HY RU EN

Դիանա Ղազարյան

Ատոմ Էգոյան. «Ցանկանում ենք Հայաստանի մեր հայրենակիցներին ցույց տալ, որ միասնական ենք նրանց հետ»

«Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների. «ԱրդարությունՀայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը» թեմայով այսօր կայացած քննարկմանը տեսաձայնային զանգով միացավ նախաձեռնության մյուս անդամ, կանադահայ կինոռեժիսորԱտոմ Էգոյանը: Նա պնդեց, որ սփյուռքահայությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը՝ ինչ դերակատարություն պետք է ունենա Հայաստանում։

Էգոյանն առանձնացրեց ՀՀ քաղաքացիներին կրթելու հանգամանքը՝ ճիշտ քվեարկել, սակայն ընդգծեց, որ քաղաքացիները ևս պետք է ցանկություն ունենան կրթվելու և հասկանալու՝ ինչպես պետք է տեր կանգնեն իրենց ձայնին։ Այս դեպքում, ըստ կինոռեժիսորի,աշխարհասփյուռ հայությունը պետք է անի ամեն ինչ՝ օգտագործելով բոլոր ռեսուրսները Հայաստանի բարեփոխումներում առաջընթացի հասնելու համար։

Էգոյանի գնահատմամբ՝ այն, ինչ կատարվեց այս տարվա ամռանը՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին, ահազանգ էր, թե ինչպես են խախտվում մարդու իրավունքները։ Դիտարկելով այս իրավիճակը՝ նա ասաց, որ ժամանակն է հասկանալ, որ Սփյուռքը պետք է իր գործուն մասնակցությունն ունենա։

«Պարզապես ցանկանում ենք Հայաստանի մեր հայրենակիցներին ցույց տալ, որ միասնական ենք նրանց հետ, որ ցանկանում ենք գործուն մասնակցություն ունենալ Հայաստանի գործընթացներին։ Իհարկե, մենք չենք կարող քվեարկել, բայց այն մարդիկ, ովքեր ունեն երկքաղաքացիություն, պետք է գան Հայաստան ու քվեարկեն. մեզ համար սա շատ կարևոր պահ է՝ ցույց տալու մեր հայրենակիցներին, որ միասնական ենք, որ պատրաստ ենք աջակցել նրանց»,-ասաց կինոռեժիսորը։

Էգոյանը ցավալի համարեց, որ Հայաստանի երիտասարդներն որոշակի անտարբերություն են ցուցաբերում և որ նրանք կարծում են, որ իրադրությունը չի փոխվի։ Այդ պատճառով, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միանալով, ցանկանում է ցույց տալ, որ նրանց կողքին է, պատրաստ է աջակցել, կրթել՝ իրավիճակը փոխելու համար։