
Սարյան փողոցի բանկոմատի գողության հանգամանքով քրեական գործ է հարուցվել
Այսօր առավոտյան՝ 05։20-ին, ոստիկանություն ահանզանգ է ստացվել, որ Սարյան 22 հասեցում գործող «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի հարևանությամբ գտնվող «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին պատկանող բանկոմատը պայթեցրել են և հափշտակություն կատարել։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Հետք»-ին փոխանցեց, որ արդեն քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափի գողության հանգամանքով։
«Այս պահին պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ գործողություններ են կատարվում։ Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,-նշեց Տռուզյանը։
Հարցին, թե որևէ փոխկապակցվածություն պարզե՞լ են Սարյան և Բաղրամյան փողոցների բանկոմատների պայթեցման և հափշատակության փորձերի միջև, Տռուզյանը պատասխանեց, որ այս պահին տարվում է քննություն և այլ մանրամասներ դեռևս հաղորդել չի կարող։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան պայթեցման միջոցով ևս փորձել են թալանել Բաղրամյան 56 հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի բանկոմատի գումարները, սակայն չի հաջողվել կատարել հափշտակություն։
Մեկնաբանել