրինի հարստանալու հանցակազմի գործողությունը տարածվում է գույքի ու եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա: Այսինքն` հանցակազմի սուբյեկտ են դիտարկվում բարձրաստիճան պաշտոնատար և նրա հետ փոխկապակցված անձինք, մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնյայի ամուսինը, համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը:

Ըստ կառավարության՝ նախագծով առաջարկվող ապօրինի հարստացման քրեականացման շեմի, այն է` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), նախատեսումը պայմանավորված է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միջինացված տարբերակի ընտրությամբ: Հաշվարկի հիմքում դրվել են ՀՀ նախագահի և նախարարության ոլորտում ծրագրեր իրականացնող գրասենյակի բաժնի պետի գործակիցները, հաշվարկվել է նշյալ պաշտոնների համար տրվող աշխատավարձերի միջին թվաբանականը` նախատեսելով դա 6 ամսվա համար:

Նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունված Կոռուպցիայի դեմ կոնվենցիան։ Հայաստանը ստորագրել է Կոնվենցիան դեռևս 2005թ. մայիսի 19-ին և վավերացրել 2007թ. մարտի 8-ին։

Ապօրինի հարստացման քրեականացումը լայն տարածում է գտել նաև շատ երկրներում: Մասնավորապես՝ Պերուի քրեական օրենսգրքի համաձայն` յուրաքանչյուր պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ով իր գործառույթների իրականացման ընթացքում ապօրինի ավելացնում է իր ակտիվները օրինական վաստակից ավելի և չի կարողանում ողջամտորեն հիմնավորել  վերոնշյալ ավելացումը, պետք է պատժվի ոչ պակաս, քան 5, ոչ ավել, քան 10 տարի ժամկետով ազատազրկմամբ և պաշտոն զբաղեցնելու մշտական արգելքով:

Իսկ Արգենտինայում ապօրինի հարստացումը որպես հանցակազմ քրեական օրենսգրքում նախատեսվել է դեռևւս 1964թ: Այստեղ հանցակազմի հատկանիշների բացակայության ապացուցման բեռը կրում է այդ հոդվածի հասցեատերը։ Իսկ որպես ապօրինի հարստացման սանկցիա Արգենտինայի օրենսդիրը նախատեսել է 2-6 տարի ժամկետով ազատազրկում, հարստացման արժեքի 50-100 տոկոսի չափով տուգանք կամ զբաղեցրած պաշտոնից կամ աշխատանքից հեռացում կամ ցմահ որակազրկում: Հատկանշական է, որ Արգենտինայի քրեական օրենքի համաձայն` այդ պատիժը կիրառելի է նաև այն անձի նկատմամբ, ով կպարտակի ապօրինի հարստացումը։

Հայաստանում ապացուցման բեռը ևս դրվելու է հասցեատիրոջ վրա: Այս համատեքստում քննարկելով ապացուցման բեռի բաշխման հնարավորությունը՝ կառավարությունը վկայակոչել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Փամ Հոանգն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը (տե՛ս Case of Pham Hoang v. France, գանգատ թիվ 13191/87, 1992 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռ): Մասնավորապես` նշյալ գործով կասկածյալը ձերբակալվել էր Ֆրանսիայի սահմանին` թմրամիջոց տեղափոխելիս: Ֆրանսիական օրենսդրությունը սահմանում է, որ արգելված ապրանքներ տեղափոխելը, որոնց թվում է նաև հերոինը, համարվում է անօրինական, եթե այդ ապրանքը տեղափոխող անձը չի ապացուցում հակառակը, օրինակ` ներկայացնում է արդարացնող բավարար ապացույցներ կամ ապացուցում, որ գործողությունը կատարվել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կամ սխալի հետևանք է, որից խուսափելն անհնար էր:

Նշյալ գործում պաշտպանության կողմը չի ներկայացրել արդարացնող ապացույցներ, իսկ մեղադրյալը հրաժարվել է տալ որևէ բացատրություն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով դիմողի բողոքը, ընդունել է, որ անթույլատրելի ոչինչ չկա այն ենթադրությունում, թե անձը, որը տիրապետում է ընդհանուր առմամբ արգելված որևէ բանի, պարտավոր է բացատրել այդ փաստը, հակառակ դեպքում նա կճանաչվի մեղավոր:

«Վերոգրյալից բխում է, որ հանցակազմի ապացուցման բեռի բաշխումը չի հակասում անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքին»,-որպես հիմնավորում եզրակացնում է օրենքի հեղինակը:

Կառավարությունը նաև մատնանշել է 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունները, որով ընդունված տարբերակում բացակայում է նախկինում գործող «Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի» նորմը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter