
250 հազարից ավելի ծառ՝ ի նպաստ Հայաստանի և ի աջակցություն կլիմայի փոփոխության դեմ պայքարի
Մինչ Մարաքեշի հանդիպումներին Փարիզի համաձայնագիրը ստորագրած կողմերը վերահաստատում էին իրենց հանձնառությունը՝ իրականացնելու գլոբալ մասշտաբով կլիմայի փոփոխությունը մեղմող գործողություններ, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը շարունակում էր Հայաստանը կանաչապատելու իր 22-ամյա ուղին:
Նախորդ ամիս Մարաքեշում ուրվագծված գործողությունների նպատակն է հնարավորինս խուսափել կլիմայի տագնապալի փոփոխությունից՝ զսպելով գլոբալ տաքացման տեմպերը մինչև 2 աստիճան Ցելսիուսի սահմանում և կրճատելով ածխաթթու գազի արտանետումները: Ինչպես գիտենք, ծառերը կլիմայի փոփոխության գլխավոր պատճառ հանդիսացող ածխաթթու գազի ամենաարդյունավետ կլանիչներն ու կուտակիչներն են:
2016թ. ընթացքում «Էյ Թի Փի»-ն (Հայաստան Ծառատունկ Ծրագիր) տնկել է 263,858 ծառ՝ Քարոլին Մյուգարի կողմից կազմակերպության հիմնադրումից մինչ այժմ տնկված ծառերի ընդհանուր թիվը հասցնելով 5,216,500-ի: Մարաքեշի համաժողովը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ «Էյ Թի Փի»-ն իրականացնում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից միանգամից 9-ը՝ ներառյալ անապատացման դեմ պայքարին ուղղված «Կյանքը ցամաքում» նպատակը:
Այս տարի հանրապետությունում գրանցված եղանակային զգալի փոփոխություներն ու տատանումները Հայաստանում տեղի ունենող կլիմայական փոփոխությունների վառ ապացույցն են: «Գարնանային ծառատունկը ավարտվեց մարտի կեսերին, չնայած այդ ժամանակ մենք նոր-նոր ենք սովորաբար սկսում տնկումները»,- նշեց Անտառվերականգնման բաժնի ղեկավար Նավասարդ Դադյանը՝ հավելելով, որ աշնանային ծառատունկը նույնպես շատ կարճ տևեց:
Այնուամենայնիվ, այս աշնանը անտառվերականգնման մեր տեղամասերը հարստացան կաղնու, հացենու, վայրի խնձորենու և տանձենու ավելի քան 164,584 տնկիներով: Լոռու մարզի Կողես և Տաշիր համայնքներում իրականացվող տնկման աշխատանքներում ներգրավվել են ավելի քան 70 աշխատակից, ովքեր մոտակա գյուղի բնակիչներ էին:
«Եղանակը բավականին տաքացել է», – նշեց Տաշիրի աշխատակիցներից մեկը: «Այս շրջանը Հայաստանի ամենախոնավ վայրերից մեկն էր, բայց այժմ կլիման փոխվել է: Վերջերս նույնիսկ օձեր ենք նկատել տարածքում»:
Կայուն զարգացման կարևորագույն նպատակներից երկուսը՝ աղքատության և սովի նվազեցումը, մշտապես եղել են «Էյ Թի Փի»-ի ուշադրության կենտրոնում: «Էյ Թի Փի»-ի Համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակում պտղատու ծառեր, թփեր և մշտադալարներ են տրամադրվում Ադրբեջանին սահմանակից Տավուշի շրջանի Բերքաբեր, Այգեպար և Չինարի համայնքներին:
«Բերքահավաքի ոսկե օրենքը ավելին ստանալն է, քան տնկում ես»,- նշեց Համայնքային ծառատունկ ծրագրի ղեկավար Արթուր Հարությունյանը՝ ընդգծելով, որ 2016թ.-ի ընթացքում արդեն իսկ ստացվել է շուրջ 437,169 կգ բերք: Բերքատու ծառերի հիմնական տեսակներից էին ծիրանենին, դեղձենին, սալորենին և խնձորենին: Ծառերը բաժանում ենք Հայաստանի գրեթե բոլոր շրջաններին և համայնքերին, իսկ ստացված բերքը տնօրինում են այն ընտանիքները, ովքեր մշակել են»:
Այս աշնանը Համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակում Հայաստանում և Արցախում տնկվել է ավելի քան 30,667 ծառ և ստեղծվել 8 համայնքային փոքր անտառ:
Կամավորների աջակցությամբ այս տարի «Էյ Թի Փի»-ն տնկումներ է իրականցրել պատմական տարբեր վայրերում, այդ թվում Արցախում Տիգրանակերտի և Գանձասարի վանական համալիրի տարածքում, Հայաստանում Բաշ Ապարանի հուշահամալիրի և Վանաձորի տեխնոպարկի տարածքում:
«Էյ Թի Փի»–ն ծատատունկ է կազմակերպում բազմաթիվ կազմակերպությունների հետ: Այս աշնանը Սինոփսիսի, Ասիական զարգացման բանկի, ՖԻՆՔԱ վարկային կազմակերպության, «Էրնսթ Ընդ Յանգ» ՓԲԸ-ի և Ռոտարի ակումբի անձնակազմի և նրանց ընտանիքների հետ տարբեր խորհրդանշական վայերում տնկվել են հարյուրավոր ծառեր:
«Որպես Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցառում՝ մեզ համար շատ կարևոր է համագործակցել նման լուրջ կազմակերպության հետ, որն ունի ոչ միայն տեխնիակական հմտություններ, այլ նաև հստակ առաքելություն և տեսլական: «էյ Թի Փի»-ի տեսլականը Հայաստանի կանաչապատումն է, և մենք ցանկանում ենք դրա մասը կազմել: Հետևաբար այս միջոցառումը միայն մեզնով չի սահմանափակվում. այսպիսով մենք հորդորում ենք մյուսներին ևս միանալ այս կարևոր առաքելությանը»,- ընդգծեց Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը:
Քրիստինե Հովսեփյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել