Մարգարիտա Գրիգորյան. «Եթե Աշոտյանից ավելի լավ հաղորդում կվարեք, համեցե՛ք»
ԵՊՀ-ն տարեկան ավարտում է լրագրողի մասնագիտություն ստացած 150 ուսանող, մինչդեռ աշխատաշուկայում լրագրողի հաստիքը զբաղեցնում են ոչ թե բուհական մասնագիտացված կրթություն ատացածները, այլ տնտեսագետները, սոցիոլոգներն ու քաղաքագետները:
ԵՊՀ-ի 135 ուսանողների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետ առաջին հայտով ու սեփական նախաձեռնությամբ ընդունվել է 107 ուսանող, երկրորդ հայտով ընդունվել է 28-ը։
Ովքե՞ր են լրագրության ֆակուլտետում սովորողները
Հարցմանը մասնակցած 135 ուսանողներից 90-ը Հայաստանի տարբեր մարզերից են:
90 մարզաբնակներից միայն 12-ն է պատրաստվում ուսումն ավարտելուց հետո վերադառնալ իր ծննդավայր և աշխատել այնտեղ:
Իսկ այն հարցը, թե ավարտելուց հետո արդյոք աշխատելու են ստացած մասնագիտությամբ, 1-ին և 2-րդ կուրսի ուսանողների մոտ խառնաշփոթ առաջացրեց: «Ի՞նչ է նշանակում ավարտելուց հետո աշխատելու եք որպես լրագրող, թե ոչ: Եթե չէինք աշխատելու, ինչո՞ւ ենք ընդունվել հենց այստեղ»,- պատասխանեց նրանցից մեկը: Եվ իսկապես, 1-ին ու 2-րդ կուրսի ուսանողները դասերից ու ֆակուլտետի դասախոսական կազմից գոհ են։
Նույնը չենք կարող ասել երրորդ և չորրորդ կուրսի ուսանողների դեպքում, ովքեր այս տարիների ընթացքում թերահավատ են դարձել ոչ միայն ֆակուլտետի, այլև մասնագիտության նկատմամբ։ Նրանցից կարելի էր լսել՝ «չեմ աշխատելու», «աշխատանք չկա» կամ էլ «քիչ են վճարում» պատասխանները։
«Թերթերում մի քանի ամիս աշխատեցի, ոչ հոնորար տվեցին, ոչ էլ ապագա աշխատանք խոստացան: Անունը դնում են փորձի փոխանակում ու ամբողջ կուրսի հաշվին թերթ են աշխատացնում», -ասաց ուսանողներից մեկը՝ չցանկանալով նշել անունը:
«Արդյոք ֆակուլտետում որակյալ մասնագետներ չեն կարողանում պատրաստել, որոնք աշխատաշուկայում պահանջարկ չունեն»,- հետաքրքրվեցինք ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանից։
«Ես համոզված եմ, որ լրագրողական կրթությունը միայն համալսարանական պատերի ներսում անցկացնել հնարավոր չէ: Խնդիրը փորձում ենք լուծել ուսումնական պլանում դրսից և հեղինակավոր լրատվամիջոցներից դասախոսներ ներգրավելով, ովքեր ուսանողներին կտանեն իրենց հետևից», -ասաց Ն. Մարտիրոսյանը:
Մեդիային լրագրողներ պետք չե՞ն
Հարցն այքան արդիական է ֆակուլտետում, որ մի քանի անգամ ու տարբեր ձևակերպումներով բարձրացվեց նաև վերջերս, երբ ուսանողները հանդիպում-քննարկում ունեցան Հանրային ռադիոյի և հեռուստաընկերության գործադիր տնօրենների հետ: Ուսանողների բարձրացրած գրեթե բոլոր հարցերը նույն թեմայի շուրջ էին. ինչու՞ են լրագրողների հաստիքն անգամ Հանրային հեռուսաընկերությունում զբաղեցնում ոչ մասնագիտական կրթություն ունեցողներն, ու այս պայմաններում ի՞նչ անեն ուսանողները՝ մեղադրեն բուհի՞ն, որ չի ապահովում համապատասխան որակ, թե՞ գործատուին, որ առավելություն է տալիս ոչ մասնագետներին:
«Լրագրող լինելը միայն մասնագիտական կրթություն ստանալը չէ, լրագրող լինելն այլ բան է. օրինակ՝ հաղորդավար լինելու համար անհրաժեշտ է ինտելեկտ, արտաքին տեսք, ինքնավստահություն, խոսքի փայլուն ձև ու որակ»,-հանդիպմանն ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե ներկա գտնվող ուսանող-լրագրողներից մեկն Արմեն Աշոտյանից ավելի լավ կարողանա հաղորդում վարել, թող գա Հանրային հեռուստաընկերություն:
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը ևս պաշտպանեց գործընկերոջ տեսակետն ու ինքն էլ անձնական փորձով փաստեց, որ գործատուն այսօր չի կարևորում ֆորմալ կրթության պարտադիր լինելը. «Որպես գործատու և ղեկավար ես երբեք ֆորմալ կրթության չափորոշիչներին ուշադրություն չեմ դարձրել: Ինձ հետ աշխատել են տարբեր մասնագիտության տեր մարդիկ, երբեք մտքովս չի անցել հարցնեմ՝ արդյոք նրանք ունեն ֆորմալ կրթության փաստաթուղթ, թե ոչ: Անկեղծ ասած՝ դա ինձ համար անհետաքրքիր է այն պատճառով, որ ֆորմալ փաստաթղթի առկայությունը դեռ չի փաստում համապատասխան հմտությունների և գիտելիքների մասին»:
Չնայած բուհական կրթություն ստանալը դեռ չի վկայում մասնագիտական բարձր որակների մասին, բայց, ինչպես ընդգծեց ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը՝ համալսարանն այսօր այն վայրն է, որտեղ ծնվում է իսկական լրագրությունը. «Մարդ որքան էլ գրելու շնորհ ունենա, չի կարող առանց համալսարանական կրթության լրագրող դառնալ, ճիշտ այնպես, ինչպես լավ առաջին օգնություն ցույց տվողը դեռևս բժիշկ չէ»:
Զառա Մանուչարյան, Լաուրա Մամյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել