
Փորձել են պայթեցման միջոցով հափշտակել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի բանկոմատի գումարները
Այսօր առավոտյան պայթեցման միջոցով փորձել են թալանել Բաղրամյան 56 հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի բանկոմատի գումարները։ Այս պահին բանկի տարածքում քննչական մարմնի ներկայացուցիչներն աշխատանքներն են իրականացնում։ Մեր այցի ժամանակ դեպքի վայրում էին նաեւ շտապօգնության եւ հրշեջ ծառայության ավտոմեքենաները։
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ առավոտյան` 09։00-ի սահմաններում ոստիկանությունից ահազանգ են ստացել, որից հետո քննիչները ժամանել են դեպքի վայր՝ քննություն իրականացնելու։
«Փորձել են պայթեցման միջոցով կատարել հափշտակություն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներից, չեն կարողացել։ Այս պահին հանցագործությունը կատարող անձանց ինքնությունը բացահատելու ուղղությամբ քննություն է տարվում»,-նշեց Սոնա Տռուզյանը։
Խոսնակի փոխանցմամբ՝ պատահարի հետևանքով որևէ մեկը չի տուժել, այսինքն՝ այն տեղեկատվությունը, թե զոհ կա, իրականությանը չի համապատասխանում։
Շենքի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ առավոտյան որևէ ձայն կամ շարժում չեն նկատել, միայն տանից դուրս գալով, տեսել են տարածքում հավաքված ոստիկանական մեքենաներ եւ տեղեկացել դեպքի մասին։
Մեկնաբանել