HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Հենց դրոշները գյուղապետարանի կրիշից իջեցնեն, գյուղը քանդվելու է»

ՀՀԿ-ական գյուղապետերը խուճապի մեջ են և դեմ կառավարության՝ համայնքների խոշորացման որոշմանը

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ հաստատվեց Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը, որը քննարկումների երկար ճանապարհ է անցել: Եվ այսպես, 2012 թվականից հանրապետությունում կմեկնարկի մի գործընթաց, որին դեմ է հանրապետության բնակչության և համայնքապետերի մեծ մասը: Շուրջ 3 տարի տևած քննարկումների ժամանակ գյուղապետերը տարածքային կառավարման նախարարության ղեկավարությանը փորձում էին համոզել, որ համայնքների խոշորացումը ճիշտ ճանապարհ չէ: Հատկապես փոքր համայնքների ղեկավարները մշտապես կրկնել են, որ պատրաստ են դժվարությամբ կառավարել իրենց համայնքը, միայն թե այն չմիավորվի խոշորներին և «չկորչի»: Բնակչությունն ու համայնքապետերը միավորվելուն դեմ լինելու իրենց փաստարկներն ունեն, կառավարությունն՝ իրենը: Ի վերջո հաղթեց ուժեղը՝ որոշումն ընդունվեց:

Ըստ հայեցակարգի՝ մեր հանրապետության 915 համայնքներից 442-ը (440 գյուղական և 2 քաղաքային) կամ 48%-ը ունեն 1000-ից պակաս բնակչություն: Ըստ բնակչության թվի՝ ամենամեծ գյուղական համայնքը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքն է (9745 բնակիչ), ամենափոքրը՝ Սյունիքի մարզի Քաշունին (27 բնակիչ): Փաստորեն, ամենամեծ գյուղական համայնքը ամենափոքրից բնակչության թվով մեծ է 360 անգամ:

Հայեցակարգի հեղինակների կարծիքով՝ համայնքների խոշորացումը և միջհամայնքային համագործակցության զարգացումը Հայաստանի համար խիստ արդիական և հրատապ լուծում պահանջող խնդիր է: Ըստ այդմ՝ գործող վարչատարածքային բաժանումը լուրջ և էական խոչընդոտ է հանդիսանում համայնքների կարողությունների ամրապնդման և տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման համար: Գյուղական համայնքներում, հիմնական կենսապահովման ծառայությունների վիճակը գնալով վատանում է, ինչն էլ բերում է գյուղական բնակավայրերից բնակչության լրացուցիչ արտահոսքի: Նախատեսվում է, որ համայնքների խոշորացման արդյունքում էապես կտնտեսվեն ծախսերը:

Առաջին փուլում հայեցակարգի թիրախում հայտնվել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը: Նախատեսվում է Վայոց Ձորի մարզի 44 համայնքների թիվը խոշորացման միջոցով հասցնել 7-ի հետևյալ ճանապարհով՝ Եղեգնաձոր համայնք՝ Ագարակաձորի, Գնիշիկի, Գետափի, Արփիի, Աղավնաձորի, Գլաձորի և Վերնաշենի ընդգրկմամբ, Ջերմուկ համայնք՝ Գնդեվազի ընդգրկմամբ, Վայք համայնք՝ Արինի, Ազատեկի, Արտավանի, Սարավանի, Փոռի, Հերհերի, Կարմրաշենի և Զեդեայի ընդգրկմամբ, Մալիշկա համայնք, Զառիթափ համայնք՝ Բարձրունու, Գոմքի, Խնձորուտի, Մարտիրոսի, Նոր Ազնաբերդի և Սերսի ընդգրկմամբ, Շատին համայնք՝ Աղնջաձորի, Արտաբույնքի, Գողթանիկի, Եղեգիսի, Թառաթումբի, Հերմոնի, Հորբատեղի, Հորսի, Սալլիի, Վարդահովիտի և Քարագլուխի ընդգրկմամբ և Արենի համայնք՝ Խաչիկի, Ելփինի, Չիվայի և Ռինդի ընդգրկմամբ:

«Հայացք»-ը երեկ մարզի համայնքապետերից փորձեց պարզել, թե ինչպես են վերաբերվում խոշորացմանը: Պատահականության սկզբունքով ընտրեցինք համայնքներն ու զանգահարեցինք գյուղապետերին: Պարզվեց՝ նրանց մեծ մասը դժգոհ են կառավարության որոշումից: Վարդահովիտի ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գևորգյանի խոսքով՝ շատ վատ է վերաբերվում այս որոշմանը: «Միավորումն ուրիշ բան է, բայց խոշորացումը, կոպիտ չեմ ուզում ասել... Աշխատում են, որ քանդեն այդ գյուղերը: Էդ իրենց քաղաքականությունն է, այդ ծրագրի հեղինակների քաղաքականությունն է»,- նշեց նա: Ըստ գյուղապետի՝ «Մեր գյուղը բարձրլեռնային գյուղ է, ոչ ոք մարդկանցով չի զբաղվում, ոչ մեկի պետքը չէ: Գյուղում միայնակ ծերեր կան, հիվանդներ, բազմազավակ ընտանիքներ. ո՞վ է զբաղվում նրանց խնդիրներով: Միայն գյուղապետը: Եթե խոշորացնում ենք, պատկերացրեք՝ մի համայնքի ղեկավարը ի՞նչ պետք է անի բոլորին: Եթե դրոշները համայնապետարանի կրիշից իջեցնեն, իմացեք, որ այդ գյուղը քանդվելու է: Իսկ իրենք լուրջ չեն վերաբերվում այդ հարցին»,- նշեց նա՝ հավելելով, որ 268 բնակիչ ունեցող գյուղը կամաց-կամաց կայանում է:

Չիվայի ԲՀԿ-ական գյուղապետ Նաիրի Սարգսյանն էլ փոքր գյուղերի մասին է մտածում. «Մեծ համայնքներն ամեն ինչ ունեն, փոքրերը չունեն: Մեծ համայնքի ղեկավարն է լինում խոշորացված համայնքի ղեկավարը: Իսկ փոքր համայնքներն էլ ամեն ինչից զրկվում են՝ և՛ արտոնությունից, և՛ ամեն ինչից»,- ընդգծեց նա:

Ռինդի ՀՀԿ-ական գյուղապետ Հուսիկ Սարգսյանը նույնպես դեմ է հայեցակարգին:

«Եթե մեզ միանան, կողմ ենք, եթե մենք պետք է միանանք, դեմ ենք: Ամեն գյուղ ունի իր դրվածքը, իր առանձնահատկությունները, ո՞նց կարելի է միավորել»,- նշեց նա: Ըստ գյուղապետի՝ ժողովուրդն էլ միանշանակ դեմ է խոշորացմանը: «Մի բան լինում է՝ մարդիկ գալիս են գյուղապետի մոտ, վաղը մյուս օրը ո՞ւր են գնալու»,- հարցադրում արեց նա՝ միաժամանակ նշելով, որ սա պետական ծրագիր է. «Որ ասում են՝ կանեն»:

Հորսի ՀՀԿ-ական գյուղապետ Շմավորն Ամիրգուլյանն էլ դառը փորձ ունի. «Նախկինում մեր փոքր գյուղը միավորված է եղել Շատինի հետ: Արդյունքում՝ գյուղը հետընթաց է ապրել: Մեր գյուղում ոչ մի շինաշխատանք չի կատարվել, բոլոր ներդրումները կատարվել են մեզանից 10 անգամ շատ բնակիչ ունեցող Շատինում»:

Ամիրգուլյանի խոսքով՝ վերջին տարիներին իր ղեկավարած գյուղից արտագաղթ չի եղել, բնակչության թիվն էլ ավելացել է՝ հասնելով 320-ի: Ըստ նրա՝ թեև գյուղացիները լավ են գիտակցում, որ կառավարության որոշումները չեն քննարկվում, բայց այդ հարցը միշտ քննարկում են և մտահոգված են: «Իհարկե կառավարության որոշումները չի կարելի քննարկել, բայց ժողովրդի կարծիքը կարելի էր հաշվի առնել, չէ՞»,- ընդգծեց նա:

Աղավնաձորի ՀՀԿ-ական գյուղապետ Աշոտ Գալստյանն էլ զարմացած է, թե ինչու են ուզում իր գյուղը միավորել մյուսներին. «Եթե 100 բնակիչ կամ 50 տուն ունեցող գյուղերը խոշորացնեն, ընդունելի է: Ես ոչ մի բանի կարիք չունեմ, որ ասեմ՝ նեղություն եմ քաշել, էդպես չի: Սեփական եկամուտներս ամեն տարի ապահովում եմ: Իմ գյուղում 2100 բնակիչ կա, ակտիվ համայնք է: Որ խոշորացնեն, մի հատ տեղեկանքի համար մարդը ո՞նց է երկար ճանապարհ կտրելու ու հասնելու հարևան համայնքում գտնվող գյուղապետարան: Հետո խնդիրներ կան՝ ո՞ւմ պետք է գյուղապետ ընտրեն, ո՞նց ընտրեն»:

Գնիշիկի ՀՀԿ-ական գյուղապետ Մեսրոպ Մելքոնյանն էլ տեսնում է գործընթացի և՛ դրական, և՛ բացասական կողմերը: «Դրական է այն, որ համայնքների բյուջեն կկենտրոնացվի ու կավելանա: Հուսանք, որ դրանով գոնե մի 3 տարվա մեջ մի խոշոր ծրագիր կիրականանա: Բացասականն այն է, որ ով գիտի, թե վարչական կենտրոնը որտե՞ղ է կլինի: Գյուղապետն ու գյուղապետարանն այն կենտրոնն են, որոնց վրա մարդիկ հույս են դնում, ցանկացած մտահոգություն կիսում են գյուղապետի հետ: Եթե վաղը գյուղացին խնդիր ունենա, հերիք չէ՝ խնդիր ունի, մյուս խնդիրն էլ պետք է լինի այն, որ 10-15 կիլոմետր պետք է կտրի, գնա-հասնի Արենի, Աղավնաձոր, չգիտեմ ուր: Այսինքն՝ գյուղացու հոգսը կրկնապատկվում է: Մեր պետությունն այնքան չի զարգացել, որ գյուղացին խնդիր չունենա ու անընդհատ չդիմի գյուղապետարան: Այսօր եթե մարդն իր կնոջ հետ յոլա չի գնում, գալիս է գյուղապետի մոտ, ասում է՝ արի գնանք մի հատ էդ հարցը լուծի, էլի...»,- դժգոհեց նա: Բացի այդ, Մեսրոպ Մելքոնյանի խոսքով, գյուղապետարանների կրճատված աշխատակցիները կդառնան գործազուրկ ու կարտագաղթեն. «Դա այն խավն է, որը պոտենցիալ ուժ ունի և պետք է այս երկրին»:

Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը և՛ դրական, և՛ բացասական տարրեր է տեսնում այս հայեցակարգում. «Խոշորացման առավելությունն այն է, որ գումարը կկենտրոնացվի, տեսանելի ծրագրեր կիրականացվեն: Զուգահեռ՝ դժվարություններ կառաջանան: Հիմա մեր համայնքում աղբահանություն ենք անում: Խոշորացվելուց հետո տվյալ գյուղերը լինում են մեր համայնքի մի թաղամասը, այսինքն՝ պետք է նույն ծաառայությունն այնտեղ էլ կազմակերպենք: Գործը դժվարանում է»,- նշեց Վայքի քաղաքապետը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter