HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առավոտյան երթուղայինները ծանրաբեռնված են․ Քաղաքապետարանը չի ժխտում

Երևանի Նորագավիթ թաղամասը սպասարկում են ընդամենը 3 երթուղայիններ՝ 44 համարի միկրոավտոբուսը, 33 և 38 համարի ավտոբուսները: 3 երթուղայիններից և ոչ մեկի համար Նորագավիթ թաղամասն սկզբնականգառ չէ:

Երթուղայինի համարը

Սկզբնականգառ

Վերջնականգառ

                 44

Մարմարաշեն համայնք

Արգավանդ համայնք

                 33

Խարբերդի ամառանոցներ

Դավիթաշենի 4-րդ թաղամաս

                 38

Նոր Նորքի 2-րդ զանգված

Այնթափ համայք

Ցանկացածի դեպքում էլ թաղամասի բնակիչներն օգտվում են արդեն իսկ ուղևորներով ծանրաբեռնված երթուղայիններից: Դրանցից օգտվելն իսկական պատուհաս է դառնում առավոտյան, երբ կանգառում հիմնականում ուսանողներն են ու աշխատանքի գնացող բնակիչները: Սա ընդունում է նաև Երևանի քաղաքապետարանը.

«Առավոտյան «պիկ» ժամերին երթուղիների սպասարկումը կազմակերպվում է հնարավոր առավելագույն քանակի շարժակազմերով։ Չնայած այդ հանգամանքին երթուղիները շահագործվում են ծանրաբեռնված, քանի որ այդ ժամերին կտրուկ աճում է փաստացի ուղևորահոսքը»,- մեր հարցերին ի պատասխան հայտնել է Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը։

Երևանի ներքաղաքային երթուղիների շարժման միջակայքերը սահմանված է երթուղային ցանցով, որի համաձայն էլ ավտոբուսները պետք է աշխատեն 10-15 րոպե հաճախականությամբ, միկրոավտոբուսները՝ 5-7 րոպե։

Նորագավիթում ուսանողները հատկապես շատ են օգտվում 38 համարի ավտոբուսներից, որոնց երթուղին անցնում է Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարածքով: Սակայն հրապարկման մեջ օգտագործելու նպատակով անգամ ավտոբուսը նկարել չկարողացանք, քանի որ 50 րոպեից ավել կանգառում սպասելու դեպքում էլ 38 համարի և ոչ մի ավտոբուս չհանդիպեց: Երթուղայինի վարորդների հավաստմամբ՝ 38 համարի ավտոբուսները աշխատում են 20-25 րոպե հաճախականությամբ:

Դեռ 2012-ին քաղաքապետարանը հանդիսավոր կերպով ներկայացրեց Չինաստանից նվեր ստացած ավտոբուսները, որոնք, ըստ էության, պետք է շահագործվեին` Երևանի տրանսպորտի վիճակը բարելավելու նպատակով:

Այս ավտոբուսները շահագործման հանձնեցին նաև հենց նույն 38 համարի երթուղում: Սակայն կարճ ժամանակ չանցած` այս ավտոբուսները, որոնք նախատեսված են առնվազն 50 ուղևորի համար, դուրս եկան կիրառությունից ու փոխարինվեցին ոչ թե նոր ավտաբուսներով, այլ ուկրաինական դեղին բոգդաններով, որոնք շահագործվում էին մինչ չինական ավտոբուսների նվեր ստանալը: Սրանք, ի տարբերություն չինական ավտոբուսների, անհամեմատ ավելի փոքր տարողություն ունեն ու ավելի նեղ են:

Քաղաքապետարանից այս փոփոխությունը բացատրեցին նրանով, որ հ.38 երթուղում փաստացի ուղևորահոսքը համեմատաբար փոքր է, ինչի արդյունքում էլ ցածր է երթուղու շահագործման արդյունավետությունը: Սրանով պայմանավորված էլ սպասարկող «Հիգեր» մակնիշի ավտոբուսները փոխարինվել են ավելի քիչ վառելիք ծախսող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներով ու ինքնաբերաբեր կրճատվել է երթուղու շահագործական ծախսերը։

Քաղաքապետարանի այս պատճառաբանությունը կլիներ տրամաբանական ու ընդունելի, եթե փոխարինված «Հիգեր» մակնիշի ավտոբուսները հանեին կիրառությունից, այլ ոչ թե տրամադրեին նույն թաղամասը սպասարկող մեկ այլ երթուղու:

Շատ վառելիք ծախսող «Հիգեր»-ները հիմա շահագործում են չինական «Զոնդա» մակնիշի ավտոբուսների փոխարեն: Չնայած տրանսպորտի վարչությունից պարզաբանում են, որ նախկինները դանդաղաշարժ էին, շահագործական հատկանիշներով զիջում էին և´ «Հիգեր», և´ «Բոգդան» մակնիշների ավտոբուսներին, բայց անհասկանալի են երթուղայինների մեկը մյուսով փոխարինումները:

Եթե ընդունենք, որ չինական ավտոբուսները գործածությունից դուրս հանելու համար որպես հակափաստարկ օգտագործվում է դրանց շատ վառելիք ծախսելը, ապա երթուղայինը պետք է առհասարակ հանվեր սպասարկողների շարքից, այլ ոչ թե նույն համայնքների մի համարից տեղափոխեր մեկ այլ համարի տիրույթ:

Ուղևորների դժգոհություններն այս առումով սահմանափակվում են վարորդների հետ լեզվակռիվներով, որոնց էլ ի պատասխան վարորդերը հասկացնում են՝ ուզում եք ավելի լավը, պատրաստ եղեք վճարել ավելի շատ: Արհեստականորեն ստեղծվում է մի իրավիճակ, որ կամ նման քննարկումները պիտի մնան փոքր լսարանների համար, կամ թաղամասի բնակիչները շարունակեն առավոտյան աշխատանքի ու դասի գնալ ու երեկոյան հետ վերադառնալ՝ օգտվելով բացառապես տաքսիներից կամ էլ բողոքելու դեպքում բախվել երթուղայինների գնի անխուսափելի թանկացման խնդրին:

Զառա Մանուչարյան

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter