HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մտավորականների կոտրված գերեզմանաքարերն ու հափշտակված դիմաքանդակները՝ Երևանի քաղաքային պանթեոնում

Կոմիտասի անվան և Երևանի քաղաքային պանթեոններում ամփոփված են մշակութային, հասարակական-քաղաքական անվանի գործիչների մարմինները։

Կոմիտասի անվան պանթեոնը բարեկարգ, խնամված վիճակում է, իսկ Երևանի քաղաքային պանթեոնում մտավորականներից շատերի գերեզմանները անմխիթար վիճակում են. գերեզմանները և դրանց շրջակայքը աղբով են պատված, կոտրված են մետաղյա հուշարձանները, վնասված՝ հուշաքարերը։

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Սուքիասյանը,  անդրադառնալով քաղաքային պոնթեոնում տիրող իրավիճակին, ասում է, թե այդ տարածքում բավականին հաճախ  են աշխատանքներ իրականացնում, հետևում են գերեզմանատան մաքրությանը։

Սակայն, նրա դիտարկմամբ՝ գերեզմանատունը շատ մեծ է, և մեկ պահակը չի կարող հսկել այն։ Կարծում է՝ նման իրավիճակներից խուսափելու համար, ինչպես Կոմիտասի անվան պանթեոնում, այստեղ ևս ոստիկանությունը պետք է հսկի տարածքը, քանի որ քաղաքային պանթեոնում հուշաքարերը և դիմաքանդակները կոտրվում և հափշտակվում են գիշերով։ Սուքիասյանը պնդում է, որ հսկողությունը խստացնելու և պահակների թիվը մեծացնելու համար ՀՈԱԿ-ը ֆինանսական միջոցներ չունի, հազիվ կարողանում են  հոգալ առաջնային պահանջները։

«Որքան էլ հսկում են, պսակներից հավաքված այդ թափոնները լցնում են գերեզմանոցների հատվածում։ Այնտեղ շուտ-շուտ մաքրվում է և այնպես չէ, որ աղբանոց կամ վատ վիճակ է»,-ասում է նա։

Տնօրենի հաղորդմամբ՝ կատարված գողությունների բացահայտման համար մի քանի անգամ դիմել են ոստիկանություն, սակայն կոտրված հուշաքարերի առկայությունը նա պայմանավորում է նաև բնության «գործոնով», ասում է՝ վերջին շրջանում ուժեղ քամու պատճառով 80-100 հուշաքար էր շրջվել և կոտրվել։ 

Ա. Սուքիասյանը ստեղծված իրավիճակի «մեղավոր» է համարում նաև մահացածների հարազատներին, ովքեր գերեզմանոցի խնամքի պատասխանատուն են և պետք է պարբերաբար այցելեն իրենց հանգուցյալների շիրմաքարերին։ Իսկ եթե քամին է կոտրում հուշաքարը, գերեզմանոցի տնօրինությունը պատասխանատու չէ։

Մտավորականների կոտրված հուշաքարերը և քանդակները վերանորոգելու համար «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը, տնօրեն Արմեն Սուքիասյանի ասելով, միջոցներ չունի։

Կենտրոնական գերեզմանատան հսկիչ ԿարենԽաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս՝ ամռանը, Երևանի քաղաքապետի հրամանով քաղաքային պանթեոնի շատ գերեզմաններ վերանորոգվել են։ Իսկ այս պահին վնասվածները, ըստ նրա, վերջին երկու-երեք ամիսների ընթացքում են եղել։

«Գերեզմանատունը չունի պահակ, որ պահակություն անեն, հսկեն։ Գերեզմանատունը չունի հավաքարար։ Կան կանայք, ովքեր գերեզմաններ են մաքրում, բայց մեր աշխատողները չեն»,-ասում է հսկիչը։

Նաև հավելում է, որ գողությունների փաստերով շատ են դիմում ոստիկանություն, ունեն դեպքեր, երբ բացահայտվել է հափշտակություն կատարած անձանց ինքնությունը։

Խաչատրյանը չի պատկերացնում, թե ինչ հսկողություն պետք է սահմանվի այդ 85 հեկտար տարածքի համար, սակայն հավաստում է, որ մինչ ժամը հինգ-վեցը իրենք՝ մի քանի աշխատակիցներով և որոշ բանվորներ, փորձում են ապահովել տարածքի հսկողությունը։

Քաղաքային պանթեոնում կատարված գողությունների և հասցրած վնասի վերաբերյալ մեր հարցմանը ի պատասխան՝ ոստիկանությունից տեղեկացրեցին, որ Էրեբունու բաժնի կողմից սպասարկվող՝ Երևանի քաղաքային պանթեոնից այս տարվա հունվարի 28-ից մինչ մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գաղտնի հափշտակել է Վ. Քոչարյանի շիրմաքարի վրա ամրացված՝ 10.000 եվրոյին համարժեք 5.451.800 ՀՀ դրամ արժողությամբ բրոնզե կիսանդրին։ Փաստի առթիվ նույն թվականի մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի վարչական շրջանի քննչական բաժնում առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու հանգամանքով հարուցվել է քրեական գործ, որն էլ հունիսի 25-ին կասեցվել է՝ մեղադրյալի բացակայության պատճառով։

Իսկ 2014-2016թթ. ընթացքում Երևանի քաղաքային պանթեոնի շիրմաքարերի վնասման, գերեզմանների կիսանդրիների (արձաններ) հափշտակությունների վերաբերյալ, համաձայն ոստիկանության հաղորդման, Էրեբունու ոստիկանական բաժանմունք այլ դիմումներ (բողոքներ) և (կամ) հաղորդումներ չեն ստացվել, այդ կապակցությամբ նյութեր չեն նախապատրաստվել։ Այլ տարիների վերաբերյալ տեղեկություններ ոստիկանությունը չունի։

Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին փոխանցված տվյալների համաձայն՝ 2015-2016թթ. ընթացքում գերեզմանների շիրմաքարերը վնասելու, գերեզմանների կիսանդրիների /արձանների/ և այլ առարկաների հափշտակությունների վերաբերյալ քննվելէ 16 քրեական գործ, որից 10-ը` 2015 թվականին, ընդ որում՝ դրանցից 2-ը հարուցվել է 2014 թվականին, սակայն ընթացքը լուծվել է 2015-ին:

 ​2015-2016թթ. ընթացքում 11 քրեական գործ քննվել է դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու, իսկ 5 գործ՝ գողության հատկանիշներով։

Նշված քրեական գործերից 14-ի վարույթը կասեցվել է՝ մեղադրյալի բացակայության հանգամանքով, 1 գործով 1 անձ դատապարտվել է կալանքի, իսկ 1 գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter