Ըստ ՄԽ համանախագահների՝ անհրաժեշտ են շփման գծի միջադեպերի միջազգային հետաքննության մեխանիզմներ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Բեռնար Ֆասիեն ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին, ում Սեյրան Օհանյանը շնորհավորել և մաղթել է արգասաբեր աշխատանք:
Հանդիպման ընթացքում համանախագահները Հայաստանի պաշտպանության նախարարին են ներկայացրել ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացի ընթացքը և ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը՝ միաժամանակ նշելով, որ շփման գծում արձանագրվող միջադեպերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ներդնել միջադեպերի միջազգային հետաքննության գործուն մեխանիզմներ:
Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում՝ նշելով, որ ադրբեջանական դիպուկահարների սադրանքները վտանգում են հակամարտության կողմերի միջև փոխվստահության մթնոլորտ ձևավորելու Մինսկի խմբի համանախագահների ջանքները:
Այսօր հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում՝ Կայան գյուղի մերձակայքում, տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական դիտարկումը:
Հայաստանյան հատվածից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Մարիուս Պուոձինուսը:
Դիտարկման ընթացքում Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոտքով հատել են հայ-ադրբեջանական սահմանագիծը: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել