HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաշինյանը կողմ է քվեարկելու «1000 դրամների» օրինագծին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառանալով ԱԺ-ում այսօր քննարկվող «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծին, ասում է՝ նախագիծը քննարկվում է մի պայմաններում, երբ հազարավոր զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքներ գտնվում են սոցիալապես ծանր վիճակում։

«Քննարկում ենք մի ժամանակաշրջանում, երբ տասնյակ կազմակերպություններ և հարյուրավոր անհատներ օգնություն են հավաքում զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար։ Բայց պետք է դժբախտաբար նշել, որ այդ օգնությունը հաճախ հավաքողների սոցիալական վիճակի վրա ավելի դրական ազդեցություն է ունենում, քան օգնությունների հասցեատերերի»,-ասում է նա։

Ըստ պատգամավորի, այս օրենքի նախագծով խնդրի ինստիտուցիոնալ լուծման շանս է տրամադրվում։ Փաշինյանի դիտարկմամբ՝ այդ շանսով հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց երեխաները կազատվեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընդունարաններում կամ օլիգարխների դռների տակ օրեր անցկացնելուց։

Սակայն պատգամավորը իր այս դիտարկմանը մեջբերում է, իր գնահատմամբ, զորեղ փաստարկ, այն է՝ իշխանությունը կոռուպացված և թալանչի է։

«Որ իշխանությունը կոռուպացված և թալանչի է, էստեղ գոնե ինձ համար որևէ բանավեճ չկա։ Հարցը հետևյալն է՝ որ եթե այս օրենքը չընդունվի հանկարծ, իշխանությունը դադարելու՞ է թալանչի կամ կոռումպացված լինել»,-հարցնում է Փաշինյանը։

Պատգամավորը շեշտում է, իր վեր նշված դիտարկմամբ՝ զոհված զինծառայողի ուսման վարձ վճարել չկարողացող երեխային, ասում են՝ բալիկ ջան, քանի որ իշխանությունը թալանչի է, քո հայրն էլ մեր չափ խելք չի ունեցել, գնացել է, հայրենիքի համար զոհվել, ուրեմն դու գնա օլիգարխների գովազդային տեսահոլովակներում մանեկենություն արա կամ օրերդ անցկացրու գերատեսչությունների «դռների տակ», մինչև մենք կանենք իշխանափոխություն, Հայաստանում կհաստատենք օրինականություն, ինչպես անում ենք արդեն 20 տարի։

Պատգամավորի գնահատմամբ, եթե նման իրավիճակ է ստեղծվել, կարող են կոչ անել, որ իշխանությունը կոռուպացված է, թող մարդիկ չգնան բանակ, բոյկոտեն այդ կոռուպացված իշխանությանը, կոռուպացված բանակին։

Փաշինյանը պնդում է, որ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքը չպետք է լինի բարեգործության ու որևէ մեկի քմահաճույքի հույսին։

Նրա՝ զինծառայողների կյանքի ապահովագրման համար ստեղծվող հիմնադրամին հատկացվող 1000 դրամները ոչ թե իշխանություններին, այլ զինծառայողների ընտանիքներին են տրամադրվելու։ Այս դիտարկման ժամանակ վեճ ծագեց ԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջև, ով պնդեց՝ այդ գումարները տալու են հենց իշխանություններին

«Այս օրենքը բանակի մարտունակությունը, այո՜, բարձրացնում է։ Եվ ես ասում եմ, չնայած լավ չի տենց բան ասելը։ Բայց ես ինքս իմ օրինակի վրա եմ վերցնում։ Երբ որ այդ կարճ՝ մի քանի օրը, շաբաթը առաջնագծում էինք, կուզեի՞, որ սենց օրենք գոյություն ունենար, այո՜, ես կուզեի։ Եվ ես կողմ եմ քվեարկելու։ Չկա տենց ուժ, որ ինձ ստիպի հակառակն անել»,-հավելեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter