Լարսում մնացած բեռնատարների վարորդներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն
Ստեփանծմինդա - Լարս ճանապարհահատվածում բեռնատարները 10 օրից ավելի է` սահմանակետում սպասում են եղանակային պայմանների բարելավմանը:
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ նախարար Վահան Մարտիրոսյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային և Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Զուրաբ Ալավիդձեին, իսկ դեկտեմբերի 14-ին նրան ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են խնդրի լուծման հնարավոր տարբերակներ։ Վրաց պաշտոնյաները Վահան Մարտիրոսյանին վստահեցրել են, որ վարորդներին կտրամադրվի ցանկացած օժանդակություն և օգնություն, իսկ առաջին հնարավորության դեպքում կկազմակերպվի նաև մեքենաների անվտանգ երթևեկությունը։
«Թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմի մաքսային ծառայության ղեկավարները վստահեցրին, որ եղանակի թեկուզ կարճաժամկետ բարելավման դեպքում հնարավորին արագ կկազմակերպեն կուտակված ծանրաքարշ մեքենաների մաքսային ձևակերպումները, որպեսզի առավելագույն քանակի մեքենաներ շարունակեն ճանապարհը»,- ասել է Վահան Մարտիրոսյանը:
Սաստիկ բքի և առատ տեղումների պատճառով այս պահի դրությամբ Ստեփանծմինդա - Լարս ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել