«Ես լուսանկարիչ չեմ, բայց սիրում եմ նկարել»
Սուրեն Սարումյան
Մենավոր ծառը` Ստեփանակերտ-Մարտակերտ մայրուղու ճամփեզրի դաշտում: Դեպի ծառն ուղղորդող խոտերի գրեթե կանոնավոր շարքը մշտապես ունի անփոփոխ տեսք, նույնիսկ ձմռանը:
Այդ օրը առատ ձյուն էր տեղացել և Գանձասար կարողացանք բարձրանալ միայն ոտքով: Համատարած ճերմակության մեջ ասես ճախրող ցայտաղբուրն ու պարսպի պատերը տեսնելով՝ որոշեցի փորձել փոխանցել տեսարանի սյուրռեալիստական ոգին:
Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհին:
Տողասարի և նրանից հետո շերտ-շերտ մինչ Քիրս հանրահայտ լեռը հասնող սարերի ուրվագծերն արևի նկարահանմանը հակընթաց լույսի շնորհիվ շնչում էին խորհրդավորությամբ: Մնում էր հանել ֆոտոխցիկը և որսալ լույսի խաղի արդյունքում ստացված պատկերը:

Արցախ որոշել էի մեկնել Սելիմի լեռնանցքով: Ճանապարհը փոքր -ինչ երկարեց, սակայն Սևանի վրա ընկնող արևի շողերն ու թռչունների սրընթաց երամը հնարավորություն տվեցին ստանալ այս լուսանկարը:

Զարմիկս՝ Արեգը, ուրախացած վազվզում էր դաշտերով: Նկատելով, որ տարօրինակորեն ոլորված թուփը օղակում է վազող Արեգին` խնդրեցի մեկ անգամ ևս վազել և հասցրեցի լուսանկարել նրան:

Տումի գյուղում գտնվող այս փլատակներն ու ճղակտոր ծառն անգամ լուսանկարելիս ստիպում էին մտածել մեր պատմության ու ներկայի զիգզագների մասին:

Ասես երկնքից կախված ճոպանը, մշուշը, թփերն ու ֆոտոխցիկի օբյեկտիվին ընկնող անձրևի կաթիլները ստեղծում են կոմպոզիցիայի սյուռեալիստական տրամադրությունը:

Հոնուտի կիրճի թթենիներն ու այդ անմարդաբնակ վայրում չգիտես թե ում պետք եկած վառելափայտի կոճղերը:

Աշնանային մռայլ օրվա արևի շողերը երկինքը պատած ամպերի միջով իրենց համար ճանապարհ են գտնում։ Հադրութի շրջան:

Լույսին հակառակ նկարելը հաճախ բավականին բարդ խնդիր է թե լուսանկարչի, թե նրա սարքավորման համար: Սակայն արդյունքում ստացվում են առօրեականից տարբերվող լուսանկարներ: Ծառաշարքն աճում է Ստեփանակերտի մատույցներում:

Խաչենի ջրամբարն արցախցի ձկնորսների սիրելի վայրերից մեկն է:

Վանքասարը, նրա գագաթին գտնվող Վաչագան Բարեպաշտի եկեղեցին ու նրա փեշերին պեղված Տիգրանակերտը Արցախ այցելող զբոսաշրջիկների հիմնական նպատակակետերից են, սակայն այս ռակուրսից Վանքասարը հայտնի է միայն այդ տարածքում բնակվող հովիվներին ու ձկնորսության եկածներին։

Թթենիները` մշուշի մեջ: Այս այգիների մեծ մասը ժամանակին հատվել է: Բերքն օգտագործում են թթի օղի թորելու և բուժիչ հատկություններով հայտնի դոշաբ պատրաստելու համար:

Ձկնորսը Խաչենի ջրամբարում: Ջրի մակարդակի տատանումները երբեմն երկար սպասված նվեր են ձկնորսների համար:

Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել