HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևմտյան Հայաստանում ապրող հայն ուզում է 30 մլն դոլար ներդնել ՀՀ տնտեսության մեջ

Նաիրի Հոխիկյան

Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքը 2015-ի թուրք-քրդական բախումների հետևանքով լուրջ վնասներ կրեց, բնակիչներից շատերը արտագաղթեցին, խոսվում է մինչև 200 հազար մարդու հեռանալու մասին:

Դիարբեքիրի ակտիվ ու գործարար հայերից Մեհմեդ Դեմիրը ևս ժամանակին լքել է քաղաքը, այսօր հիմնականում լինում է Իզմիրում կամ Ստամբուլում: Ասում է՝ արևելյան շրջաններում (Արևմտյան Հայաստանի տարածքը) ապրելու տարրական պայմաններն են նույնիսկ բացակայում, իսկ ինքը աշխատելու տարբերակ գտել է նշված վայրերում, չնայած ամբողջ Թուրքիայում արդեն 2 տարի ճգնաժամը օր-օրի խորանում է:

52-ամյա Մեհմեդի հետ զրուցելիս նախ ճշտում ենք, որ նախնիները հրաշքով են փրկվել ցեղասպանության ժամանակ, հետո երկար տարիներ քրդի անվան տակ են ապրել: Թեև այսօր էլ հրապարակավ չի խոսում իր հայ լինելու մասին, բայց շրջապատում բոլորը գիտեն Դեմիրների գերդաստանի ծագման մասին՝ Դեմիրճյաններ: Մեհմեդը դժգոհում է, որ Պոլսո հայոց պատրիարքարանը որևէ կերպ չի փորձում տեր կանգնել բնօրրանում ապրող հայերին՝ նրանց հիմնականում համարելով ստախոս կամ ոչ իսկական հայեր:

«Դիարբեքիրում մի հայկական գործող եկեղեցի կա՝ Սուրբ Կիրակոսը, սակայն քահանա չկա։ Հետաքրքիր է, եկեղեցի կա, քահանա չկա։ Հայերը իրենց ինքնությունը այնտեղ ինչպե՞ս են արտահայտելու։ Միայն քարերի՞ն են նայելու։ Մի՞թե ասելու են, որ իմ պապը 100 տարի առաջվա կոտորածներին է միայն այստեղ եղել։ Արևմտյան Հայաստանի մի մասը կազմող Տիգրանակերտ մայրաքաղաքում եթե փորձենք հավաքել, բացահայտ խոսող գոնե 30 հայ չի լինի։  Ինչո՞ւ։  Պետք չէ հեռու գնալ, պատճառը հենց այդ անտեր լինելու գիտակցության մեջ է»,-նշում է Մեհմեդ Դեմիրը՝ շեշտելով, որ նույնիսկ այդ պարագայում ինքնության վերադարձի գործընթացը դարձել է անկասելի: Հարյուրներով են բացահայտում իրենց արմատները և գնում քաղաքապետարաններ՝ փոխելու ծագման տվյալները:

Երբեմնի ծպտյալ հայրենակիցը 3 անգամ եղել է ՀՀ-ում, նախ այցելել Ծիծեռնակաբերդ, ծանոթացել ցեղասպանության փաստական տվյալներին, ապա հանդիպել պետական ու հասարակական գործիչների հետ: Խոստովանում է՝ մի քիչ նախանձում է, որ իր հայրենակիցները խոսում են սեփական պետության մասին, իսկ ինքը չի կարող նույնը ասել: Պատմում է, որ Թուրքիայում բանավեճերի ժամանակ հաճախ է քրդերին մեղադրում հայերին թիկունքից խփելու համար. «Ցեղասպանության ժամանակ հրաման տվողը թուրքերն են եղել, իսկ իրականացնողն ո՞վ է եղել։ Քրդերը կոտորած չե՞ն արել։ Կոտորել են։ Բարձրացվել է այն գաղափարը, որ հայերին սպանողը դրախտ է գնալու։ Քրդերն էլ են, իհարկե, այդ հարցում մեղավոր։ Քրդերը հայերին կոտորող համիդիե գնդերի շարքում են եղել, բայց հիմա քրդերը ներողություն են խնդրում։ Կոտորողների որդիների էլ, թոռներն էլ են ներողություն խնդրում։ Հայրս կամ պապս անպատիվ բաներ են արել, խոստովանում են նրանք։ Որովհետև դա իսկապես դավաճանություն էր»:

Թուրքիայում ավտոտեխսպասարկման ոլորտում մեծ հաջողությունների հասած հայ մասնագետը, սակայն, վստահ է, պետք է առաջ նայել և թշնամության փոխարեն փորձել այլ միջոցներով հաղթահարել ճգնաժամերը: «Քեզ կհարգեն, եթե ուժեղ ես տնտեսապես և կայուն քաղաքականապես»,-շեշտում է Մեհմեդը: Այդ առումով ցանկություն ունի ՀՀ-ում խոշոր ներդրումներ անել, իր լուման ունենալ հատկապես թեթև արդյունաբերությունը ոտքի կանգնեցնելու գործում:

«Թուրքիայում խոսք չկա զարգացած տնտեսության մասին, մի քանի քաղաքներում կան մի քանի խոշոր գործարաններ, որոնք ապահովում են երկրի ամբողջ արտադրությունը: Եթե Թուրքիայի համար մի քանի միլիոն դոլարը փոքր թիվ է բիզնեսի մեջ, ապա Հայաստանի նման փոքր շուկա ունեցող պետության համար, կարծում եմ, 30 մլն դոլարը գրավիչ կարող է լինել»:

Մտադիր է ՀՀ-ում փորձել տեքստիլի և պլաստմասսե ապրանքների արտադրություն: Հարևան Թուրքիան ու Իրանն այդ ոլորտում հսկաներ են, պահանջված գործ է, ինչո՞ւ Հայաստանը ևս չմիանա: Ասում է, իրեն օգնություն պետք չէ, միայն թույլ տան աշխատել այստեղ, բերել փողը, հիմնել գործարանները, սկսել աշխատանքը: Նույնիսկ հարկային արտոնությունների կարիք չունի, քանի որ պատրաստ արտադրանքը արտահանելու պայմանավորվածություններ ունի եվրոպական շուկաներում, ԵԱՏՄ-ն էլ իր հերթին ապահովում է լրացուցիչ հնարավորություններ:

Ինչո՞ւ գործ անել Հայաստանում, որը փաստացի թշնամական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Հարցին Մեհմեդ Դեմիրը պատասխանում է հարցով՝ իսկ կարծրատիպերը ինչքա՞ն ժամանակ պետք է կառավարեն մեր կյանքը: «Ոչ մի գերտերություն չի կարող հաշտեցնել Հայաստանին և Թուրքիային, եթե չլինի ճնշում ներսից: Թուրքիան հանցանք է գործել, պետք է տեր կանգնի իր արյունոտ անցյալին, բայց նա դա չի անի, քանի դեռ երկրի ներսից չեն ստիպել դա: Ես հայ եմ։ Իմ պապերը հայ են եղել, բայց այդ երկրի պատճառով են զրկվել ինքնությունից։ Ես հիմա գիտեմ իմ ինքնությունը։ Համենայն դեպս, ֆրանսիացի, անգլիացի չեմ։ Արևմտյան Հայաստանում եմ ապրել, պապս էլ է այնտեղ ապրել, պապուս պապն էլ։ Միգուցե ես աթեիստ եմ, սակայն մեկ է, հայ եմ։ Իհարկե, մարդու կյանքում տնտեսությունը կարևոր է, բայց ամեն ինչ փողի մեջ չէ։ Ինչպես թուրքական ասույթն է նշում,  փողը կարևոր բան է, բայց ամեն ինչ չէ»:

Մեկնաբանություններ (5)

Նաիրի Հոխիկյան
Հարգելի Հայկ, շնորհակալություն հոդվածն ընթերցելու և արձագանքելու համար: Բայց Ձեր նշած ՙ՚ապատեղեկատվությունը՚՚ սուբյեկտիվ բնույթ ունի: Դուք որքանո՞վ եք տեղյակ, որ միայն թուրքական զինուժն է բիրտ ուժ կիրառել, իսկ քրդերը գլուխները կախ կոտորվել են: Եղել են բախումներ, դրանք հիմա էլ շարունակվում են: Դա ես ասում եմ պատասխանատվությամբ, որպես հենց Դիարբեքիրում պարբերաբար ուսումնասիրություններ անող փորձագետ-լրագրող: Դուք նաև նշում եք, թե Դիարբեքիրը (Ամիդ, անմիջապես կողքին Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքն է, և երկու քաղաքները հիմա միավորված են) երբեք չի եղել Արևմտյան Հայաստանի մաս: Եթե Դուք դա ասում եք՝ հիմնվելով քրդական կամ թուրքական աղբյուրների վրա, ապա Ձեր տեսանկյունից ճիշտ եք, բայց եթե իրականության մասին ենք խոսում, ապա դեռևս մթա 1-ին դարում՝ Արտավազդ Բ-ի օրոք է հիշատակվել Ամիդը որպես հայկական բնակավայր՝ Հայաստանի տարածքում: Նույնը նաև հետագա դարերում: Եթե կուզենաք ավելի մանրամասն ապացույցներ, գրեք, Ձեզ սիրով կտրամադրեմ: Շնորհակալություն:
Հայկ
Տիգրան մեծը ուր, արեւմտյան հայաստանը ուր․․․․Ամիդը/Դիարբեքիրը երբեք հայկական լեռնաշխարհի մաս չի կազմել։ Վերջ։ Գալով քազաքի ավերակ դարձնելուն, իհարկե արդյունքն է թրքական ծանր զինուժի կիռարմամբ։ Քրդական զինյալ ուժերը նման միջոցներ չունեն։ Եթե մասնագետ է հեղինակը այս փաստը պետք է իմանա։
Վարդան
Դիարբեքիրը` նույն ինքը Տիգրանի հիմնած ԳԼԽԱՎՈՐ Տիգրանակերտը գտնվում է Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, հետևաբար ամեն մի շահարկում, թե դա Արևմտյան Հայաստան չէ, բախվում է հետևյալ հարցին Մեծ Հայքը Հայաստան է, թե` ոչ ..
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանը փոքր երկիր է ու արագորեն կարելի է զարգացնել երկրի տնտեսությունը: Դրսում ապրող շատ հարուստ հայեր կան,որոնք ցանկանում են ներդնել Հայաստանում,բայց կոռուպցիա՛յի ու դատաիրավական համակարգի անկախ չլինելու պատճառով դա չեն անում: Երբեմն այն տպավորությունն է առաջանում, որ ՀՀ իշխանությունները ԻՐԱԿԱՆՈՒՄ չեն ցանկանում Արևմուտքից եկած հայերի ներդրումներ,քանի որ դա վտանգ կարող է առաջացնել իրենց մենաշնորհային-միկուսակցական իշխանությանը: Խոսելով չէ,կոնկրե՛տ գործեր անելով է՝ հարգելի իշխանական այրեր:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայկ(3)- Այլևս երբեք չասես,որ՝ «Ամիդը/Դիարբեքիրը երբեք հայկական լեռնաշխարհի մաս չի կազմել»։ Պարզապես ամոթ է: Իսկ Տիգրան Մեծը մի քանի Տիգրանակերտ է կառուցել,որոնցից մեկը ներկա Դիարբեքիրի մոտ:....................... Երկրորդ՝ հայ է նա, ով իրեն ՀԱՅ Է ԶԳՈՒՄ՝ անկա՛խ կրոնական պատկանելիությունից կամ անկրոն/աթեիստ լինելուց: ՀԳ. Մարդիկ դեռ հավատու՞մ են «Պոլսո հայոց պատրիարքարան» կոչված կառույցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter