HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Երկխոսության հեռանկարը

Իշխանությունները կատարել են Կոնգրեսի երեք պահանջներից երկուսը, և չեմ կասկածում, որ մայիսի ընթացքում կբավարարեն նաև երրորդը՝ վերջապես ազատ արձակելով դեռևս բանտերում գտնվող քաղբանտարկյալներին։ Այդպիսով հնարավորություն է ստեղծվելու երկխոսելու, բանակցելու, առաջիկա ընտրությունների մասին պայմանավորվելու։ Կան բազմաթիվ գործիչներ, մեկնաբաններ և պարզ քաղաքացիներ, ովքեր այդ ամենի մասին խոսում են հանդիմանական շեշտերով՝ մեղադրելով ՀԱԿ–ին «անսկզբունքայնության» մեջ։ Ճիշտն ասած, ես չեմ հասկանում, թե որն է այստեղ «կրիմինալը»։ Ավելի լավ կլիներ, որ հակադիր քաղաքական ուժերը իրար նկատմամբ «ջիհա՞դ» հայտարարեին։ Ի դեպ, վստահ եմ, այն, որ քաղաքակիրթ երկրներում լուրջ քաղաքական պրոցեսներն ընթանում են խաղաղ և անցնցում, նույնպես որոշակի պայմանավորվածությունների արդյունք է։

Առավել արմատական հայացքներ ունեցող ընդդիմադիրներն այսօր քննադատում են ՀԱԿ-ին' ասելով' «բա ո՞ւր մնաց ավազակապետությունը կազմաքանդելու խոստումը»:

Պատասխանեմ' մնաց նույն տեղում, որտեղ գտնվում են մնացած բոլոր նախընտրական կարգախոսները, օրինակ' «Ձևավորենք միջին խավը» կամ «Առաջ, Հայաստանը»:

Ո՞ր մի սթափ մարդն է լուրջ ընդունում նման բառակապակցությունները: Ավազակապետությունը չի կազմաքանդվի ոչ հեղափոխությամբ, ոչ ընտրություններով' արտահերթ թե հերթական, ոչ ներկայիս նախագահին առաջին նախագահով փոխարինելով' ոչ էլ այդ երկու գործիչների տեղը Մահաթմա Գանդիին կամ Նելսոն Մանդելային դնելով:

Պարզապես պետք է անկեղծ լինել և արձանագրել, որ Հայաստանում, բացի ավազակապետությունից, ոչ մի այլ ռեժիմ չի եղել' ոչ միայն վերջին 20 տարվա ընթացքում, այլև դրանից առաջ:

Այդ ռեժիմը ստեղծել են ոչ թե կենտկոմներն ու ռայկոմները, ոչ թե նախագահներն ու նախարարները, ոչ թե ՀՀՇ-ն կամ ՀՀԿ-ն: Ինչպես ասում էր Բուլգակովի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկին' «ավերածությունները մեր գլխներում են»: Ճիշտ նույն ձևով' ավազակապետությունն էլ մեր ուղեղում է' դրա հիմքը մեր վերաբերմունքն է պետության և օրենքի նկատմամբ: Այդ ռեժիմը կերտողները, եհտևաբար, մենք ենք' մենք բոլորս:

ՀԱԿ-ը անում է այն, ինչ կարող է: Եթե Կոնգրեսին հաջողվի իշխանության հետ համատեղ անցկացնել խաղաղ ընտրություններ, որոնց արդյունքները քիչ թե շատ ընդունելի կլինեն քաղաքացիների մեծամասնության համար, դա կլինի թեև փոքր, բայց կարևոր քայլ հասարակական մթնոլորտը փոխելու ուղղությամբ: Այդ դեպքում հնարավոր է, որ մեր գլխներում սկսվի ինչ-որ բան փոխվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter