Արմեն Աշոտյան. «Երեխայակենտրոն կրթական միջավայրի ապահովումը ԿԳՆ գերակայությունն է»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին, ով վերջերս է ստանձնել իր առաքելությունը Հայաստանում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԿԳՆ-ի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող ծրագրերին, որոնցից կարևորվել է հատկապես համագործակցությունը ներառական կրթության ոլորտում: Նախարարն ընդգծել է, որ ներառական կրթության ոլորտում Հայաստանը համարվում է տարածաշրջանում առաջատարը, և այս ուղղությամբ մշակվում են նոր ծրագրեր:
ՀՀ ԿԳՆ-ի տեղեկացմամբ՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել բոլոր համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումն ու շարունակականությունը, ինչպես նաև քննարկել նոր նախագծեր:
«Մենք կարևորում ենք նոր և ինտենսիվ որակի համագործակցությունը: Հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց ապագայի համար հուսալի և ամուր հիմքերի ստեղծումը, ինչպես նաև երեխայակենտրոն կրթական միջավայրի ապահովումը կրթության և գիտության նախարարության գերակայությունն է»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Հենրիեթ Արենսին ընդգծել է, որ UNICEF-ի համար կրթության ոլորտն առանցքային է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել