Չնայած պայմանավորվածությանը՝ Արամի 30 շենքի տարածքի մի մասն արդեն ցանկացապտվել է
Նոյեմբերի 24-ին Երևանի հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց քաղաքի հին ու սիրված անկյուններից մեկը՝ քանդման վտանգի տակ գտնվող Արամի 30 շենքը: Շենքի պահպանությանն ուղղված հախուռն միջոցառմանն այցելեցին նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և Երևանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը:
Հաջորդ օրը քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում շահագրգիռ քաղաքացիների, նախագծող ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանի, ինչպես նաև վերոհիշյալ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում մանրամասն կերպով ներկայացվեցին բոլոր մասնակիցների փաստարկները: Թե պարոն Գյանջումյանը, թե ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանն ու Հրաչիկ Պողոսյանը սրտացավորեն մոտեցան հարցի քննությանն ու կարծիք հայտնեցին, որ Արամի 30-ը հին Երևանի մնացած արժեքավոր պատմամշակութային շենքերից է:
Կառուցողական քննարկման արդյունքում ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը պատրաստակամություն հայտնեց 7-ից 10-օրյա ժամանակահատվածում ներկայացնել այլընտրանքային նախագիծ, որի արդյունքում հնարավոր կլինի պահպանել Արամի 30 շենքը: Նախագիծը այնուհետև պետք է քննարկվի Երևանի քաղաքաշինական խորհրդում:
Ի հեճուկս քաղաքային իշխանությունների և քաղաքացիական շահառու կողմերի միջև ձեռք բերված վերոհիշյալ պայմանավորվածությանը՝ այսօր Արամի 30 շենքի տարածքի մի մասն արդեն ցանկապատվեց:
Մենք պահանջում ենք, որ քաղաքային իշխանությունները հավատարիմ կմնան իրենց խոստմանը և հանրության առջև հաշվետու վերաբերմունքի սկզբունքներին:
«Արամի խաչմերուկ» շարժումը տեղեկացնում է Երևանի հանրությանն այս պայմանավորվածության մասին և կոչ անում բոլորիս՝ երևանցիներին, ճարտարապետներին և քաղաքային իշխանություններին, համատեղ ջանքերով պահպանել Արամի 30 շենքը:
Մենք համոզված ենք, որ սրտացավ վերաբերմունքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել Երևանի համար դրական լուծման:
Հինը քանդելով՝ նորը անհիմն է: Պահպանենք մեր արժեքները:
«Արամի խաչմերուկ» շարժում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել