HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզում 2016թ. հիմնանորոգվել է 28 կմ ճանապարհահատված

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել են Երևան-Սևան-Իջևան միջպետական (Մ-4) ավտոճանապարհի 7,17 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:

2016 թվականի պետբյուջեի ֆինանսավորմամբ այս հատվածում վերականգնվել է ճանապարհի գրեթե 80 հազար քառակուսի մետր մակերեսի ասֆալտբետոնե ծածկը, տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ:

Նախարարությունը հավաստիացնում է, որ ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության վերահսկողությամբ: Աշխատանքի ողջ ընթացքում կատարվել է հսկողություն պատվիրատուի և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության կողմից:

«Աշխատել ենք համատեղ, որպեսզի անհրաժեշտ որակն ապահովենք»,- նշել է հիմնանորոգումն իրականացնող «Խաչհար» ՍՊ ընկերության փոխտնօրեն  Միհրան Զաքարյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը հայտնել է, որ սահմանված է 3 տարվա երաշխիքային ժամկետ:

«Եթե այդ ժամկետում ի հայտ գան թերություններ, շինարարն իր հաշվին այդ թերությունները կվերացնի»,- պարզաբանել է Է. Սարգսյանը:

Սևան քաղաքն ափամերձ շրջաններին կապող ճանապարհն անցնում է միջպետական մայրուղով: Քաղաքի բնակիչներն ու ամռանը Սևանում հանգստացողներն ափին հասնելու համար ստիպված էին հատել արագընթաց ճանապարհը: Արդյունքում այս վայրում վրաերթի բազմաթիվ դեպքեր էին գրանցվում: Բնակիչների անվտանգ անցուդարձն այսուհետև կապահովի նորակառույց վերգետնյա անցումը, որը ևս ներառված էր հիմնանորոգման այս տարվա ծրագրում:

Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհի 67,5 կմ-ում՝ Սևանի թերակղզու մոտակայքում, հեղեղումների պատճառով փլուզված 31 մետր հատվածը նույնպես հիմնանորոգվել է: Մասնավորապես, վերականգնվել է հողային պաստառը, կառուցվել է գաբիոնային հենապատ:

Եկող տարվա բյուջեով նախատեսվում է 2 միլիարդ 900 միլիոն դրամ ներդնել այս ճանապարհի մնացած հատվածներում ևս հիմնանորոգում իրականացնելու համար:

«Առաջիկայում նախատեսում ենք հայտարարել մրցույթներ, ընտրել ճանապարհի այն հատվածները, որոնք խիստ քայքայված են: Հաջորդ տարի ևս կկատարվեն  հիմնանորոգման աշխատանքներ»,- ասել է Էմիլ Սարգսյանը:

Ընդհանուր առմամբ 2016 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում պետբյուջեի և Համաշխարհային բանկի 4 միլիարդ 340 միլիոն դրամի համաֆինանսավորմամբ հիմնանորոգվել է 28 կմ ճանապարհահատված, վերակառուցվել են ճամփեզրի մի շարք փլուզված հատվածներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter