HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչապետի այսօրվա հանձնարարականները՝ նախարարներին

Կառավարության այսօրվա նիստը կրկին մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով։ Մասնավորապես՝ վարչապետը՝ ներդրումների ներգրավումը խրախուսելու, արտադրական  խնդիրների լուծմանը նպաստելու՝ աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակը էականորեն բարձրացնելու նպատակով առողջապահության, էներգետիկ  ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, ՀՀտրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարներին ու մարզպետներին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում պետականգույքի կառավարման վարչության հետ համատեղ քննարկել և առանձնացնել պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնք անհրաժեշտ է ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում։

Վարչապետը ընդգծեց, որ պետք է նկատի ունենալ, որ այսուհետ առանձնացված ըներությունների հետագա մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղվածություն։

Պետական գույքի կառավարման վարչության պետին Կարապետյանը հանձնարարեց ամփոփել ներկայացված առաջարկությունները և մշակել մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ և այն մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել կառավարության աշխատակազմ։

Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում է կրթության ոլորտին: Վերջին շրջանում, ըստ նրա, հանրապետության հանրակրթական հաստատություններում կատարվել են ուսումնասիրություններ և արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ։ Դրանք վերացնելու ուղղությամբ կրթության պետական տեսչության կողմից տրվել են մի շարք առաջարկություններ և հանձնարարականներ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Կարապետյանը հանձնարարեց մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել տեսչության կողմից բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված առաջարկների և տրված հանձնարարակների կատարումը, և երեքշաբաթյա ժամկետում տեղեկացնել միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին՝ անդրադառնալով յուրաքանչյուր առաջարկությանն ու հանձնարարականին։

Բացի այդ, կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանին վարչապետը հանձնարարեց մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ իրականացնել կրթության պետական տեսչության կատարված ստուգումների արդյունքների քննարկումներ, դրանց հիման վրա ներկայացնել առաջարկություն՝ կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով։

Հաջորդ հանձնարարականով կրթության և գիտության, պաշտպանության նախարարներին հանձնարարեց երկօրյա ժամկետում ավարտել և ամփոփել «Փորք Մհեր» կրթահամալիր ՊՈԱԿ-ում կրթության և գիտության, պաշտպանության նախարարությունների համատեղ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունը, և եռօրյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություններ։

Սրան ի պատասխան` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ արդեն աշխատում են այդ ուղղությամբ և ներկայացվող առաջարկն այն է, որ «Փոքր Մհեր» ավագ դպրոցը տեղափոխվի պաշտպանության նախարարության կառավարման ոլորտ և միավորվի Մոնթե Մելքոնյան վարժարանի հետ:

Վերջին հանձնարարականով Կարապետյանը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ այդ բնագավառում տրվող թուլտվությունների և լիցենզիաների մեկ միասնական համակարգի և «մեկ պատուհան»-ի սկզբունքով տրամադրման կարգի կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն՝ առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ։ Բացի այդ, հանձնարարեց ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ։

«Պարոն Մինասյան, գիտեք այս խնդիրը չափազանց կարևոր է։ Ճիշտ է, լիցենզիաների վերաբերյալ մեր հանձնարարականը կրկնողություն է։ Իսկ ջրօգտագործման հետ կապված չափազանց կարևոր է, որովհետև մենք այնտեղ և´ էկոլոգիական, և´ այլ խնդիրներ կարող ենք ունենալ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter