HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին

Դեկտեմբերի 16-ին Հայաստան ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Գեորգի Մգեբրիշվիլու գլխավորությամբ։ Օդանավակայանում նրան դիմավորել է Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։

Ոստիկանությունը հայտնում է, որ պատվիրակության կազմում էին վարչակազմի ղեկավար Զուրաբ Զուբադալաշվիլին, Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Դավիթ Նատրիաշվիլին, Հասարակության հետ կապերի դեպարտամենտի պետ Թեա Պերտաիան, ոստիկանության Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանային դեպարտամենտի պետ Թեյմուրազ Քալանդաձեն և այլ պաշտոնատար անձինք:

Հայաստանի ոստիկանությունում վրաց գործընկերներին դիմավորեցին հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ցուցադրական ելույթով հանդես եկավ պատվո պահակախումբը:

Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակությանն ընդունեց հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը և ընդգծեց, որ երկու բարեկամ երկրների իրավապահների համատեղ աշխատանքը արդեն իսկ լուրջ արդյունքներ է արձանագրել:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գեորգի Մգեբրիշվիլին վստահություն հայտնեց, որ հայ և վրաց իրավապահների ավանդական գործակցությունը հանցավորության դեմ պայքարում կշարունակվի և ավելի կխորանա՝ ընդգրկելով արդի մարտահրավերների հակազդման նոր ոլորտներ:

Վլադիմիր Գասպարյանը հավաստեց վերջին շրջանում ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և նշեց, որ երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա փոխգործակցությունը դրա լավագույն ուղին է:

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Ստորագրվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության միջև համագործակցության ամրապնդման մասին հռչակագիր:

Ավարտին Վլադիմիր Գասպարյանը Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլուն պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Ընդունելությունից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Վրաց իրավապահները ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ, ծանոթացան Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նյութերին, ավանդույթի համաձայն՝ եղևնի տնկեցին Հուշահամալիրի ծառուղում:

Նույն օրը Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիին ընդունեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter