HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կառավարությունը ցանկանում է մեծացնել ներքին պարտքի կշիռը

Չնայած Հայաստանի պետական պարտքն այս տարի ևս շարունակում է էական տեմպերով աճել, սակայն պարտքի մասով պատասխանատուներն էլ շարունակում են վստահեցնել, որ իրավիճակը վերահսկելի է և խիստ անհանգստանալու կարիք չկա։ 

Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչությունն այսօր ներկայացրեց ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2017-2019 թթ. ռազմավարական ծրագիրը։ 

Լրագրողների հետ զրույցում Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը նշեց, որ Հայաստանը պետական պարտքը սպասարկելու խնդիր չունի։ «Հենց ես տեսնեմ, որ մեր պարտքը վտանգավոր շեմի է հասել, բոլորիդ կասեմ»,-ասաց Ա. Մարգարյանը: 

Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներից՝ այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5.596 մլրդ ԱՄՆ դոլար։ 

Ընդհանուր պարտքից 4.495 մլրդ դոլար (կամ 80%-ը) արտաքին պարտքն է։ Ընդ որում՝ դրանից 3.997 մլրդ դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, մնացածը՝ ՀՀ կենտրոնական բանկինը։ Իսկ 1.101 մլրդ դոլար (կամ 20%-ը) կազմել է ներքին պարտքը։

Հոկտեմբերի համեմատ ընդհանուր պարտքը փոքր-ինչ նվազել է՝ 10.5 մլն դոլարով կամ 0.2%-ով։ Ընդ որում՝ դա տեղի է ունեցել արտաքին պարտքի կրճատման հաշվին, որը նվազել է մոտ 49 մլն դոլարով կամ 1.1%-ով։  Իսկ ներքին պարտքը շարունակում է աճել։ Նոյեմբերին այն ավելացել է 38 մլն դոլարով կամ 3.6%-ով։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, այս տարի Հայաստանի ներքին պարտքն ավելի արագ տեմպերով է աճում, քան արտաքինը։ Դա ավելի ակնառու է տարեսկզբի համեմատությամբ։

Այսպես, նոյեմբերի վերջի դրությամբ, նախորդ տարվա դեկտեմբերի վերջի համեմատ, ՀՀ ներքին պետական պարտքն աճել է մոտ 340 մլն դոլարով կամ 45%-ով։ Իհարկե, զգալի է նաև արտաքին պարտքի աճը, որը կազմել է 179 մլն դոլար կամ 4.1%։

Արդյունքում, ՀՀ պետական պարտքը (ներքին+արտաքին) նոյեմբերի վերջի դրությամբ, տարեսկզբի համեմատ, աճել է 519 մլն դոլարով կամ 10.2%-ով։

Կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրում նշված է, որ կառավարության պարտքի կառավարման հիմնական ռիսկերը, հատկապես պարտքի պորտֆելի փոխարժեքի ռիսկը, նվազեցնելու նպատակով որպես երկարաժամկետ նպատա­կա­դ­րում դիտարկվում է կառավարության պարտքի մեջ ներքին պարտքի մասնաբաժնի ավելա­ցումը:

«Ի տարբերություն համադրելի միջազգային վարկանիշ ունեցող երկրների՝ ՀՀ կառա­վա­րության արտաքին պարտքի կշիռը բավականին մեծ է»,-նշված է ՀՀ ծրագրում:

Այսինքն՝ կառավարությունը մտադիր է պետական պարտքի կառուցվածքում ավելացնել ներքին պարտքի կռիշն՝ ի հաշվի արտաքին պարտքի կշռի նվազման։ «Հետք»-ի հետ զրույցում Արշալույս Մարգարյանը նշեց, որ դա չի վերաբերի եկող տարվան, քանի որ պետական պարտքի չափը մեծ է և դժվար է աճող պարտքի կազմում կարճ ժամանակում փոխել ներքին պարտքի կշիռը։

«Նեքին պարտքի աճը պայմանավորված է մեր վարած քաղաքականությամբ։ Մենք գնում ենք այն ուղղությամբ, որ հնարավորության դեպքում արագորեն ավելացնենք ներքին պարտքի տեսակարար կշիռը ընդհանուր պարտքի մեջ, որովհետև դա չեզոքացնում կամ մեղմացնում է մեր հիմնական ռիսկը՝ արտարժույթի ռիսկը։ Արտարժույթի ցանկացած տատանում պարտքի կառավրիչների սրտի զարկերի արագացման է բերում։ Իսկ ներքին պարտքը մենք ներգրավում ենք բացառապես տեղական արժույթով և այդ ռիսկից ազատվում ենք։ Մեր պարտքն անընդհատ ավելանում է։ Եկող տարի պլանավորված է բյուջեի 2.8% դեֆիցիտ՝ 150.1 մլրդ դրամ։ Դա նշանակում է, որ դրա չափով պարտքն ավելանալու է։ Եվ մենք փորձում ենք ավելի շատ ներքին պարտք վերցնել, քան արտաքին։ Նախ ներքին պարտքի դեպքում ազատվում ենք արտարժույթի ռիսկից և հետո՝ միջոցները երկից դուրս չեն գալիս, ինչպես արտաքին պարտքի դեպքում է։ Ներքին պարտքի դեպքում և միջոցները, և դրանց դիմաց վճարվող տոկոսները մնում են երկրում»,-նշեց Ա. Մարգարյանը։

Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, որ հաշվի առնելով ներքին պարտքի ավելի բարձր տոկոսադրույքները, քան արտաքինի դեպքում են, այն ավելի մեծ բեռ է դառնում կառավարության համար։ Ըստ Ա. Մարգարյանի՝ վերևում նշված գործոնները ցույց են տալիս, որ ավելի ձեռնտու է ներքին պարտքի կշռի աճը։

Ծրագրում նշվում է, որ ՀՀ կառավարության պարտքի պորտֆելի ծախսերի և ռիսկերի վերլուծության արդյունք­ները ցույց են տալիս, որ պարտքի պորտֆելն ամենաշատը ենթակա է փոխարժեքի ռիսկի ազդե­ցությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter