HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում քաղաքացիական հասարակության հզորացումը երկրի ժողովրդավարական ապագայի ապահովման պայման

Ստեփան Գրիգորյան

Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար

Հայաստանում վերջին երեք-չորս տարիներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ երկրում կա ժողովրդավարական լուրջ ներուժ: Մեծ թվով բողոքի ակցիաները, ինչպիսիք են՝ «Վճարում ենք 100 դրամ»-ը և «Էլեկտրիկ Երևան»-ը, որոնք ուղղված էին հանրային տրանսպորտի գների և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, Սահմանադրական բարեփոխումների դեմ՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի անվտանգության և Երևանում ոստիկանության պահակա-պարեկային գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի, «Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցների բողոքի ակցիաները և այլք, ցույց են տալիս, որ Հայաստանում կա հասարակության մի ակտիվ մաս, ով հասկանում է լուրջ բարեփոխումների, կոռուպցիայի դեմ իրական պայքարի, տնտեսության առանձին հատվածների ապամենաշնորհեցման, ինչպես նաև օլիգարխիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը երկրում:

Այսօր Հայաստանի քաղաքացիներն արդեն հասկանում են, թե ինչ է նշանակում մենաշնորհների առկայությունը, որոնք, արհեստականորեն պահպանելով գազի, բենզինի, նավթի և որոշ պարենային ապրանքների տեսակների (շաքարավազ, ալյուր և այլն) բարձր գները, բառացիորեն ոչնչացնում են երկիրը՝ այն դարձնելով անմրցունակ ոչ միայն Եվրոպայում, այլև հարևան երկրների՝ Վրաստանի, Իրանի և Թուրքիայի համեմատությամբ: Այստեղ կարելի է բերել ասվածն ապացուցող բազմաթիվ օրինակներ: Այսպես, արհեստական ​​խոչընդոտների և մենաշնորհների պատճառով ավիատոմսերի գները Հայաստանում չափազանց թանկ են, ուստի շատ տուրօպերատորներ զբոսաշրջիկներ են բերում Վրաստանի օդանավակայաններով, որտեղ ավիատոմսերի գները մի քանի անգամ ավելի ցածր են: Ցավալի է տեսնել, թե ինչպես է հայաստանյան բիզնեսը հումքի արհեստականորեն բարձր գների պատճառով ստիպված «տեղափոխվում» հարևան երկրներ: Մարդկանց մոտ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ Հայաստանում գազը սպառողներին է հասնում երկու անգամ ավելի բարձր գնով, քան «Գազպրոմի» կողմից Ուկրաինային և Վրաստանին վաճառվող գազի գներն են: Նույն մենաշնորհն է նաև շաքարինը (այս մենաշնորհը վերահսկվում է կառավարությանը մոտ օլիգարխներից մեկի կողմից, ով նաև համատեղությամբ Հայաստանի Ազգային ժողովի անդամ է), ինչը հանգեցնում է ոչ միայն արտաքին շուկաներում տնտեսության այն ճյուղերի անմրցունակությանը, որտեղ օգտագործվում է այդ հումքը, այլ նաև Հայաստանի ներսում սոցիալական իրավիճակի լուրջ վատթարացմանը:

Այսօր շատերը հասկանում են, որ ընտրությունների ժամանակ իրենց քվեն վաճառելով օլիգարխներին կամ կոռումպացված պաշտոնյաներին, հետո ավելի թանկ են հատուցում, քանի որ ընտրվելով տեղական իշխանություններում կամ Ազգային ժողովում՝ նրանք անցկացնում են օրենքներ և որոշումներ, որոնք չեն բխում են ոչ թե հասարակության, այլ իրենց անձնական շահերից: Հիշում եմ՝ տասը տարի առաջ հայ օլիգարխներից մեկը (նույնպես համատեղությամբ Ազգային ժողովի պատգամավոր, ով օտարերկրյա ծխախոտների գլխավոր ներկրողն է Հայաստան) խորհրդարանում մի որոշում անցկացրեց, ըստ որի՝ Հայաստան ներմուծվող ծխախոտի ակցիզային հարկը հանվում է: Այս նորամուծությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանի տեղական գործարաններում արտադրված ծխախոտն արհեստականորեն ավելի թանկ դարձավ, քան արտասահմանյանը: Իսկ դա քիչ ավելի ուշ հանգեցրեց ծխախոտի տեղական արտադրության մեծ մասի փլուզմանը և հազարավոր աշխատատեղերի կորստին:

Այն փաստը, որ Հայաստանի քաղաքացիները գիտեն և հասկանում են այս ամենը, լուրջ աշխատանքի արդյունք է, որը վերջին տարիներին կատարվել է ինչպես հասարակական կազմակերպությունների, փորձագետների, քաղաքագետների, այնպես էլ դեպի ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները կողմնորոշված որոշ քաղաքական կուսակցությունների և նրանց առաջնորդների կողմից:

Հասարակական կազմակերպություններ, փորձագետներ, քաղաքագետներ և երիտասարդության ոչ ֆորմալ խմբեր

Ինչպես հայտնի է, Հայաստանում գրանցված են մոտ 5.000 հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ, սակայն դրանց փոքր մասն է (մոտ 3-5%) անկախ, ովքեր ունեն իրենց տեսակետներն այս կամ այն հարցի շուրջ և այլընտրանք են առաջարկում ամենատարբեր հարցերի շուրջ: Դա վերաբերում է ինչպես տարածաշրջանային, տնտեսական, բնապահպանական և էներգետիկ, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարի, օրենսդրության բարելավման և մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններին: Այնպես որ, այդ հասարակական կազմակերպությունների 3-5%-ն անկախ փորձագետների և քաղաքագետների, ինչպես նաև երիտասարդների ոչ ֆորմալ խմբերի հետ միասին վերջին երեք-չորս տարիների ընթացքում կարողացան լրջորեն փոխել Հայաստանում իրադարձությունների զարգացման հարացույցը: Վստահ եմ, որ Հայաստանի քաղաքական ընտրանու մոտակա նպատակը պետք է լինի այդ հասարակական կազմակերպությունների առաջնորդներին, փորձագետներին, քաղաքագետներին և երիտասարդության ոչ պաշտոնական խմբերի առաջնորդներին իշխանական կառույցներում և խորհրդարանական ինստիտուտներում ներգրավելը: Այսինքն նրանք որոշում կայացնողների վրա ազդող սուբյեկտներից պետք է դառնան որոշում կայացնողներ:

Իսկապես, ժամանակը ցույց տվեց Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և սպառնալիքներին հայաստանյան ներկայիս իշխանության և իշխող քաղաքական ընտրանու՝ համարժեք արձագանքելու անկարողությունը: Ցավոք, Հայաստանի իշխանությունները համարժեք չեն արձագանքում այն ահռելի թվով փոքր և խոշոր խնդիրներին, որոնք ծառանում են երկրի առջև: Բողոքի ցույցերը, որոնք Հայաստանում տեղի են ունենում գրեթե անդադար, մատնանշում են այդ խնդիրներն անհապաղ լուծելու անհրաժեշտությունը: Սակայն մենք դեռ տեսնում ենք իշխանությունների կողմից նմանարկող գործողություններ:

Հիշում եմ, երբ Հայաստանի իշխանությունները խորհրդարանական կառավարմանն անցնելու միջոցով դիմեցին Հայաստանի սահմանադրական կարգի փոփոխմանը (համապատասխան հանրաքվեն տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերին), բերեցին մեծ թվով փաստարկներ` հօգուտ այդ բարեփոխումների: Այսպես, նրանք ասում էին, որ խորհրդարանական կառավարման դեպքում կբարձրանա կուսակցությունների դերը, և հենց նրանք ընտրություններից հետո գործադիր իշխանություն կձևավորեն, և որ բազմակուսակցականությունը կապահովի ժողովրդի հետ կապը և այլն:

Այժմ տեսնենք, թե գործնականում ինչպես են այդ խոստումներն իրականացվել 2016թ. հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ: Հայաստանի այդ քաղաքներում հոկտեմբերի 2-ին ընտրվում էին ավագանիներ, որոնք էլ ընտրություններից հետո ավագանու կազմում մեծամասնության արդյունքներով պետք է որոշեին, թե ովքեր են լինելու այդ քաղաքների քաղաքապետերը:

Այսպես, Վանաձորում ընտրություններից հետո երեք ընդդիմադիր ուժերի, որոնք միասին ստացել էին ընտրողների ձայների մոտ 50 տոկոսը, հաջողվեց դաշինք ձևավորել («Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայկական Վերածնունդը», որոնք կարողացան ընտրություններից հետո համագործակցության հուշագիր ստորագրել), ինչը, ըստ սահմանադրական բարեփոխումների, նրանց ինքնաբերաբար իրավունք էր տալիս թեկնածություն առաջադրել Վանաձորի քաղաքապետի համար: Սակայն իշխանությունը փակ քվեարկության ժամանակ կարողացավ մանիպուլյացիայի միջոցով անցկացնել Հանրապետական ​​կուսակցության թեկնածուին, ով ընտրություններին հավաքել էր ընտրողների ձայների ընդամենը 37%-ը, այսինքն իրենց քաղաքապետին պարտադրեցին քաղաքացիների մեծամասնությանը՝ խախտելով սահմանադրական բարեփոխումների և ընտրական օրենքի տրամաբանությունը:

Նմանատիպ իրավիճակ եղավ Գյումրիում, և այստեղ իշխող Հանրապետական​​կուսակցությանը չհաջողվեց ձեռք բերել ընտրողների ձայների մեծամասնությունը, բայց նրան «օգնեցին» Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝ նվիրելով երկու բոնուսային մանդատ (դա ընտրական օրենքի վիճահարույց մեկնաբանության հաշվին էր): Այսինքն, Վանաձորում և Գյումրիում ընտրությունները ցույց տվեցին, թե Հայաստանի իշխանությունները որքան պատրաստ չեն հարգելու հայ քաղաքացիների ընտրությունը, և, հետևաբար, ունակ չեն համարժեք արձագանքելու ժամանակի մարտահրավերներին:

Ավելի վաղ՝ 2016թ. ապրիլի 17-ին, Հրազդանում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ (այդ ընտրությունները տեղի ունեցան հին ընտրակարգով, երբ Հայաստանի քաղաքացիներն ուղղակիորեն էին ընտրում երկրի քաղաքապետերին): Տարօրինակ կերպով Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ընտրություններին չորրորդ անգամ հաղթանակ տարավ գործող քաղաքապետ, իշխող Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչը: Մինչդեռ այդ կուսակցության նկատմամբ քաղաքացիները շատ լուրջ պահանջներ ունեն: Սա այն դեպքում, որ նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող ընդդիմադիր Սասուն Միքայելյանը ստացավ հսկայական թվով ձայներ, բայց, միևնույնն է, զբաղեցրեց երկրորդ տեղը: Այսինքն, ապրիլին Հրազդանում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, թե Հայաստանի իշխանությունները որքան պատրաստ չեն կամավոր զիջելու իշխանությունը նույնիսկ մի փոքրիկ քաղաքում: Մինչդեռ ժամանակը թելադրում է իշխանության թարմացման և լուրջ բարեփոխումների իրականացման անհրաժեշտություն, այլ ոչ ակտիվ գործողությունների նմանակերպում:

Դրա հետ միասին, տեղական այդ ընտրությունների գործընթացում մենք տեսանք դրական միտումներ, երբ քաղաքների տեղական խորհուրդների կազմերում ընտրվեցին կամ էլ նախընտրական արշավին ակտիվորեն մասնակցեցին ժողովրդավարական բնույթի քաղաքական ծրագրերով հանդես եկող շատ նոր քաղաքական կուսակցություններ («Լուսավոր Հայաստան», «Գալա», «Քաղաքացիական պայմանագիր» և ուրիշներ): Բացի այդ 1990թ.՝ խորհրդարանական ընտրություններից հետո (այն ժամանակ ընտրություններին հայ կոմունիստների նկատմամբ հաղթանակ տարան ընդդիմության, այն ժամանակ՝ Հայոց համազգային շարժման ներկայացուցիչները) Վանաձորի և Գյումրիի ընտրությունները դարձան առաջինը, երբ ընդդիմադիր կուսակցությունները միասին հավաքեցին ավելի շատ ձայներ, քան իշխող Հանրապետական կուսակցությունը, իսկ Վանաձորում՝ հենց քաղաքի ավագանիում, ընդդիմությունն ունի կայուն մեծամասնություն:

Հայաստանի իշխանությունների՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք արձագանքելու անընդունակությունը հատկապես վառ դրսևորվեց 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Նրանք այնքան կաթվածահար էին, որ մարդկանց անվտանգության պաշտպանությունն իրենց վրա վերցրեցին հայոց բանակի ցածր օղակները և կամավորները, իսկ աշխարհում ղարաբաղցիներին քաղաքական աջակցություն ցուցաբերեցին անկախ փորձագետները, հասարակական գործիչները և քաղաքական ընդդիմության առաջնորդները: Կասկածում եմ, որ այդպիսի իշխանություններն ի վիճակի են ինտենսիվ և պատասխանատու բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, ինչպես նաև նոր գաղափարներ հղացնել ղարաբաղյան խնդրի լուծման համար (նշեմ, որ առանձնահատուկ կառուցողականությամբ չի առանձնանում նաև Ադրբեջանի ղեկավարությունը):

Կարծում ենք, որ Երևանում 2016թ. հուլիսի 17-ին զինված խմբով ոստիկանության պահակա-պարեկային գնդի գրավումը (ի դեպ, նրանք պահանջում էին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և նախագահի հրաժարականը) Հայաստանի իշխանությունների՝ վերջին տարիների ընթացքում ոչ համարժեք և ոչ ճկուն գործողությունների տրամաբանական պատասխանն էր: Փաստացի մարդիկ հասկացան, որ Հայաստանում ընտրական ընթացակարգերի միջոցով իշխանափոխությունն անհնար է, որ իշխանությունները չեն ուզում իրապես պայքարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ, ի զորու չեն շտկել քաղաքացիների ծանր սոցիալական վիճակը և այլն: Հենց այդպիսի իրավիճակներում էլ հասարակության առանձին անհատների մոտ  քաղաքական խնդիրներն ուժային միջոցներով լուծելու գաղափար է ծնվում: Պատահական չէ, որ ոստիկանության շենքը գրաված «Սասնա ծռեր» զինված խումբը լուրջ աջակցություն ուներ Հայաստանի բնակչության շրջանում, մինչդեռ ժողովրդավարական հասարակության մեջ նման գործողությունները կդիտվեին որպես անթույլատրելի, ահաբեկչությանը մոտ մի բան: Բայց դասական ժողովրդավարությունից դեռևս հեռու մեր երկրում այս արարքը գնահատվեց որպես բռնապետության դեմ հայրենասերների ապստամբություն:

2016թ. սեպտեմբերին Հայաստանի իշխանությունները, ի վերջո հասկանալով, որ ինչ-որ բան պետք է անել, գնացին կառավարության փոփոխության: Ժամանակը ցույց կտա, թե նոր կառավարությունը կարդարացնի ժողովրդի հույսերի գոնե ինչ-որ մասը, սակայն այն փաստը, որ այն ձևավորվել է առանց լայն քաղաքական և սոցիալական բազային հիմքի (այսինքն նշանակումները կատարվել են նույնիսկ առանց իշխող կուսակցության ղեկավարության հետ խորհրդակցության), արդեն խոսում է հաջողության հասնելու փոքր հնարավորությունների մասին: Ի՞նչ էին սպասում երկրի քաղաքացիները. ակնհայտ է, որ նրանք ցանկանում էին նոր ընտրություններ, որտեղ կընտրվեին նոր քաղաքական ուժեր և անհատներ, իսկ նոր կառավարությունն ընտրությունների արդյունքներով կհենվի երկրի քաղաքական ուժերի, հասարակական առաջնորդների և առաջատար փորձագետների լայն կոալիցիայի վրա: Միայն այս դեպքում կարելի էր հուսալ Հայաստանի իշխանությունների նկատմամբ քաղաքացիների վստահության վերադարձը, և այդ ժամանակ ժողովուրդը պատրաստակամությամբ կներգրավվեր երկրի բարեփոխման գործընթացում: Սակայն ոչ մի նման բան մենք չենք տեսնում:

Այժմ սպասման ժամանակահատված է: Հոկտեմբերի կեսերին Հայաստանի նոր կառավարությունը ներկայացրեց մեծ խոստումներով իր նոր ծրագիրը, սակայն Հայաստանում մարդիկ խոստումներ չեն ակնկալում, այլ գործողություններ, քանի որ իրավիճակը միանգամայն պարզ է այն առումով, թե ինչ պետք է արվի:

Որո՞նք են Հայաստանի քաղաքացիական հասարակության (ՀԿ-ներ, փորձագետներ, քաղաքագետներ և երիտասարդների ոչ ֆորմալ խմբեր) հիմնական խնդիրները ներկա պայմաններում.

  • Մշտական ճնշում գործադրել իշխանությունների վրա (soft power)՝ նրան կոռուպցիայի և մենաշնորհների դեմ իրական պայքարի դրդելու նպատակով:
  • Միջնորդ լինել կառավարության և քաղաքացիների միջև, քանի որ գործող իշխանությունն իր տևական անփոփոխելիության հետևանքով կորցրել է Հայաստանի բնակչության հետ կապը:  
  • Նոր գաղափարների նախաձեռնումը, խնդիրների վերհանումը և ամենատարբեր ոլորտներում ուսումնասիրությունների նախապատրաստումը՝ իշխանության պետական ինստիտուտներին դրանք ներկայացնելու համար:
  • Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունը, քանի որ, ցավոք, վերջին տարիներին իշխանությունները մեծ թվով էներգետիկ, կապի, անվտանգության համակարգերի և երկաթուղային օբյեկտներ են փոխանցել Ռուսաստանին: Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո մենք նաև կորցրել ենք այլ երկրների հետ ազատ առևտրի մեր ինքնիշխան իրավունքը:
  • ԵՄ-ի հետ համագործակցության առաջմղումը, քանի որ Հայաստանում ժողովրդավարության զարգացումն առանց նրա հետ համագործակցության խստորեն բարդացված կլինի: Ինչպես հայտնի է, «Արևելյան գործընկերության» ծրագրում Հայաստանի հետ Եվրամիության համագործակցության շրջանակներում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներգրավումն այս համագործակցության կարևոր պայման էր: Հայաստանի կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Ասոցացման պայմանագրի», նախապատրաստման ընթացքում՝ 2009-2013թթ., շատ հասարակական կազմակերպություններ և փորձագետներ այդ գործընթացում ներգրավվեցին որպես դիտորդներ կամ էլ փորձագետներ: Ամբողջ գործընթացը թափանցիկ էր ողջ հայ հասարակության համար, իսկ քաղաքացիական հասարակության կարծիքը հաշվի էր առնվում ամենաբարձր մակարդակով: Իսկ ահա մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն այլևս չի նախատեսում համագործակցություն քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտների հետ: Նաև Միության շատ անդամների մոտ չկա նման ավանդույթ:
  • Համագործակցություն երկրում ժողովրդավարության ամրապնդման համար պայքարող քաղաքական կուսակցությունների հետ և ժողովրդավարական արժեքների ու սկզբունքների մասին տեղեկատվության տարածում:

Իհարկե, զարգացած ժողովրդավարությամբ երկրներում նշված խնդիրներից որոշները կամ կլինեին ոչ արդիական կամ էլ ուղղակի ոչ անհրաժեշտ: Բացի այդ ճիշտ կլիներ երկրում կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործառույթների տարանջատումը, սակայն դեռևս կոմունիստական համակարգից ժողովրդավարության անցման գործընթացում (և ավտորիտար կոռուպցիոն կառավարման մեջ խրված) գտնվող Հայաստանին պետք են ոչ ստանդարտ լուծումներ: Այսինքն անհրաժեշտ է նպատակամղվածությամբ ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը՝ շեշտը դնելով ժողովրդավարական քաղաքական ուժերի հետ համագործակցության վրա: Հենց անկախ հասարակական կազմակերպությունները, փորձագետները և քաղաքագետները վստահություն ունեն հասարակության մեջ և ​համագործակցելով կուսակցությունների հետ՝ կարող են քաղաքական միջավայրում առողջացնել մթնոլորտը:

Իրականում Հայաստանում քաղաքական կուսակցությունները, այդ թվում՝ ընդդիմադիրների մի մասը, վարկաբեկված  են սկզբունքային կարևոր հարցերում դիրքորոշումների հաճախակի փոփոխության և գործադիր իշխանության հետ փոխզիջումների գնալու հետևանքով: Ինչ արժե այն, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելու համար 2014թ. դեկտեմբերին Հայաստանի Ազգային ժողովում կողմ են քվեարկել գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները (բացառություն է եղել միայն հինգ անդամից բաղկացած «Ժառանգության» փոքրիկ խմբակցությունը): Ուստի անհրաժեշտ է ինչպես նոր քաղաքական ուժերի ստեղծումը, այնպես էլ կուսակցությունների համագործակությունը ՀԿ-ների, փորձագետների և քաղաքագետների հետ: Այդ գործընթացն արդեն սկսվել է, քանի որ «Լուսավոր Հայաստան», «ԳԱԼԱ» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունների հաջողությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ժողովրդավարական հիմքով նոր կուսակցությունների ստեղծումը և նրանց համագործակցությունը տարբեր հասարակական կազմակերպությունների ու փորձագետների հետ: Ի դեպ, «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցական առաջնորդները՝ Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Ազգային ժողովում դեմ են քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը:

Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքական ընտրանին կարող է կիրառել հարևան Վրաստանի օրինակը, երբ 2004թ.՝ «Վարդերի հեղափոխությունից» հետո, երկրի նոր կառավարությունն ու նոր նախագահ Միխայիլ Սաակաշվիլին սկսեցին հասարակական կազմակերպությունների և փորձագիտական ​​համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների ներգրավել պետական ​​կառույցներում կամ էլ իշխանության խորհրդարանական ինստիտուտների աշխատանքներում: Վրաստանում այս նախաձեռնությունը շարունակեցին 2012թ. իշխանության եկած Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանքի» առաջնորդները: 2016թ. հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններում ինչպես «Վրացական երազանքը», այնպես էլ հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումն» իրենց կուսակցական ցուցակներում ընդգրկել էին մեծ թվով փորձագետների և հասարակական գործիչների (օրինակ, նրանք կազմել են «Միացյալ ազգային շարժման» ցուցակի ավելի քան 50% -ը):

Վրացական քաղաքական ընտրանու այս նախաձեռնությունը կարևոր դեր է խաղացել այն առումով, որ այսօր Վրաստանում կոռուպցիայի մակարդակը բավականին ցածր է, իսկ տնտեսության մեջ ակնհայտ է մրցակցություն և մենաշնորհների բացակայություն: Այսօր Վրաստանում տարեկան հանգստանալու է գնում ավելի քան 6 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 5-6 անգամ ավելին է Հայաստանից: Այդ ցուցանիշն ինքնին շատ բան է ասում, այդ թվում և այն մասին, թե ինչ հսկայական գործ է այնտեղ արվել զբոսաշրջիկների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, այդ թվում` ավիատոմսերի և հյուրանոցներում ու հյուրատներում մնալու ցածր գներ ապահովելու ուղղությամբ: Դա անհնար կլիներ ձեռք բերել երկրում առանց կոռուպցիայի և մենաշնորհների դեմ լուրջ պայքարի և առավել ևս՝ առանց քաղաքացիական հասարակության աջակցության: Փաստացիորեն, Վրաստանում հասկացան երկրի քաղաքացիական հասարակության մի մասի՝ որոշում կայացնողների վրա ազդեցություն գործող սուբյեկտից հենց որոշում կայացնող անձանց վերածելու անհրաժեշտությունը:

 

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում»  ծրագիր   (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter