HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Բրիտանացի լրագրող Դեյվիդ Լի. «Կոռուպցիան սահմաններ չունի»

Դեկտեմբերի 6-8-ը Երևանում անցկացվեց «Թվապատում հետաքննություն․ մեդիան ընդդեմ կոռուպցիայի» լրագրողական կոնֆերանսը: Միջոցառման նպատակն էր խթանել հետաքննական լրագրությունը Հայաստանում և ստեղծել մեդիա հարթակ՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կոռուպցիայի դրսևորումներն ու մարդու իրավունքներին առնչվող խնդիրները քննարկելու համար:

 Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած այս կոնֆերանսին հյուրընկալվել էին հայտնի լրատվամիջոցներ և հետաքննական լրագրության կենտրոններ ներկայացնող 16 բանախոսներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լիտվայից, Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Թուրքիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից: Նրանք զեկույցների, ցուցադրությունների և գործնական պարապմունքների միջոցով իրենց փորձն ու ձեռքբերումները ներկայացրին Հայաստանի գործընկերներին:

Հետք»-ը բանախոսների ելույթներից առանձնացրել է առավել հետաքրքիր մտքերը եւ ներկայացնում է ընթերցողի ուշադրությանը: Նրանցից ոմանց հետ հարցազրույցները կհրապարակենք առաջիկայում: Իսկ ելույթների ամբողջական տեսագրությունը շուտով կարող եք գտնել «Թվապատում հետաքննություն» կայքում:   

Բիլ Ալփերթ, Barron’s շաբաթաթերթի ավագ խմբագիր, ԱՄՆ, զեկույցի թեման՝ «Հայերը և մյուսները՝ ԱՄՆ-ի հանրային տվյալների բազաներում»

 «Մեր առաքելությունը ներդրում անողներին խարդախներից պաշտպանելն է: Մենք խորանում ենք թվերի մեջ, վերլուծում դրանք, մտածում դրանց մասին եւ ընթերցողին ասում՝ խելքին մո՞տ են այդ թվերը, թե՞ ոչ»: 

« Barron’s»-ը սակավաթիվ եկամտաբեր շաբաթաթերթերից է, որովհետեւ մենք ընթերցողների փողն ենք պաշտպանում, դրա համար էլ նրանք հաճույքով վճարում են»:

 Ռիտաս Ստասելիս, Եվրոպական հումանիտար համալսարանի խորհրդատու, Լիտվա, զեկույցի թեման՝ «Տեղեկության հասանելիությունը և լրագրողի պատասխանատվությունը»

«Արդյոք մեր գո՞րծն է մարդկանց նստեցնելը, եթե մենք բացահայտել ենք կոռուպցիա: Ոչ, մեր առաքելությունը ճշմարտությունը, արդարությունը գտնելն է»:

«Հետաքննական լրագրությունը պետք է պակաս էլիտար դառնա»:

«Ինտերնետը շատ մեծ հնարավորություններ է ստեղծում լրագրողների համար: Բայց տուժում է լրագրողի կենդանի շփումը աղբյուրների, կոռուպցիայի զոհերի հետ»:

«Այսօրվա մեդիան ամբողջությամբ կախված է ինտերնետի եւ սոցիալական ցանցերի տրանսֆորմացիայից»:

Լուիս Լիֆ, Ամերիկյան համալսարանի Հաղորդակցության դպրոցի հրավիրյալ մասնագետ, ԱՄՆ, զեկույցի թեման՝ «Քաղաքացիների ներգրավման համագործակցային մոդելներ»

«Ամերիկան շատ արագ է փոխվում, ամերիկյան լրագրության աշխարհը՝ նույնպես»:

«ԱՄՆ նախագահի ընտրությունները լուսաբանելիս ԶԼՄ-ները շատ սխալներ թույլ տվեցին, նրանք չհասկացան ժողովրդի տրամադրությունները: Ավելի քան 100 մլն մարդ չի քվեարկել՝ երկրի մոտ կեսը: Սա ամենացածր մասնակցությունն է վերջին 20 տարվա ընթացքում: Եվ ԶԼՄ-ները չհասկացան, թե ինչու՞ մարդիկ չեն օգտվել իրենց հիմնական իրավունքից»:

«Վերջին նախագահական ընտրությունների քարոզարշավը ԱՄՆ-ում աչքի ընկավ կեղծ նորությունների թվի մեծացմամբ՝ մոտ 43%-ը լրահոսի, որի մոտ կեսը Ֆեյսբուքից էր»:

«Ի՞նչ պիտի անի լրագրողը նոր մեդիա էկոհամակարգում, ինչպե՞ս պիտի ավելի արդյունավետ գործի նոր տեղեկատվական միջավայրում: Պատասխանը՝ նոր մոդելներ պետք է գտնել, որտեղ հասարակության մասնակցությունը բարձր լինի: Լրագրության ավանդական մոդելներում հասարակական մասնակցությունը շատ ցածր է»:

Դեյվիդ Լի, Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հիմնադիր անդամ, Մեծ Բրիտանիա, զեկույցի թեման՝ «Միջսահմանային համագործակցությունն ընդդեմ կոռուպցիայի»

«Լրագրողները մրցակիցներ են, մեզ այդպես են կրթում, բայց լրագրողները պիտի համագործակցեն: Գործակցային լրագրությունը հզոր գործիք է կոռուպցիան բացահայտելու համար: Ջուլիան Ասանժի պատմությունը նման գործակցության օրինակ է. առաջին անգամ 5 խոշոր թերթեր համագործակցեցին՝ բրիտանական «Գարդիան»-ը, ֆրանսիական «Լո Մոնդ»-ը, իսպանական «Էլ Պայս»-ը», գերմանական «Դեր Շպիգելը» եւ ամերիկյան «Նյու Յորք Թայմսը»»:

«Երբ աշխատում ենք խոշոր հետաքննական ցանցերի նախագծերում (օրինակ՝ ICIJ-ի), հաճախ չգիտենք, թե որն է մեր աղբյուրը: Աղբյուրը չիմանալը պետական ճնշումներից պաշտպանվելու լավագույն ձեւն է»:

«Ասանժի կամ Սնոուդենի նման հաքերների հետ աշխատելիս շատ ենք խորհում գողացված ինֆորմացիայի մասին: Բայց մենք չենք գողացել այն, մենք չենք վճարել այդ ինֆորմացիայի համար: Հարցնում ենք ինքներս մեզ՝ եթե հանրային շահից է բխում, ուրեմն հրապարակում ենք: Էթիկական խախտում չենք տեսնում ապօրինի կերպով ձեռք բերված ինֆորմացիայի առումով: Այսպես թե այնպես, գործ ունենք արդեն գողացված տեղեկատվության հետ»:

«Անդրսահմանային հետաքննությունների արդյունքն ավելի մեծ է լինում, որովհետեւ հնչեղությունն է մեծ, աղմուկը կտրում-անցնում է երկրների սահմանները»:

Էդիկ Բաղդասարյան, «Հետքի» գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ

«Հետաքննությունները շատ մեծ լսարան չեն ունենում, որովհետեւ մարդիկ չեն ուզում ծանր նյութեր կարդալ»:

«Եթե մարդկանց կյանքում բան չի փոխվում, նշանակում է մենք՝ լրագրողներս, շատ գործ չենք արել»:

«Հետաքննող լրագրողները շատ բան չեն ուզում՝ ուզում են, որ երբ բացահայտում են իրավախախտումներ, մարդիկ պատժվեն: Նրանք, ովքեր կատարել են հանցագործություններ, ովքեր ապօրինի հարստացել են, ովքեր օգտագործել են իրենց պաշտոնական դիրքը եւ զանազան գործարքներ կատարել ի շահ իրենց ընկերությունների: Եթե սա լինի, երկրում փոփոխություններ կլինեն»:

«Հետաքննական լրագրությունը կոնկրետ թշնամի չունի: Մեր թիրախում պաշտոնյաներն են, որովհետեւ նրանք տնօրինում են պետական բյուջեն, որը ձեւավորվում է մեր հարկերից: Մենք ուզում ենք, որ այդ հարկերը նպատակային ծախսվեն»:

Տեքստը՝ Լիանա Սայադյանի

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, Սոնա Քոչարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter