«Հայացք». Վերին Լարսի անցակետում անելանելի իրավիճակ է
Մեր թղթակիցը հեռախոսով կապվեց հայ վարորդների հետ
Ռուս-վրացական սահմանում արդեն երրորդ շաբաթը բեռնատարների խցիկներում լուսացնող հայ վարորդները մեր խմբագրությանը դարձյալ ահազանգեցին իրենց անելանելի վիճակի մասին: Նրանց փոխանցմամբ' 100-110 բեռնատարի համար տուն վերադառնալու հույսն աստիճանաբար մարում է հայկական կողմի անտարբերության պատճառով:
- Օրներս մի կերպ անցկացնում ենք: Հավաքվում ենք իրար գլխի, կրակ ենք անում, հավաքվում շուրջը, որ մի քիչ տաքանանք: Դիզվառելիք էլ չի մնացել, փողի մասին խոսք չկա, բայց դե, ոչինչ, թող ճանապարհ լինի, փողը տնից կուղարկեն: Միակ օգնությունը ստանում ենք ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից. նրանք մեզ ապահովում են սննդով' հաց, տուշոնկա, տաք թեյ, գոհ ենք մարդկանցից, ապրեն նրանք: Ցավալին այն է, որ հայկական կողմից ոչ մի օգնություն չկա, ոչ ոք չի գալիս, չի հետաքրքրվում մեզանով: Հարազատները զանգում-ասում են, որ իբր թե տրանսպորտի նախարարությունը խոստացել է լաստանավերով կազմակերպել փոխադրումը, բայց մինչև հիմա ոչ մի լուր չունենք, Հայաստանից ոչ ոքի չենք տեսել, այստեղ ռուսներից բացի' մեզ ոչ ոք չի օգնում: Օսները մեզ ասում են' եթե ձեր նախագահը խոսի, վրացիները կթողնեն անցնեք: Տեղյակ ենք, որ Սերժ Սարգսյանը պիտի այցելի Վրաստան, տեսնենք, ինչ կստացվի,- խմբագրության հետ հեռախոսազրույցի ժամանակ ասացին վարորդները: Վարորդների փոխանցմամբ' «առատ ձյունն ու անանցանելի ճանապարհներ» ասածը իրականությանը չեն համապատասխանում, քանի որ այս պահին օդի ջեմաստիճանը +1, +2 է, «Սպայկա» կազմակերպության մեքենաներն էլի անցնում էին, թեև արդեն 2 օր է, ինչ դրանք էլ են կանգնած:
Դեռ նոյեմբերի 24-ին խմբագրությունը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական բաժնից տեղեկացրել էր, որ, ինչպես ասում են, ամեն ինչ լինելու է «OK», քանի որ մերոնք նույնպես մտահոգված են խնդրով: Ուստի, որպես պատասխանատու կառույցի' դարձյալ դիմեցինք նախարարությանը:
- Տրանսպորտի և կապի նախարարը խոստացավ բեռնափոխադրող կազմակերպությունների հետ խնդիրը լուծել,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը:- Երեկ ՀՀ նախագահն ու կապի նախարարը մեկնեցին Վրաստան, տեսնենք' հարցն ի՞նչ լուծում կստանա:
Պարոն Դեմիրճյանը դարձյալ մեջբերեց եղանակային պայմանների վերաբերյալ պաշտոնական տվյալները' ձյուն, մերկասառույց, ու նաև հավելեց. «Իրենց հայտնի է, վիճակը կփոխվի դեկտեմբերի 2-ից ոչ շուտ»: Բնականաբար, այս «աչքալուսանքը» չէինք կարող փոխանցել խմբագրությունից «մի կարգին» տեղեկություն ակնկալող վարորդներին:
- Տեղեկություն ունենք, որ դարձյալ առատ ձյուն է տեղացել, որ լեռնային շրջաններում ձյան ծածկույթը գերազանցում է 2 մետրը: Ոչ ոք շահագրգռված չէ մեքենաները պահելու, եթե հնարավորություն լիներ, բեռնատարները վաղուց Հայաստանում կլինեին: Իրավիճակը պայմանավորված է եղանակային պայմաններով, այնպես որ քաղաքական միտումնավորություն չկա, վրացական կողմին պարզապես մտահոգում է հայ վարորդների անվտանգությունը: Ինչ վերաբերում է «Սպայկա» կազմակերպության բեռնատարների ազատ տեղաշարժին, ապա իրենց մեքենաների շարասյան հետ կա նաև քարշակ, որն օգնել է իրենց բեռնատարներին' հաղթահարել ճանապարհը: Այնպես որ, այստեղ խտրականություն չի եղել,- ասաց պարոն Դեմիրճյանը:
Անդրադառնալով ռուսական կողմից հայ վարորդներին ցուցաբերվող աջակցությանը' նախարարության ներկայացուցիչն ասաց, որ աջակցություն են ցուցաբերել նաև հայկական հյուպատոսարանը և հայ համայնքը, որ վրացական կողմն էլ անմասն չէ: «Ներկայումս Վրաստանում գտնվող կառավարական պատվիրակությունը հնարավոր ամեն ինչ կանի խնդիրը լուծելու համար: Եկեք լավատես լինենք»,- խոսքը եզրափակեց Պետրոս Դեմիրճյանը:
Վերին Լարսի անցակետում ցրտահարվող հայ վարորդների համար հայրենիքից «հեռարձակվող» հուսադրող խոսքերն այլևս անիմաստ են. «Մարդ Աստծո, մի բան արե՛ք, գանք-հասնենք մեր ընտանիքներին»:
ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել