«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն խախտումներ է հայտնաբերել կաթնամթերքի խոշոր արտադրողների կողմից
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն կաթնամթերքի շուկայում: Իրացման ցանցից նմուշառվել և փորձաքննության են հանձնվել կաթնամթերքի սպառման հիմնական շուկան ապահովող արտադրողների` «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Արզնի կաթ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ և «Չանախ» ՍՊԸ –ների որոշ արտադրատեսակներ:
«Վերջին ժամանակահատվածում ակտիվ քննարկվում էին կաթնամթերքի շուկայում առկա խնդիրները: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո, ցավոք մտահոգությունները միայն ավելացան, քանզի հաղորդագրությամբ ոչ միայն չտրվեցին հանրությանը հուզող հարցերի պատասխանները, այլև առաջացան նոր հարցեր: Մասնավորապես՝ որ կաթնամթերքներն են ենթարկվել փորձաքննության, և որ ընկերության որ արտադրատեսակում ինչպիսի խնդիրներ են հայտնաբերվել, քանի որ կաթնամթերք են համարվում ինչպես կաթն ու թթվասերը, այնպես էլ՝ սերուցքն ու պանիրը:
Հասարակական հատվածում ակտիվ քննարկվում էր նաև այն հանգամանքը, որ օրինախախտ տնտեսվարողների ցանկում հիմնականում նշված էին փոքր ընկերությունների անուններ: Շարունակում էր մտահոգիչ մնալ այն հարցը, թե ինչ իրավիճակ է սպառման հիմնական ծավալներն ապահովող ընկերություններում»,-նման հաղորդագրություն է տարածել կազմակերպությունը, ներկայացնելով հայտնաբերված խախտումները` ըստ արտադրողի, արտադրատեսակի (համաձայն մակնշված արտադրության օրվա) և անհամապատասխության ցուցանիշների:
«Աշտարակ կաթ» ՓԲԸ
Կաթնաշոռ դասական «Աշտարակ կաթ», 180գ., արտադրված 09.12.2016 թ. - չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:
Թթվասեր դասական «Աշտարակ կաթ», 18% յուղ., 400գ., արտադրված 09.12.2016 թ. - չի համապատասխանում խմորասնկերի ցուցանիշով:
«Արզնի կաթ» ՍՊԸ
Կաթ պաստերացված «Արզնի կաթ», 3,2% յուղ., 1լ. , արտադրված 09.12.16 թ. - չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով:
Կաթնաշոռ «Արզնի կաթ», 9% յուղ., 180գ., արտադրված 09.12.2016 թ. - չի համապատասխանում ԱՑԽՄ, խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով:
Սերով թթվասեր «Արզնի կաթ», 20% յուղ., 400գ., արտադրված 08.12.16 թ. - չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:
«Բիոկաթ» ՍՊԸ
Կաթ պաստերացված ֆիրմային Բիոկաթ, 3,5% յուղ, 1լ., արտադրված 09.12.16 թ. - չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով:
Կաթնաշոռ «Բիոկաթ», 15% յուղ., 150գ., արտադրված 10.12.2016 թ. - չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:
Թթվասեր «Բիոկաթ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.16 թ. - չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:
«Բոնիլատ» ՍՊԸ
Կաթ պաստերացված «Bonilat» - 3,6% յուղ., 1լ. արտադրված 10.12.2016 թ. - չի համապատասխանում ՄԱՖԱՄ ցուցանիշով:
Կաթնաշոռ «Բոնիլատ» 12% յուղ., 150գ. արտադրված 10.12.2016թ. - չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:
Թթվասեր «Բոնիլատ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.16թ. - չի համապատասպանում ԱՑԽՄ ցուցանիշով:
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ
Կաթնաշոռ «Մարիաննա» 9% յուղ., 180գ. արտադրված 10.12.2016թ. - չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով:
«Թամարա և Անի» ՍՊԸ
Կաթնաշոռ «Ani Product» 9% յուղ., 200գ. արտադրված 09.12.2016թ. - չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:
«Մարիլա» ՍՊԸ կաթ
Կաթնաշոռ «Մարիլա» 9% յուղ., 200գ. արտադրված 10.12.2016թ. - չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով:
«Չանախ» ՍՊԸ
Կաթ պաստերացված Չանախ – 3,2% յուղ., 1լ. արտադրված 10.12.2016 թ. - չի համապատասխանում ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով:
Հատիկային կաթնաշոռ «Չանախ» 4% յուղ, 180գ. արտադրված 10.12.2016թ. - չի համապատասխանում ԱՑԽՄ, խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով:
Թթվասեր «Չանախ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.2016թ. - չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:
Հաշվի առնելով, որ նմուշառումն իրականացվել է սառնարաններից, որոնք ապահովել են պահպանման պայմանները, ինչպես նաև այն հանգամանքը, որ նմուշների տեղափոխումն իրականացվել է պատշաճ սառնարանային պայմաններում, կազմակերպությունը եզրակացնում է, որ խնդիրներն առաջացել են արտադրության կամ իրացման ցանց տեղափոխման փուլերում եւ կոչ է անում՝
-
Սպառողներին` խուսափել վերոնշյալ արտադրանքի օգտագործումից (թթվասերները դեռևս գտնվում են պիտանելիության ժամկետի մեջ)
-
Իրացնողներին` իրացման ցանցից դուրս բերել նշյալ խմբաքանակները
-
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` հետևողական լինել գործընթացին:
«Հայտնաբերված խախտումները փաստում են, որ նշված կաթնամթերքի սպառումը չի երաշխավորում սպառողների առողջության պաշտպանությունը և պարունակում է առողջական ռիսկեր:
Հավելենք նաև, որ մթերքները փորձաքննության են ենթարկվել անվտանգության ընտրանքային ցուցանիշների նկատմամբ, հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ: Փորձաքննության արդյունքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը նաև գրավոր` համապատասխան քայլերի և գործողությունների առաջարկություններով»,-նշված է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ հետազոտությունն իրականացվել է «Տոնուս Լես» ՍՊԸ-ի «Էֆ ԴԻ ԷՅ Լաբ» փորձարկման լաբորատորիայում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել