HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Ամերիաբանկը» խուսափում է «Լիդիանի» հետ կնքած վարկային պայմանագիրը մեկնաբանելուց

«Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն արդեն երկու շաբաթ է որեւէ կերպ չի արձագանքում բանկի եւ «Լիդիան Արմենիայի» միջեւ կնքված վարկային պայմանագրի վերաբերյալ «Հետքի» հարցմանը:

Դեկտեմբերի 2-ին «Հետքը» Ամուլսարում իրականացվող հանքարդյունաբերության ծրագրին աջակցելու որոշման վերաբերյալ պարզաբանումներ է խնդրել Հանեսյանից, ուղարկելով գրավոր հարցում: Ինչպես հայտնի է, հանքարդյունաբերական այս ծրագիրը միանշանակ չի ընկալվում քաղաքացիական հասարակության եւ մասնագետների կողմից, որոնք մատնանշում են որոշ ռիսկեր՝ պայմանավորված շրջակա միջավայրի վրա հանքի ունեցած ազդեցությունից:

«Հետքը» հետաքրքրվել է, թե ինչու՞ եւ ինչպե՞ս որոշվեց աջակցել Ամուլսարի հանքի արդյունահանման ծրագրին: ««Ամերիաբանկը» կիսու՞մ է քաղաքացիական հասարակության եւ մասնագետների այն պնդումները, որ հանքը աղետալի հետեւանքներ է ունենալու Ջերմուկի եւ հարակից մի քանի բնակավայրերի վրա», «բանկի տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանն անձա՞մբ է հաստատել վարկային պայմանագիր կնքելու գաղափարը»,- այս եւ մի քանի այլ գրավոր հարցերն անարձագանք են մնացել «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրենի կողմից, չնայած որ բանկի մարքետինգի բաժնից խոստացել էին պատասխանել հարցմանը:

Դեկտեմբերի 13-ին մեր հեռախոսազանգին ի պատասխան, բանկի մարկետինգի բաժնից խոստացել էին օրվա ընթացքում զանգահարել: Արդեն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Ամերիաբանկի» ՓԲԸ Հանրային կապերի եւ հաղորդակցման խմբի ղեկավար Էլմիրա Ադամյանը, կրկին մեր կողմից նախաձեռնած հեռախոսային խոսակցության ժամանակ, ասաց հետեւյալը. «Այս օրերին մեկնաբանություններ չենք տալիս»: Իհարկե, հանքի շահագործումից հետո որեւէ մեկին հետաքրքիր չի լինի «Ամերիաբանկ» ՓԲԸ մեկնաբանությունը:

Հիշեցնենք, որ «Լիդիան Ամենիան» «Ամերիաբանկ»-ի հետ կնքել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի գրավով ապահովված վարկային պայմանագիր: Վարկը կօգտագործվի Ամուլսարի ծրագրի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով: Ամուլսարում շինարարությունը սկսվել է այս տարի, ոսկու արդյունահանումը ակնկալվում է սկսել 2018 թ. առաջին եռամսյակում:

««Ամերիաբանկն» ուրախ է աջակցելու Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի այս խոստումնալից ծրագրին, որը երկրի հանքարդյունաբերության եւ տնտեսության համար զգալի խթանիչ գործոն է դառնալու: Մենք ակնկալում ենք երկարատև եւ արդյունավետ համագործակցություն Լիդիանի թիմի հետ»,- ասել էր բանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

Բանկի կողմից վարկը տրամադրվելու է մի քանի տրանշով, առաջին 10 միլիոն ԱՄՆ դոլարի տրանշն ակնկալվում է ստանալ արդեն 2016 թ. դեկտեմբերին:

Լուսանկարը՝ prodeco.am կայքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter