Ապրանքաշրջանառությունը Երևանի և Սանկտ-Պետերբուրգի միջև 2011թ.- ին հասել է 14 մլն դոլարի
Սանկտ-Պետերբուրգի արտաքին կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Պետրուկի գլխավորած պատվիրակության Երևան կատարած այցի շրջանակում կայացել է Երևանում Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական գործարար կենտրոնի հինգամյակին նվիրված «Արդյունքներ և հեռանկարներ-համագործակցության նոր ուղղությունների որոնումներով» խորագրով գործարար համաժողովը, որին մասնակցել են հայ և ռուս գործարարներ, տնտեսագետներ, Սանկտ-Պետերբուրգի և Երևանի մի շարք բիզնես-կառույցների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում Սանկտ-Պետերբուրգի արտաքին կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Պետրուկը նշել է, որ երկուստեք փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացումը մեծապես պայմանավորված է նաև Սանկտ-Պետերբուրգի նոր նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի և Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներդրած ջանքերով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից գործարար համաժողովի մասնակիցներին ողջունել և բեղմնավոր աշխատանք է մաղթել քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը` նշելով, որ Սանկտ-Պետերբուրգի նահանգային կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները որակապես նոր փուլ են թևակոխել, ինչի վկայությունը նաև
2011 թ. ի հուլիսին Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության սանկտ-պետերբուրգյան այցի ընթացքում ստորագրված բազմակողմ համագործակցության քառամյա ծրագիրն է: Հատկանշվել է, որ նման գործարար համաժողովները եղած և նոր ուղղություններով համագործակցելու լայն հնարավորություններ են ստեղծում, ինչին իր հերթին նպաստում է նաև Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական գործարար կենտրոնը, որի գործունեության 5 տարիների ընթացքում երկու քաղաքների տնտեսական կապերը զգալի առաջընթաց են արձանագրել:
Երևանում Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական գործարար կենտրոնի տնօրեն Համլետ Մինասյանն էլ ընդգծել է, որ կենտրոնը կայացել և ակտիվ գործունեություն է ծավալել շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` Երևանի քաղաքապետարանի և Սանկտ-Պետերբուրգում բացված Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության աջակցության շնորհիվ:
Ապրանքաշրջանառությունը Երևանի և Սանկտ-Պետերբուրգի միջև 2011 թ.-ին հասել է 14 մլն դոլարի, սակայն, ներկաների գնահատմամբ, առկա հնարավորությունները շատ ավելի մեծ են: Բնակչության թվով Սանկտ-Պետերբուրգը Եվրոպայի 4-րդ խոշոր քաղաքն է: Նշվել է նաև փաստը, որ ավելի քան 5 միլիոն մշտական բնակություն հաստատած քաղաքացիներից շուրջ 50000-ը հայեր են, որոնց մի մասը զբաղվում է գործարարությամբ:
Երկու կողմերի գնահատմամբ ավելի մեծ հեռանկարներ են բացվում առևտրատնտեսական, կրթական, տուրիզմի, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում համագործակցություն ծավալելու համար: Բիզնես – համաժողովի ընթացքում կայացել են նաև Երևանի և Սանկտ-Պետերբուրգի ներդրումային հնարավորությունները ներկայացնող շնորհանդեսները:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել