HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրիի մաքսակետում կանխել են շուրջ 1կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները դեկտեմբերի 6-ին, գիշերը ժամը 03.50-ին Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն:  

ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հայտնում է, որ Թեհրան-Երևան ավտոբուսով Հայաստան ժամանած Իրանի երկու քաղաքացիների ուղեբեռները հենց Մեղրիի մաքսակետում զննության են ենթարկվել, բացահայտվել է կասկածելի ուղևորներից մեկի ճամպրուկի իրական պարունակությունը: Պարզվել է, որ ճամպրուկի կողային հատվածներում առկա կաղապարի անցքերը ծառայեցվել են որպես «մեթամֆետամինի» թաքստոց:

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ: Իրանի 2 քաղաքացիներ նշված կասկածանքով ձերբակալվել են: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու համար: Շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտման, թմրանյութի հնարավոր իրացման կամ Հայաստանի Հանրապետությունից հետագա հնարավոր արտահանման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ամֆետամինների խմբին պատկանող «մեթամֆետամինը» բավականին մեծ պահանջարկ ունի աշխարհում: Այն արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է, որն առաջին անգամ սինթեզվել է 1919 թվականին: ՀՀ Քրեական օրենսգրքով «մեթամֆետամինի» առանձնապես խոշոր չափ է համարվում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը, իսկ, ըստ վերլուծությունների, սև շուկայում թմրանյութի այս տեսակի իրացման գինը տատանվում է 200-300 ԱՄՆ դոլարի շրջանակում: Փորձը ցույց է տալիս, որ թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը մեծ մասամբ բացահայտվում են հայ-իրանական սահմանին: Ընդ որում, մաքսանենգներն ամեն անգամ տարբեր մեթոդներով են փորձում շրջանցել մաքսային հսկողությունը՝ նախապես թաքստոցներ պատրաստելով «թանկարժեք բեռի» համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter