
Երիտասարդական նվագախումբը «մեծացել» է, անվանումը կփոխվի
Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կվերանվանակոչվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ: Հարցն ընդգրկված է գործադիրի առաջիկա նիստի օրակարգում:
Անվանափոխությունը, ըստ Մշակույթի նախարարության ներկայացրած նախագծի, նվագախմբին լայն հնարավորություն կընձեռի հանդես գալ միջազգային ասպարեզում եւ հավասար մրցակցություն ունենալ համաշխարհային տարբեր հարթակներում:
«Ներկայում նվագախումբը հանդես է գալիս որպես լիովին կայացած, հասուն միավոր, որը յուրաքանչյուր տարի հանդիսատեսին է մատուցում ավելի քան 65 համերգ` ներկայացնելով դասականից մինչև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ ընդգրկող լայն երկացանկ: Նվագախումբը հնարավորություն ունի Հայաստանը ներկայացնելու ամբողջ աշխարհում՝ իբրև երաժշտական պետություն: Սակայն անվանման մեջ «երիտասարդական» բառը սահմանափակում է նրա՝ միջազգային ասպարեզում հանդես գալու հնարավորությունը, քանի որ աշխարհում երիտասարդական նվագախմբերը չեն գործում հստակ համերգաշրջանի ցանկով եւ տարեկան հանդես են գալիս ընդամենը 3-ից 4 համերգներով եւ նույն ծրագրերով»,-նշված է նախագծում:
Անվանափոխությունից հետո նվագախումբը հնարավորություն կունենա հանդես գալու այլ հարթության վրա՝ համագործակցելով համաշխարհային խոշոր գործակալությունների հետ:
Ի դեպ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 10 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում հանդիսատեսին ներկայացրել է ավելի քան 500 համերգային ծրագրեր, իրականացրել համերգների առցանց հեռարձակում եւ ստեղծել առցանց հեռարձակման հարթակ (SYOA-online TV): Նվագախմբի տեսա-ձայնադարանը ընդգրկում է 700-ից ավելի ստեղծագործություններ, որոնց թվում են նաեւ հայ կոմպոզիտորի մոտ 200 ստեղծագործություններ:
2016թ. նվագախմբի նախաձեռնությամբ անցկացվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ դիրիժորություն մասնագիտությամբ:
Նվագախմբի անվանափոխությունից հետո նախատեսվում է, որ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ում կգործեն երեք կոլեկտիվ ուղղություններ՝ սիմֆոնիկ նվագախումբ, երիտասարդական նվագախումբ եւ երգչախումբ, որի կազմում կընդգրկվեն երիտասարդ կատարողներ Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից:
Մեկնաբանել