Գյուղական համայնքները մասնակցում են առաջին միջազգային բուժքույրական համագումարին
Հայաստանի մանուկներ հիմնադրամի հովանու ներքո գտնվող շահառու գյուղական համայնքները մասնակցեցին Հայաստանում «Վերափոխենք բուժքույրական առաջնորդությունը» խորագիրը կրող առաջին միջազգային բուժքույրական համագումարին:
Հիմնադրամը համագումարի մասնակիցներին և հյուրերին ներկայացրեց իր առողջապահական ծրագիրը' ՀՀ գյուղական համայնքների համապարփակ զարգացման համատեքստում, իսկ հիմնադրամի զարգացման հովանու ներքո գտնվող Մյասնիկյան համայնքի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնի թոքաբանը խոսեց տուբերկուլոզով հիվանդների բուժման և խնամքի ժամանակ առողջության առաջնային պահպանման օղակի բուժքրոջ դերի մասին: Սպասարկելով ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի 15 գյուղական համայնքի մոտ 22,000 ազգաբնակչությանը' «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնը հիմնանորոգվել է Հիմնադրամի բարերար Ջորջ Փակումեանի ֆինանսական աջակցությամբ 2009 թվականին և հանդիսանում է առողջապահական ծառայություններ մատուցող տարածաշրջանի առանցքային կենտրոնը:
Հայաստանում առաջին միջազգային բուժքույրական համագումարի կազմակերպիչներն են Քույրական գործի կազմակերպիչների հայկական ասոցիացիան և Էրեբունի պետական բժշկական քոլեջը' Կրթության գլոբալ զարգացման ինստիտուտի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ: Համագումարը համախմբել է քույրական գործի ճանաչված միջազգային մասնագետներին' ներառյալ աշխարհի լավագույն համալսարանների և քոլեջների անվանի գիտնականներն ու մանկավարժները, ինչպես նաև աշխարհասփյուռ քույրական ասոցիացիաների, ֆորումների և միաթյունների անդամներին:
Համագումարի նպատակն է ստեղծել համաշխարհային գործընկերություններ քույրական գործի ոլորտում' զարգացնելու մասնագիտական կրթությունն ու քույրական գործը, ոլորտի կառավարումն ու քաղաքականության մշակումը: Միջոցառման գերակա խնդիրներից է նաև խթանել առողջապահական ծառայությունների բարելավումն ու նպաստել վերջիններիս ծածկույթի ընդլայմանը' կարևորելով բուժքույրերի աշխատանքը և նրանց' որպես առաջնորդի դերը անհատների, ընտանիքների և համայնքների առողջության որակը բարձրացնելու գործում:
Հայաստանի մանուկներ հիմնադրամի անունից ելույթ ունեցավ Հիմնադրամի առողջապահական ծրագրի դասավանդող Լուսինե Սահակյանը, իսկ ՙՀիսուսի մանուկներ՚ տարածաշրջանային առողջության կենտրոնի աշխատանքները ներկայացրեց թոքաբան Ազատուհի Հակոբյանը: Համագումարի մասնակիցներից էին նաև Հիմնադրամի զարգացման ծրագրերում ընդգրկված այլ' Քարակերտ, Մյասնիկյան, Դալարիկ և Շենիկ գյուղական համայնքների թվով ինը բուժքույր:
«Վերջին տարիներին ՀՀ գյուղական վայրերի զարգացման և գյուղաբնակների շրջանում առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ տարվող Հիմնադրամի շարունակական աշխատանքը տվել է շոշափելի արդյունքներ այն առումով, որ բարելավվել է հաղորդակցությունը բժիշկների և հիվանդների միջև, բարձրացել է բուժաշխատողների պատասխանատվությունը հիվանդների խնամքի և նրանց ուսուցման գործում և, իհարկե, զարգացել են տեղի բժիշկների կարողություններն ու հմտությունները: Եվ այս առումով, այսօրվա կարևորագույն միջոցառմանը մասնակցելու բժշկուհի Հակոբյանի նախաձեռնությունը և իր պատրաստվածության բարձր մակարդակը վկայում են Հիմնադրամի կողմից մինչ օրս Բաղրամյանի շրջանում արձանագրած զգալի հաջողությունների մասին»,- ասաց Լուսինե Սահակյանը:
«Համագումարի քառօրյա աշխատանքներին մասնակցությունը,- շարունակում է տիկին Սահակյանը,-գյուղերում աշխատող բուժքույրերի համար կբացի ոչ միայն մասնագիտական զարգացման նորանոր հնարավորություններ, այլև համայնքային առողջապահության ոլորտում կհզորացնի վերջիններիս դիրքերը' որպես առաջնորդների, կստեղծի փորձի փոխանակման միջավայր և կխթանի հայ քույրերի ինտեգրումը համաշխարհային քույրական ցանցին: Հայաստանի մանուկներ հիմնադրամն ուրախ է կազմել գյուղական առողջապահական ծառայությունների բարեփոխումների կարևոր մասը, ինչն, ի վերջո, կնպաստի բարելավված հանրային առողջապահությանը»:
Ըստ Ազատուհի Հակոբյանի' տուբերկուլոզը լուրջ սպառնալիք է ներկայացնում ողջ աշխարհի, այդ թվում նաև Հայաստանի բնակչության առողջությանը: Ամեն տարի այս վտանգավոր հիվանդությունից մահանում է մոտ 2 մլն մարդ: Ուստի, այսօր խիստ կարևոր խնդիր է հիվանդության տարածման կանխումն ու արդյունավետ բուժումը:
«Այդ պատճառով էլ,-հավելում է բժշկուհի Հակոբյանը,-ավելի է կարևորվում առողջության առաջնային պահպանման օղակում բուժքրոջ դերը տուբերկուլոզով հիվանդների վաղ հայտնաբերման և կանխարգելման գործում, ինչպես նաև պացիենտին և ընտանիքի անդամներին կրթելու, համայնքի անդամների հետ լուսավորչական աշխատանքներ իրականացնելու և հիվանդության վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու մեջ: Վերջերս հիմնանորոգված և վերաբացված մեր առողջության տարածաշրջանային կենտրոնը հնարավորություն է ընձեռում մեր աշխատանքը կատարել հաճույքով և հպարտությամբ' նշանակալի օգուտ բերելով Բաղրամյանի շրջանի մանուկների և մեծահասակների առողջությանն ու բարեկեցությանը»:
«Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնը, որ նվիրված է Անիթա և Քեվօրք Փակումեանների վառ հիշատակին և որի հիմնանորոգման և արդիականացման աշխատանքները հնարավոր դարձան «Փակումեան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ, տարածաշրջանի միակ հաստատությունն է, որն առաջնային և մասնագիտացված բուժօգնություն է տրամադրում Բաղրամյան շրջանի ամբողջ բնակչությանը:
Ի լրումն պատվաստումներին և առաջնային առողջության պահմանման գործունեությանը, կենտրոնում իրենց ծառայություններն են մատուցում ինչպես ընդհանուր պրոֆիլի մասնագետները /ընտանեկան բժիշկներ/, այնպես էլ բազմաթիվ նեղ մասնագետներ /մանկաբարձ/գինեկոլոգ, մաշկավեներաբան, ուռուցքաբան, հոգեբույժ, նյարդաբան, թոքաբան և ակնաբույժ/:
Հիվանդությունների առավել ճշգրիտ ախտորոշման համար կենտրոնում առկա է բիոքիմիական բարձրակարգ լաբորատորիա, ուլտրաձայնային և ռենտգեն հետազոտությունների ծառայություններ: Առաջին հարկում գործում է մեքենայով ապահովված շտապ օգնության ծառայություն: Ի տարբերություն սովորական պոլիկլինիկաների, առողջության կենտրոնում առկա են նաև բազմաթիվ այլ առողջապահական ծառայություններ, ինչպես օրինակ ատամնաբուժարանը, մարզասրահը և դեղատունը:
Բուժքույրական առաջնորդության վերաբերյալ տարաբնույթ հեռանկարներ ի մի բերելու և Հայաստանում քույրերի մասնագիտության առաջընթացին նպաստելու իր առաջնային գերնպատակից զատ' ս.թ. ապրիլի 27-ից 30-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվող բուժքույրական միջազգային համագումարի շրջանակներում կքննարկվեն նաև այնպիսի արդի հարցեր, ինչպիսիք են շարունակական քույրական կրթությունը, քույրական գործի կառավարումը, քույրական ասոցիացիաներին անդամագրվելու և համաշխարհային գործընկերություններ հիմնադրելու միջոցով բուժքույրերի մասնագիտական ցանցերի ստեղծման կարևորությունը, բուժքույրերի դերը մոր և մանկան առողջության, շտապ օգնության և ինտենսիվ խնամքի ժամանակ, երիտասարդների առողջության պահպանման գործում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների, տուբերկուլոզով և հեպատիտով հիվանդների բուժման և խնամքի ժամանակ, ինչպես նաև բուժքրոջ դերը ծերերի և հատուկ կարիքներով մարդկանց խնամքի ժամանակ:
Հայաստանի մանուկներ հիմնադրամ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել