HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի 2017թ.-ի բյուջեի և զարգացման հնգամյա ծրագրի քննարկումը հետաքրքրել էր 7 վանաձորցու

Գայանե Սարգսյան

Դեկտեմբերի 15-ին նշանակված Վանաձոր համայնքի 2017թ.-ի բյուջեի և 2017-2022թթ.-ի հնգամյա զարգացման ծրագրի հանրային քննարկումը միայն ֆիզիկական անձանց համար էր: Ի տարբերություն նախորդ տարիների` այս անգամ նշված հանրային քննարկումների համար քաղաքապետարանը նախատեսել է երեք օր՝ ֆիզիկական, իրավաբանական անձանց (դեկտեմբերի 16-ին) և ավագանու խմբակցությունների (դեկտեմբերի 20-ին) համար:

Քննարկումը սակավամարդ էր: Համայնքի տարեկան բյուջեի և հնգամյա զարգացման ծրագրի նախագիծը հետաքրքել էր ընդամենը 7 վանաձորցու, որոնցից հարցեր ունեին երեքը:

Հանդիպման սկզբում քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Ավագ Ավագյանը նախ համառոտ ներկայացրեց հաջորդ տարվա բյուջեի նախագիծը. «Բյուջեի տարեկան գումարը նախատեսվում է 2 մլրդ 432 մլն 200 հազար դրամ, որից 2 մլրդ 372 մլն-ը՝ վարչական, 60 մլն 200 հազարը՝ ֆոնդային բյուջեի մասով»:

2016թ.-ի համեմատ փոփոխություն է կատարվել բյուջեի ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում. պակաս է նախատեսվել 66 մլն 460 հզր դրամ եկամտային (42 մլն 816 հազարը՝ վարչական, 23 մլն 643 հազարը՝ ֆոնդային բյուջեի մասով), նույնքան էլ ծախսային մասում:

«Չնայած հիմա մուտքերը կատարվում են 100 տոկոսով, բայց մենք կարող է մյուս տարի ավելի քիչ մուտքեր ունենանք, դրա համար մենք նախատեսել ենք մի փոքր ավելի քիչ»,- նշեց ֆինբաժնի պետը:

«Հետքի» ճշգրտող հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված բյուջեի մուտքերի նվազումը, Ա. Ավագյանը պատասխանեց՝ եկամուտների նվազման հիմնական պատճառը «այլ դոտացիաներ» տողով հատկացվող գումարի կրճատումն է:

«Հիմնականում «այլ դոտացիայի» մասով մեզ գումար չեն տվել: Այսինքն, այն որ պետականորեն հասնում էր և պարտադիր կերպով պետք է պետության կողմից ֆինանսավորվի, այդ գումարները չեն տվել: Մենք հիմնականում պակասեցրել ենք այդ գումարը»,- ասաց Ավագ Ավագյանը:

Ինչպես վերջին մի քանի տարիների, 2017թ.-ի բյուջեն ևս որակվեց գոյատևման բյուջե: 2017թ.-ի բյուջեի նախագծով համայնքի տարածքում գործող վճարովի ավտոկայանատեղերի հետ կապված մուտքեր նախատեսված չեն: «Հետքը» հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմունքներով են գործում քաղաքի թվով 3 վճարովի ավտոկայանատեղերը:

Պարզվեց` դրանք երեքն էլ գործում են շահավետ պայմաններով, վճարելով միայն վարձակալած տարածքների հողի հարկը, փոխարենը այդ տարածքներում կայանված յուրաքանչյուր մեքենայի վարորդից գանձելով 200-ական դրամ:

«2017թ.-ի տեղական տուրքերի հաստատման ժամանակ ավագանուն առաջարկվելու է ավտոկայանատեղերի համար տեղական տուրքի չափը սահմանել 0 դրամ, որի դեպքում տարածքները վարձակալողները կարող են ասել՝ դուք իրավունք չունեք իմ վարձակալած տարածքում կանգնել, բայց եթե ինչ-որ մեկը փորձեց գումար գանձել վարորդներից, դա կլինի ապօրինի»,- նշեց ՀՀ խմբակցության ավագանու անդամ Արտյոմ Գրիգորյանը:

Մի քանի տարի առաջ ավագանու որոշմամբ նախատեսվել և համայնքի տարածքում գտնվող էլեկտրասյուների օգտագործման համար սահմանվել էր հաստատուն վճար: «Հետքի» հարցին՝ ի՞նչ մուտքեր ունենք այս մասով, ֆինբաժնի պետը և դահլիճում ներկա գույքի կառավարման ու եկամուտների հավաքագրման բաժնի աշխատակիցը չկարողացան հստակ պատասխան տալ:

«Պատասխանը մեզ էլ չի գոհացնում: Որպեսզի ավելի կոմպետենտ պատասխան լինի, ձեր հարցը կնշենք և լրացուցիչ կպատասխանվի»,- նկատեց համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը:

Ներկա վանաձորցիներից հարցեր հնչեցին` կապված կոնկրետ շենքների վիճակի բարելավման, փողոցների լուսավորության վերականգնման, բակերի ու խաղահրապարակների բարեկարգման հետ:

Ներկայացված համայնքի զարգացման հնգամյա ծրագիրն առավել քան տպավորիչ էր: Ընդհանուր առմամբ խոշոր ծախսային ծրագրեր են ներկայացված բոլոր ոլորտներում:

Զարգացման ծրագիրը ներառում է համայնքի 3-րդ կարգի վթարայնության բազմաբնակարան 5 շենքերի սեյսմազինվածության բարձրացում (416 մլն 250 հազար դր.), Քիմգործարանի այգու բարեկարգում  (130 մլն), Տարոն թաղամասի այգու կառուցում (200 մլն), Վարդավառի (60 մլն), Վանաձորի (8 մլն), Վ. Սարգսյանի անվան (35 մլն), Թումանյանի անվան (40 մլն), Հայքի (120 մլն), Լոռվա (104 մլն), Թարգմանչաց (15 մլն), Բազումի (19 մլն), Անտոն Քոչինյանի անվան (50 մլն) հրապարակների բարեկարգում, Սայաթ-Նովայի անվան (215 մլն), Հր. Մաթևոսյանի անվան (93 մլն), Երիտասարդական (42 մլն) զբոսայգու, Լոռու մարզպետարանին կից պուրակի (23 մլն) բարեկարգում:

Զարգացման ծրագրով շուրջ 84 մլն դրամ է նախատեսվում  հատկացնել քաղաքի տարբեր հատվածներում հանրային զուգարաններ կառուցելու համար: Ի դեպ, այդպիսիք մինչ օրս չկան քաղաքի և ոչ մի հատվածում:

Նախատեսվում է  նաև հենապատերի կառուցման, թվով 9 կամուրջների նորոգման, գրադարանների վերազինման, համայնքային ենթակայությամբ գործող մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների վերանորոգման, նոր գույքով ապահովման, մանկապարտեզների նորոգման ու նոր շենքով ապահովման աշխատանքներ:

«Ներկայացված ծրագիրը կարդում ես, ոնց որ դրախտում լինես,- նկատեց ներկա երիտասարդ ակտիվիստներից մեկը, հավելելով,- մնում է  կատարվի»:

«Հետքի» դիտարկմանը, թե Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մշտապես նշում է, որ համայնքների զարգացման ծրագրերը պետք է լինեն իրատեսական, այլ ոչ թե երազանքի ծրագրեր, որքանո՞վ է ներկայացված ծրագիրը իրատեսական, արձագանքեց Ա. Գրիգորյանը, ով վերջին երկու գումարման ավագանու անդամ է․ «Չհամարենք սա երազանքների ծրագրիր, այլ փորձենք հետևողականորեն ցանկացած ծրագրի կյանքի կոչման համար ուղիներ փնտրել»:  

Նկատեցինք, որ նախորդ գումարման ավագանու կողմից ընդունված համայնքի քառամյա զարգացման ծրագիրը մեծ մասով չի կատարվել, ինչի մասին բարձրաձայնել է նաև քաղաքապետարանի ծրագրերի ու արտաքին հարաբերությունների բաժնի պետ Լիլյա Դավթյանը:

Նշվածն ընդունելով հանդերձ` Ա. Գրիգորյանը նկատեց. «Ի տարբերություն նախորդ քառամյա զարգացման ծրագրի, այս զարգացման ծրագիրն ունի հիմնավորումներ, ունի արժեք: Մենք գիտենք, թե տվյալ ծրագիրն ինչ արժե: Հետևաբար, արժեքն իմանալով, գիտակցելով` փորձել ենք վիրտուալից տեղափոխվել իրական դաշտ և հասկանալ, որ գործնականում գործ ունենք այս գումարի ու այս ծրագրի հետ: Բնականաբար, կարող է շեղում լինել, բայց ոչ առանցքային»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter