
Սամվել Նիկոյանի հորդորը պատգամավորին. «Գնա ականջներդ լվա» (տեսանյութ)
Այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել Ազգային ժողովում: Արտահերթ նստաշրջանն ավարտելու համար խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանը բոլոր պատգամավորներին հրավիրել է նիստերի դահլիճ, որպեսզի քվեարկեն քննարկված օրինագծերը:
Սամվել Նիկոյանը երկու անգամ ձայնի իրավունք է տվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, սակայն նա չի լսել, դրանից հետո փոխնախագահը հանել է պատգամավորի հարց տալու իրավունքը։ Արմեն Մարտիրոսյանը դժգոհել է, որ Նիկոյանի բարձրախոսն անջատված է եղել, եւ այդ պատճառով չի լսել: Հետո միջամտել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ ասելով, որ Արմեն Մարտիրոսյանի անունը տալու փոխարեն բարձրախոսը միացնի, ինչին Սամվել Նիկոյանը ոչ կոռեկտ պատասխան է տվել. «Խոսափողը միացրած էր, գնա ականջներդ լվա»:
Արմեն Մարտիրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե չի լսել Սամվել Նիկոյանի խոսքը: Միջադեպից հետո Արմեն Մարտիրոսյանը մոտեցել է ամբիոնին, որպեսզի ելույթ ունենա, սակայն տեղից սկսել է բղավել ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (մականունը` Շմայս)։ Նա գործընկերոջ հասցեին վիրավորական արտահայտություններ է արել. «Քո նման հայվանին լսելու համար չեմ եկել»։
Նրան էլ հակադարձել է Արմեն Մարտիրոսյանը: Հետո ամբիոնին է մոտեցել Ստյոպա Սաֆարյանը եւ նիստը վարողին խնդրել է հստակ կողմնորոշել ներկաներին` սա աշխատանքի՞ վայր է, թե՞ բոլորովին այլ վայր։ Հետո խափանվել է նաեւ Սամվել Նիկոյանի խոսափողը, և լարվածությունը մեղմվել է:
«Դե, Առաքել Մովսիսյանին ասել էին 5 րոպեով կգաս դահլիճ, կքվեարկես կգնաս, երեւի սպասվածից երկարել է, դրա համար իրեն այդպես պահեց: Մեր Ազգային ժողովի համար սա սովորական երեւույթ է, որովհետեւ այստեղ քաղաքականությամբ զբաղվողները չեն ներկայացնում խորհրդարանը, այլ գործարարներ եւ քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ են հավաքվել»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել