HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել Վահան Արծրունու իրավունքների խախտման մասին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը Վահան Արծրունու իրավունքների խախտումների վերաբերյալ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Հայտնի երաժիշտ Վահան Արծրունին հայտարարել է, որ իրեն երկու օր առաջ զանգահարել է Գրիգոր անունով մեկը, ներկայանալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, հրավիրել է զրույցի ԱԱԾ:

ԱԱԾ-ում մոտ 40 րոպե տեւած զրույցի ընթացքում Վահան Արծրունուն տվել են այնպիսի հարցեր, որոնցով կամեցել են պարզել նրա քաղաքական դիրքորոշումը, մասնակցե՞լ է արդյոք հանրահավաքների եւ այլն: Հարցաքննությունը չի արձանագրվել, Վահան Արծրունուն չեն իրազեկվել նրա իրավունքները հրավերի եւ ոչ պաշտոնական հարցաքննության ընթացքում: ԱԱԾ-ում ունեցած զրույցից հետո երաժշտի ֆեյսբուքյան էջը ընկերների համար արգելափակվել է:

Տեղի ունեցածը մենք գնահատում ենք որպես ոչ միայն քաղաքացու ազատությունների եւ իրավունքների կոպիտ ոտնահարում, այլեւ անթաքույց ահաբեկում, ենթադրաբար, այն հաշվով, որ մարդիկ խուսափեն ազատորեն արտահայտել իրենց կարծիքը, ինքնագրաքննվեն, չմասնակցեն այն հավաքներին, որոնք անցանկալի են իշխանությունների համար, դադարեն քաղաքացի լինել եւ վերածվեն հարկատու կամակատարների:

ԱԱԾ-ն քաղաքացուն առանց ծանուցագրի հրավիրելով ոչպաշտոնական հարցաքննության, կատարել է անօրինական գործողություն, ինչը պետք է իրավական եւ քաղաքական գնահատականների արժանանա հասարակական, քաղաքական ուժերի եւ ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

ՀՀ ԱԱԾ ղեկավար Գ.Կուտոյանից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ԱԱԾ-ի կողմից «ՆԿՎԴ-ԿԳԲ»-ի գործելաոճը, թույլ չտալու համար քաղաքացիների նկատմամբ ապօրինություն, դադարեցնել քաղաքացիների ահաբեկման պրակտիկան, վարչական քննության ենթարկել Վահան Արծրունու հետ կապված այս միջադեպը եւ պատասխանատվության ենթարկել զանցառուներին: ԱԱԾ պաշտոնյաները պետք է գործեն բացառապես ժողովրդավարական եւ իրավական պետության սկզբունքներին համապատասխան, հասկանան, որ ՀՀ ազգային անվտանգության հենքը ազատ քաղաքացիներն են եւ նրանցով ստեղծված իրավական պետությունը, եւ ոչ թե վերադաս իշխանությունը ու իրավազուրկ քաղաքացին: Ազգային անվտանգության հաստատման համար հարկավոր է քաղաքացուն պաշտպանել անօրեն իշխանությունից եւ ոչ թե անօրեն իշխանությանը՝ ազատ քաղաքացիներից»:

լուսանկարը` Վահան Արծրունու ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter