Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց»-ը՝ փափուկ կազմով և հայերեն թարգմանությամբ
ՀարփերՔոլլինս տպագրատունը փափուկ կազմով լույս ընծայեց Կարին Կ. Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց. սպանդ, հիշողություն և հայ-ամերիկյան երազանքի հարյուրամյակ» գիրքը, որը Հովհաննիսյանների ընտանիքի պատմությունն է. Գասպարի՝ Ցեղասպանությունից մազապուրծ ու Անդրանիկի զինվորի, Ռիչարդի՝ պատմաբանի ու հայագիտական ուսումնասիրությունների առաջամարտիկի, և Րաֆֆիի՝ անկախ Հայաստանի հայրենադարձ քաղաքացու և առաջին արտգործնախարարի:
Գիրքը, որը հեղինակի ուղեկցությամբ մեկ տարվա շրջագայության էր դուրս եկել Միացյալ Նահանգներում և Կանադայում, արժանացավ գրաքննադատների գովասանքին: «Հովհաննիսյանն իր յուրօրինակ գրքին տալիս է պատմաբանի խստություն, բանաստեղծի քնարականություն ու հայորդու կիրք»,- գրեց «Նյու Յորք Թայմս»-ի սյունակագիր Սեմյուել Գ. Ֆրիդմանը: «Վաշինգտոն Փոստ»-ից Դեյվիդ Իգնաթիուսը այն անվանեց «ժամանակակից պատմության չուսումնասիրված մեծ էջերից մեկը»:
«Գերդաստան ստվերաց»-ը տպագրվել է նաև հայերեն՝ խմբագիր, գրող և Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ի թարգմանիչ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ 2011թ. սեպտեմբերի 6-ին Երևանում: «Այն իր մագնիսական ուժով ձեզ գրավում է էջ առ էջ»,- շնորհանդեսի ժամանակ նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Հայերեն տարբերակն, ինչպես նաև անգլերեն բնօրինակը, այժմ կարելի է ձեռք բերել Երևանում՝ «Նոյյան Տապան», «Արտբրիջ», «Գրքերի աշխարհ» և «Բյուրոկրատ» գրախանութներից, իսկ Լոս Անջելեսում՝ «Ապրիլ», «Պերճ» և «Սարդարապատ» գրախանութներից: Ամբողջ հասույթը տրամադրվելու է «Օրրան»-ին՝ Րաֆֆի և Արմենուհի Հովհաննիսյանների հիմնադրած բարեգործական կազմակերպությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել