
Միայնակ մայրը 4 երեխաների հետ ապրում է Վանաձորի տնակային թաղամասում
Նարեկ Ալեքսանյան
Արմենուհի Հովհաննիսյանը միայնակ մայր է. չորս անչափահաս երեխաների հետ ապրում է Վանաձորի տնակային թաղամասում:
«Ես էս պահին չեմ կարող աշխատել, երեխաները փոքր են, նայող չկա ուրիշ, թե չէ կուզենամ, ցանկությունը շատ մեծ է,- պատմում է Արմենուհին,- 18-19 տարեկանում սովորել եմ քույրական, բայց չեմ շարունակել, մասնագիտություն չունեմ»:
Երեխաներից միայն մեկն է դպրոցահասակ՝ 8-ամյա Վահանը: Մյուսները փոքր են, Էլեոնորան 7 տարեկան է, Միլենան՝ 5, ամենափոքրը Վաչեն է՝ 4 տարեկան:
Ֆինանսական սուղ վիճակի պատճառով Էլեոնորան այս տարի դպրոց չի գնացել: Ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը 41 հազար դրամ նպաստն է, երբեմն Արմենուհու հայրն է օգնում: Տնակը հիմնովին վերանորոգման կարիք ունի, տանիքից կաթում է, խոհանոցի հատակը միշտ խոնավ է, հատկապես` տեղումների ժամանակ, որոնք Վանաձորում հաճախ են լինում. գետի ջուրը լցվում է տնակային թաղամասի ոչ բարվոք վիճակում գտնվող տնակները:
«Ինչ-որ փոփոխություն եմ ուզում, բայց չի լինում, չի ստացվում, ամեն ինչում գումար է պետք գալիս»,- ասում է Արմենուհին: Երեխաների հետ արդեն 6 տարի է ապրում են այս տնակում, մինչ այդ վարձով այլ տեղ են ապրել:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել