
Երկրաշարժից վթարային դարձած Կապսի դպրոցում 27 տարի է սպասում են հիմնանորոգման
Երկաթե հսկայական համաձուլվածքները 27-րդ տարին է՝ «ոտքի վրա» են պահում Շիրակի մարզի Կապս գյուղի միջնակարգ դպրոցը: 1980թ. շահագործման հանձնված շենքը 88-ի երկրաշարժին դարձել էր վթարային: Գերմանացի շինարարները ամրացման որոշ աշխատանքներ էին իրականացրել՝ դրսից եւ ներսից ժամանակավորապես կայունացնելով երկհարկանի շինությունը: «Դա արվել է ժամանակավոր, բայց ոչ 27 տարվա համար,-ասում է Կապսի դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյանը,-ուղղակի ինչպես Գյումրու վթարային շատ շենքեր, որ մասնակի ամրացման հաշվին իրենց գոյությունն են մի կերպ պահպանում, այնպես էլ մեր դպրոցը՝ դեռ դիմանում է»:
Սեյսմիկ ծառայությունից 4 տարի առաջ կրկին եկել, ուսումնասիրել են ու հայտնել, որ կառույցը 3-րդ կարգի վթարային է: Դպրոցում անցած տարիներին ոչ մի տեսակի հիմնանորոգում չի կատարվել: Տնօրեն Նելիի Խոջումյանը 2-րդ տարին է՝ ղեկավարում է դպրոցը, ասում է, որ անցած տարի դիմել էին «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությանը՝ տանիքի նորոգման եւ պատուհանները նորով փոխարինելու համար, սակայն ուսումնասիրություններից հետո կազմակերպությունը ստիպված է եղել մերժել:
«Մերժեցին ոչ թե նրա համար, որ չուզեցին անել, այլ պարզապես անհնար էր՝ գումարների վատնում կլիներ,-բացատրում է Նելլի Խոջումյանը,-շենքի պատերն էն վիճակում են, որ ձեռք տալ հնարավոր չէ, գործ անել հնարավոր չէ: Մեզ ասացին, որ սկսեն աշխատանքները՝ հնարավոր է պատերը փլվեն»:
Դասասենյակները երկրաշարից հետո մինչեւ օրս ջեռուցվում են սոլյարայուղի վառարաններով: Օրվա չափաբաժինը յուրաքանչյուր դասարանի համար 3,3 լիտր է: Աշխատում են դասարաններում ապահովել պահանջվող 18 աստիճան ջերմությունը, թեեւ շենքի հյուսիսային հատվածներում 16 աստիճանը չի գերազանցում: Արեւային օրերին դասասենյակներում ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 24 աստիճան:
«Ինչքան էլ տաքացնենք, պատերի ճեղքերից ու պատուհաններից փչող ցուրտը թույլ չի տալիս ավելի բարձր ջերմաստիճան ապահովել,-ասում է Նելլի Խոջումյանը,-բայց 18 աստիճանն անպայման պահում ենք: Երեխաները տանից հատուկ կարված բարձեր են բերում, որ սառը նստարաններին չնստեն: Ես ինքս ամեն առավոտ, հատկապես ցածր դասարանների երեխաներին ստուգում եմ, թե որքանով են տաք հագնված: Ծնողներին հորդորում եմ միշտ տաք հագցնել, հիմնական հագուստի տակից թեկուզ մի հնամաշ բլուզ ավել, որ երեխաները չհիվանդանան»:
Տարիներ շարունակ նման եղանակով դպրոցի ջեռուցումը կազմակերպելը փոխել է նաեւ երեխաների հոգեբանությունը: «Սոլյարայուղը մեր երեխեքի համար համարժեք է սեւ ոսկուն: Անգամ դեպքեր են լինում, որ հատկացված չափաբաժինը դատարկում են տարայի մեջ ու թաքցնում,-պատմում է դպրոցի տնօրենը,-ասենք՝ տեսել են, որ կողքի դասարանում մարդ չկա, գնացել են ֆիզկուլտուրայի, էդ դասարանի սոլյարայուղը դատարկել, պահել են իրենց համար: Իհարկե, հայտնաբերել ենք, դիտողություն ենք արել, ասել ենք, որ չի կարելի: Բացատրում են, թե՝ ընկեր Խոջումյան, պահել ենք նեղ օրվա համար»:
Կապսի դպրոցը նախատեսված է 300 աշակերտի համար: Ներկայում դպրոց է հաճախում 67 երեխա: Դպրոցը չունի նախակրթարան, գյուղում չի գործում նաեւ մանկապարտեզ: Դպրոցի տնօրենն ասում է, որ շատ կուզենար նախակրթարան ունենալ, սակայն շենքային նման պայմաններում դա անհնար է:
«Չգործող կոյուղի, խցանված սանհանգույցներ, շարժվող միջնապատեր, հատակի մանրատախտակը հազիվ ենք կարողանում պահպանել, էն էլ՝ տեղ-տեղ, անսարք էլեկտրալարեր, պարզ է, որ նման պայմաններում մեզ չէին թույլատրի նախակրթարան բացել,-նկատում է Նելլի Խոջումյանը,-անցած տարի կարողացել եմ էնպես անել, որ գոնե զուգարանները գործեն, թե չէ երեխաները կամ տուն էին վազում դրա համար, կամ էլ մոտակա խանութ էին գնում»:
Անձրեւների ժամանակ կաթում են բոլոր դասասենյակները: Տանիքի որոշ խիստ վնասված հատվածներ նախորդ տարի վերանորոգվել է տնօրենի ամուսնու անձնական ներդրումների շնորհիվ: Դպրոցի բյուջեն 33 մլն դրամ է, որից 900 հազար դրամ է հատկացվում շենքի պահպանության եւ այլ ծախսերի համար: Նելլի Խոջումյանն ասում է` այս տարի ընդամենը 29 հազար դրամի գնում են արել: Դպրոցական սեղան-աթոռները եւս թարմացման կարիք ունեն՝ օգտագործում են 2003-ին դուրս գրված գույքը:
«Գետքի դպրոցի տնօրենից խնդրել եմ, որ մեզ տրամադրեն իրենց դպրոցի հին ապակիները, իրենք նորն են տեղադրել ու հինը, որ վնասված չէ՝ տալու են մեզ: Ես ինքս անձամբ իմ գրպանից 60 հազար դրամ տվել ապակի եմ գնել, որ պոլիէթիլենային թաղանթով պատուհաններ ունեինք, գոնե դրանք փոխեինք: Հիմա հասել եմ նրան, որ բոլոր պատուհանները երկփեղկ ապակի ունենան»:
Տնօրենի փոխանցմամբ՝ դպրոցի խնդրին տեղյակ են եղել մարզը ղեկավարած բոլոր մարզպետները՝ եկել են, նայել, խոստացել ընդգրկել դպրոցների նորոգման կամ կառուցման որեւէ ծրագրում ու հեռացել: Մարզպետ Հովսեփ Սիմոնյանը եւս խոստացել է այցելել դպրոց եւ ծանոթանալ իրավիճակին: Նելլի Խոջումյանն ասում է, որ անցած տարի քաղաքաշինության նախարարությունից երբ հանձնաժողով է եկել ու ծանոթացել խնդրին՝ հիմնանորոգման տարբերակը բացառել են եւ նշել, որ նոր դպրոցի կառուցումն ավելի արդյունավետ է:
«Մեզ այս երկհարկանի շենքը պետք չէ, եթե հաշվի առնենք, որ երեխաների թիվը նվազել է ու ավելանալու դեպքում էլ 100-ը դժվար գերազանցի,-ասում է դպրոցի տնօրենը,-մենք տարածք ունենք, կարող են մի հարկանի ֆունկցիոնալ դպրոց կառուցել, ավելի ուրախ կլինենք: Հիմա խոստացել են 2017թ. ծրագիր մտցնել, բայց էս ամեն ինչը բանավոր խոսակցության մակարդակով է ու չգիտեմ՝ իրականում կլինի՞, թե՞ չէ»:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել