HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը՝ Վրաստանում. «Այս տարին մեր երկու երկրների միջև համագործակցության ակտիվության առումով աննախադեպ է»

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի: Վրաստանի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահին դիմավորելու պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Միխեիլ Սահակաշվիլու առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև սահմանային համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ արտաքին գործերի նախարարության և Վրաստանի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրություն:

Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Վրաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Միխեիլ Սահակաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Հարգելի բարեկամներ,
Կրկին այցելելով եղբայրական Վրաստան՝ ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Սահակաշվիլիին այս ջերմ ընդունելության համար: Մեր փոխայցելությունների հաճախականությունը ևս մեկ վկայությունն է մեր պետությունների միջև փոխգործակցության բարձր մակարդակի, ինչպես նաև լավ հնարավորություն է արտահայտելու մեր ժողովուրդների միասնությունից բխող փոխադարձ հարգանքը, ես կասեի՝ եղբայրությունը:

Վստահությամբ կարելի է արձանագրել, որ այս տարին մեր երկու երկրների միջև համագործակցության ակտիվության առումով աննախադեպ է: Եվ ես այստեղ, իհարկե, համաձայն եմ պարոն Սահակաշվիլիի հետ, որ վերջին երկու տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրել. կայացել են շուրջ երկու տասնյակ բարձր մակարդակի այցելություններ՝ ներառելով մեր համագործակցության բոլոր ոլորտները՝ կրթություն և սոցիալական հարցեր, էներգետիկա և տրանսպորտ, միջխորհրդարանական կապեր, պաշտպանություն, ոստիկանություն, սահմանային անվտանգություն, և այս շարքը կարելի է երկար թվարկել:

Օրեր առաջ Բաթումիում գումարվեց միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը՝ երկու վարչապետների գլխավորությամբ: Տարվա ընթացքում ստորագրվել է վեց փաստաթուղթ, իսկ այսօր այցի շրջանակներում՝ ևս չորսը: Եվ զուտ այդ իրավապայմանագրային դաշտի առումով մենք հասել ենք շատ բարձր մակարդակի:

Դրանցից կուզենայի առանձնացնել հատկապես Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև սահմանային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Այն թելադրված է երկու սահմանապահ ծառայությունների միջև սերտ փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությամբ և կնպաստի մերձսահմանային գյուղերի բնակիչների խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների կատարելագործմանը: Գաղտնիք չէ, որ շատ տեղերում, ինչպես ասում են, «իրար մեջ ենք ապրում», և խնդիրներ չառաջանալու նպատակով է հենց այսպիսի փաստաթուղթ ստորագրվում:

Քիչ առաջ Վրաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում քննարկեցինք հայ-վրացական համագործակցության գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր: Գնահատանքով անդրադարձանք մեր առևտրատնտեսական համագործակցության դրական տեղաշարժին՝ այս տարվա տվյալներով ավելի քան 20 տոկոսի աճ, թեպետ, պետք է նշեմ՝ այն ֆիզիկական ծավալները, որ այսօր գոյություն ունեն մեր երկու երկրների միջև, ես նկատի ունեմ առևտրաշրջանառության, քիչ են թե Վրաստանի, թե Հայաստանի համար:

Շատ փոքր ցուցանիշ է, և վստահ եմ, որ մենք ունենք խնդիրներ, որոնց լուծման պարագայում, իրոք, կարող ենք ճեղքում ապահովել: Ապրանքաշրջանառության աճը, ներդրումների ընդլայնումը, տնտեսական և գիտատեխնոլոգիական ինտեգրումը մենք դիտարկում ենք որպես մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման կարևոր ուղղություններ:

Առաջնահերթ նշանակություն ենք տալիս նաև Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, անշուշտ, նաև մշակույթը:

Գալիք ամիսներին մենք սկսում ենք Հյուսիս­հարավ լավագույն չափանիշներով ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, որը, միանալով Վրաստանի տարածքում Նինոծմինդա­Բաթումի վերանորոգվող ավտոճանապարհի հետ, հնարավոր կդարձնի Պարսից ծոցից դեպի Վրաստանի նավահանգիստներ բեռների արագ և հարմարավետ տեղափոխումը:

Բնականաբար, Վրաստանում արդեն գիտեն, թե ինչ է նշանակում եվրոպական չափանիշներով ավտոմայրուղի, և կարծում եմ՝ հենց հաջորդ տարի Հայաստանի բնակչությունը կտեսնի այդպիսի ենթակառուցվածքների առավելությունը: Քայլեր ենք ձեռնարկում նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի սինխրոնացման ուղղությամբ: Սա էլ չափազանց կարևոր հանգամանք է:

Հայաստանն ու Վրաստանն իրենց հարաբերությունները կառուցում են բարիդրացիության և երկարատև ու շահավետ համագործակցության ոգով: Մեր համագործակցության կարևոր բաղադրիչն է մեր պետությունների անվտանգության ապահովման, տարածաշրջանում կայունության, ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու շուրջ ծավալված անկեղծ երկխոսությունն ու կոնկրետ, պրակտիկ աշխատանքը:

Քննարկեցինք նաև տարածաշրջանային համագործակցության հեռանկարները՝ միանշանակ արձանագրելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանը և հակամարտությունների կարգավորման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Ես քիչ առաջ՝ բանակցությունների ժամանակ, ասացի, որ ամեն անգամ գալով Վրաստան՝ համոզվում եմ, որ մենք շատ քիչ ենք շփվում: Իմ ցանկությունն է, որ գոնե տարին մի քանի անգամ բոլոր մակարդակի ղեկավարները հանդիպեն, որովհետև դա անհրաժեշտ է ոչ միայն որոշակի խնդիրներ լուծելու համար, այլ անհրաժեշտ է նաև երիտասարդ սերնդին ի ցույց դնելու մեր հարաբերությունների բարձր մակարդակը:

Շնորհակալ եմ Վրաստանի ղեկավարությանը՝ մշտապես բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Ես նաև պարոն նախագահին ասացի, որ մեզ համար երկու-երեք շատ սկզբունքային հարցերում այս տարի մենք առաջընթաց արձանագրեցինք, ինչի համար շատ շնորհակալ եմ թե նախագահին, թե Վրաստանի կառավարությանը: Շնորհակալ եմ այսպիսի մթնոլորտի, մեր հարաբերությունների համար և ուրախ եմ, որ այս մեկ-երկու օրվա ընթացքում ըմբոշխնելու եմ իմ վրացի բարեկամների հարգանքն ու վերաբերմունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter