HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի ավագանու արտահերթ նիստն այս անգամ էլ չկայացավ

Գայանե Սարգսյան

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին հրավիրված Վանաձորի ավագանու արտահերթ նիստը ևս չկայացավ քվորում չապահովվելու պատճառով: Սա նորընտիր համայնքապետի հրավիրած երկրորդ արտահերթ նիստն էր: Օրակարգում մեկ հարց էր, որը վերաբերում էր դեկտեմբերի 5-ին Ուկրշին տնակային ավանում հրդեհված տնակների տերերին աջակցելուն:

Ընդդիմադիր երեք՝ «Լուասավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները ներկայացնող 18 ավագանու անդամները, սակայն այս անգամ ևս բոյկոտեցին ավագանու նիստը:

«Ավագանու անդամներից շատ լրագրող կա»,- նկատեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Նիստը չկայացած համարելով` դահլիճից հեռացող համայնքապետ Մամիկոն Ասլանյանը նախ պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին՝ ձեզ կողմ քվեարկած ավագանու 4 անդամները ինչո՞ւ ձեզ հիմա չեն աջակցում, ինչո՞ւ չեն ապահովւմ քվորում ավագանու նիստերը կայանալու համար, քաղաքապետը պատասխանեց այսպես. «Ինչո՞վ եք վերագրում չաջակցելը կամ աջակցելը: Այդ մարդիկ փակ գաղտնի քվերակությամբ իրենց կամքն արտահայտել են»:

Հարցին՝ որքա՞ն պետք է այսպես շարունակվի, համայնքապետը պատասխանեց հարցով.

«Բայց ինչո՞ւ եք այդ հարցն ինձ ուղղում: Դուք երբևէ ավագանու մյուս 18 անդամներին հարցրել ե՞ք: Իսկ ո՞վ ունի մեծամասնություն: Մարդիկ իրենց վերագրել են... Ձեր ասած մարդիկ էլ 10 մանդատ ունեն ընդամենը: Իրենք ունե՞ն մեծամասնություն: Թող իրենք 19 ձայն հավաքեին, իրենք ընտրվեին, իրենք էլ այսօր քաղաքապետ ունենային»:

Դիտարկմանը՝ եթե նիստերը չեն կայանում, նշանակում է՝ Հանրապետականը մեծամասնություն չունի, քաղաքապետն արձագանքեց. «Որևէ մեկը չունի: Այսօր չունենք, վաղը կունենանք: Ընտրությունը եղել է օրինական...»:

Նախորդ նիստի չկայանալուց հետո համայնքապետը նշել էր, որ փորձում են համագործակցել մյուս քաղաքական ուժերի հետ: «Հետքի» հարցին՝ եթե կրկին քվորում չի ապահովվում, փաստորեն համագործակցությունն անարդյունավե՞տ էր, համայնքապետը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Կարող է արդյունքները մի քիչ ավելի ուշ տեսնենք: Ես 18-ի հետ էլ շփվում եմ, որոնց մեջ այդ 4-ն էլ կան»:

«Հետքի» հարցին՝ մինչ տարեվերջ էլի նիստ կհրավիրվի՞, քաղաքապետի պատասխանը մեկն է. «Իհարկե, որքան օրենքը թույլ տա, այնքան կհրավիրվի»:

Լսեցինք նաև նիստը բոյկոտած կուսակցությունների ավագանու անդամների տեսակետները: «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լոռու մարզային խորհրդի նախագահ, Վանաձորի ավագանու անդամ  Քրիստ Մարուքյանը նշեց, որ շարունակելու են նիստերին չմասնակցել այնքան ժամանակ, քանի դեռ ավագանու նիստում քվորում չի ապահովվել:

«Մարդկանց դժբախտությունը շահարկելով նիստ գումարելով ասել, որ իբր թե դա կապ չունի քաղաքականության հետ... չգիտեմ, ո՞ վ կարող է հավատալ կամ ընդունել այդ պնդումները: Մեզ համար այս պրոցեսն ի սկզբանե  եղել է քաղաքական ու շարունակում է մնալ քաղաքական»,- նշեց նա` հավելելով, որ «Լուսավոր Հայաստանը» մտադիր է իր աջակցությունը ցուցաբերել հրդեհից տուժածներին:

Ք. Մարուքյանի կարծիքով՝ եթե պարլամենտարիզմի սկզբունքից ելնելով` իշխող կուսակցությունը չի կարողանում ապահովել մեծամասնություն, չի տիրապետում մեծամասնությանը, նա պետք է չունենա պարլամենտի դեպքում վարչապետ, այս դեպքում՝ քաղաքապետ:

Ք. Մարուքյանը նշեց, որ հաջորդ տարի հունվարի 10-ից՝ եռամսյա ժամկետը լրանալուց հետո, դիմելու են ՀՀ կառավարությանը՝  Վանաձորի ավագանին լուծարելու պահանջով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող ավագանու անդամները նիստի ժամին Ուկրշին տնակային ավանում էին՝  հրդեհից տուժած բնակիչներին հանդիպելու ու աջակցելու նպատակով:

«Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կլինեն ի շահ մեր քաղաքի, մենք մասնակցելու ենք»,- նշեց կուսակցությունը ներկայացնող ավագանու անդամ Հրանտ Մարգարյանը:

Ինչ վերաբերում է նիստերը բոյկոտելուն, վերջինս ասաց. «Մենք կներկայանանք ավագանու նիստերին նախաձեռնող խմբից՝ «Լուսավոր Հայաստանից» հետո»:

Հ. Մարգարյանը հույս հայտնեց, որ իրավիճակը կկարգավորվի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

«Նախընտրական այս ժամանակահատավածը կանցնի, որից հետո իմ կարծիոքով ամեն ինչ կընկնի իր տեղը,-նշեց նա` հավելելով,- շատ  տհաճ իրավիճակ է ստեղծվել, որի համար երևի թե պետք է նախօրոք մտածվեր: Իսկ հիմա ժամանակը ցույց կտա...»:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացնող ավագանու անդամների տեսակետը լսել չհաջողվեց: Կուսակցության գրասենյակում ավագանու անդամներից և ոչ մեկը ներկա չէր, իսկ հեռախոսազանգերին ի պատասխան լսվում էր՝ բաժանորդն անհասանելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter