Ստորագրվել են տարածքային ծրագրերի դրամաշնորհային պայմանագրեր
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» տարածքային զարգացման համաժողովին, որին ներկա էին և ելույթով հանդես եկան Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ համաժողովի ընթացքում քննարկվել են տարածքային զարգացման ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները` ներառյալ ազգային և տարածքային մակարդակներում առկա ռազմավարական պլանավորման գործընթացները: Համաժողովը նշանավորվել է Տարածքային ծրագրերի դրամաշնորհների ստորագրմամբ` ԵՄ-ի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 7 ծրագրեր ՀՀ մարզերում: Ծրագրերի իրականացումը կմեկնարկի հաջորդ տարվա սկզբին:
Պիլոտային տարածքային զարգացման ծրագիր դրամաշնորհի (ՊՏԶԾԴ) ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Կառավարությանը Հայաստանի մարզերի միջև ավելի համաչափ սոցիալական և տնտեսական զարգացում ապահովելու համար: ՊՏԶԾԴ հատուկ նպատակներն են՝ ստեղծել տնտեսական հնարավորություններ և դիվերսիֆիկացնել տնտեսությունը Հայաստանի տաս մարզերում (աջակցություն գործարար ոլորտին, արդյունավետ ներդրումներ, համագործակցություն ընկերությունների շրջանում, հատկապես ՓՄՁ-ներ և առնչվող ենթակառուցվածքներ), ստեղծել զբաղվածության հնարավորություններ (տրամադրել համապատասխան հմտություններ և խթանել կայուն զբաղվածություն մասնավորապես աճի ոլորտներում, զարգացող և նորարարական ոլորտներում, հատկապես երիտասարդ չափահասների միջև) մարզերում:
Մինչ օրս ՊՏԶԾԴ-ն Հայաստանի ամենամեծ տարածքային զարգացման ծրագիրն է, թե առկա միջոցների, և, թե ծրագրի աշխարհագրական ներառման առումով: Ծրագրի ընդհանուր հասանելի բյուջեն գրեթե 10 մլն եվրո է, որից 7 մլն եվրոն տրամադրվում է Եվրոպական Միության կողմից, 1.75 մլն եվրոն Հայաստանի կառավարության կողմից, և առնվազն 10% համաֆինանսավորում դիմորդների կողմից:
Յոթ ծրագրերի հաջող իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.
- Գրեթե 2,200 անձիք (մեծամասամբ երիտասարդներ) կստանան աջակցություն զբաղվածության աճի բարձրացման համար՝ խորհրդատվությունների, դասընթացների միջոցով:
- Ավելի քան 700 ձեռնարկություններ աջակցություն կստանան մրցունակության բարձրացման համար:
- Գրեթե 500 նոր աշխատատեղեր կստեղծվեն մարզերում ծրագրիկողմից, որից հարյուրը որակյալ աշխատատեղեր են:
- Ավելի քան 320 ձեռնարկություն կբարձրացնի իր մրցունակությունը (շրջանառության և/կամ զբաղվածության առումով):
Դրամաշնորհային ծրագրի ոչ միայն կաջակցի մարզերի զարգացմանը, կբարձրացնի նրանց տնտեսական մրցունակությունը, կնվազեցնի արտագաղթի միտումները, այլ նաև կօգնի Հայաստանի մարզերի ծրագրի և միջոցների կառավարման կարողությունների զարգացմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել