Երևանում ավտոբուսները կավելանան 300-ով, իսկ միկրոավտոբուսները կպակասեն 800-ով
Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի հիմնական ուղղություններն ու ռազմավարությունը:
Քաղաքապետի խորհրդական Արտաշես Առաքելյանը նշել է, որ երթուղային նոր ցանցը մշակվել է գործող ցանցի հետ համեմատական վերլուծությունների հիման վրա՝ հաշվի առնելով նաև միջազգային տարբեր կառույցների իրականացրած մոնիթորինգի արդյունքները:
Նոր ցանցի հիմնական ռազմավարությունը մայրաքաղաքի կենտրոնական փողոցները բեռնաթափելն ու միկրոավտոբուսներից ավտոբուսներին աստիճանական անցում կատարելն է: Ըստ այդմ, եթե այսօր 30 երթուղիներում փաստացի շահագործվում է 350 ավտոբուս, ապա նոր ցանցում ավտոբուսային երթուղիների թիվը նախատեսվում է ավելացնել 16-ով, իսկ ավտոբուսների թիվը՝ 300-ով:
Նոր ցանցով նախատեսվում է զգալիորեն կրճատել միկրոավտոբուսային երթուղիները՝ 109-ից հասցնելով 75-ի: Համապատասխանաբար շուրջ 800 միավորով կնվազի միկրոավտոբուսների քանակը: Առաջարկվող նոր ցանցը նաև միտված է երթուղիների առավել արդյունավետ շահագործմանը, ինչին, ի թիվս այլ գործոնների, կնպաստի երթուղու աշխատանքում միջակայքերի պաբերականության նվազեցումը:
Տարոն Մարգարյանը աշխատանքային խմբին հանձնարարել է երթուղային նոր ցանցում հատուկ ուշադրություն դարձնել հասարակական տրանսպորտի հատկապես առավոտյան և երեկոյան ժամերի աշխատանքին, որն այս պահին գոհացուցիչ չէ:
«Երևանցիների դժգոհությունը հիմնականում առավոտյան 8:30-ից մինչև 10:00-ի և երեկոյան 18:00-ից մինչև 21:00 ժամանակահատվածում իրականացվող տրանսպորտային փոխադրումներից է: Երթուղային ցանցն անհրաժեշտ է այնպես կառուցել, որ քաղաքացիները երթևեկության ծանրաբեռնված ժամերին երթևեկելու դժվարություններ չունենան»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ աշխատանքային խմբին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում շտկել բացթողումներն ու երթուղային նոր ցանցի հավանության արժանացած տարբերակը ներկայացնել հանրային քննարկման:
Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են քաղաքապետի խորհրդականներ, քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ընկերությունների և Երևանի հասարակական տրանսպորտի կառավարման հանձնաժողովի անդամներ, անկախ փորձագետներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել