
Ծովագյուղի գյուղապետը՝ իր Մերսեդեսի եւ հսկայական վարելահողերի մասին
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակներում թիվ 23 ԸԸՀ ներկայացրած հայտարարագրում գրառել է մեծ թվով անշարժ գույք:
Գեւորգյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ Սեւան քաղաքում եւ Ծովագյուղում, յուրաքանչյուրը՝ 40 քմ մակերեսով, ինչպես նաեւ մեկ կիսակառույց առանձնատուն՝ Ծովագյուղում: Վահրամ Գեւորգյանը համատեղ սեփականությամբ ունի 1200 քմ մակերեսով տնամերձ հողամաս, 0,6 հեկտար մակերեսով վարելահող եւ 0,7 հեկտար խոտհարք: Միանձնյա սեփականությամբ՝ Գեւորգյանը հայտարարագրել է 10 հեկտար վարելահող եւ 12,8 հեկտար խոտհարք: Բոլոր հողամասերը Ծովագյուղ համայնքի վարչական տարածքում են:
«Հետք»-ի հետ զրույցում 32-ամյա Վահրամ Գեւորգյանն ասաց, որ հողամասերը ձեռք է բերել 2005-2006 թվականներին, երբ «բիզնեսով էր զբաղվում»: Խոսքը, ըստ Ծովագյուղ համայնքի 32-ամյա ղեկավարի, անասնապահության մասին է: Գեւորգյանը, իր խոսքով, այդ տարիներին ոչ մեծ անասնապահական ֆերմա է ունեցել եւ կարողացել է որոշակի գույք կուտակել: Նկատենք, որ ըստ պաշտոնական կենսագրության, Վահրամ Գեւորգյանն այդ տարիներին եղել է ուսանող, 2006թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
Ուսումն ավարտելուց հետո Վահրամ Գեւորգյանը միայն պետական պաշտոններ է զբաղեցրել: 2007-2008թթ. աշխատել է Ծովագյուղի գյուղապետարանում որպես գյուղատնտեսության գծով մասնագետ, այնուհետեւ՝ հողաշինարար: 2009թ. աշխատել է համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ, 2011թ.՝ համայնքի ղեկավարի տեղակալ, իսկ արդեն 2012թ. սեպտեմբերի 28-ին ընտրվել է համայնքի ղեկավար:
Ավելի քան 20 հեկտար հողամասերը՝ խոտհարքներն ու վարելահողերը, Գեւորգյանը տրամադրել է հարեւան համայնքների բնակիչներին՝ անասնակեր քաղելու համար: Օգտվողներն էլ, գյուղապետի խոսքով, որպես վարձավճար միայն հողի հարկն են վճարում, ուրիշ ոչինչ:
Հարցին՝ իսկ ե՞րբ եւ ի՞նչ գնով է ձեռք բերել 2002 թվականի «Մերսեդես G500» մակնիշի ավտոմեքենան, որ գրառել է հայտարարագրում, Գեւորգյանը պատասխանեց. «Պապաս է նվիրել, 2012 թվականին»: Ծովագյուղի գյուղապետի հայրը որեւէ բիզնես չունի, պարզապես բնակվում եւ աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում:
Վահրամ Գեւորգյանը հայտարարագրել է նաեւ 1 մլն 440 հազար դրամի չափով եկամուտ՝ ձեւավորված համայնքի ղեկավարի աշխատավարձից, եւ 1,2 մլն դրամի չափով դրամական միջոցներ:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել