Վանաձոր. մեկ գիշերում երեք արտակարգ դեպք
Գայանե Սարգսյան
Վանաձորի Դիմաց թաղամասում դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը բուռն է եղել: Նախ բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում 00:15-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Դ. Ք-ն:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ Վանաձորի Ուսանողական փողոցում գտնվող «Ֆուլ Հաուս» սրճարանի դիմաց անհայտ անձը ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կրած հրազենից կրակ է արձակել Դ. Ք.-ի ուղղությումբ, նրան պատճառելով հրազենային վնասվածք պարանոցի շրջանում:
Հիվանդանոց տեղափոխված երիտասարդի վիճակը հիվանդանոց ընդունվելու պահին եղել է ծայրահեղ ծանր: Ժամեր շարունակ բժիշկները պայքարել են երիտասարդի կյանքը փրկելու համար:
«Կենտրոն ընդունվելուն պես հիվանդն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան: Վնասված էր թոքը, արյունահոսությունը դադարեցվել է, թոքը վերականգնվել, հիվանդը հանվել է հեմորալգիկ շոկից»,-մեզ հետ զրույցի ընթացքում նշեց վիրահատությունը կատարած կրծքային վիրաբույժ Գեորգի Իլոյանը:
Վերջինիս խոսքով, հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, կյանքին սպառնացող վտանգը՝ առկա:
Տուժածն առաջիկայում կտեղափոխվի Երևան, թե՝ ոչ, դեռևս պարզ չէ: «Առայժմ կմնա կենտրոնում, որովհետև վիճակը դեռևս թույլ չի տալիս նրան տեղափոխել»,- նշեց բժիշկը:
Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ, հանցափորձ) հոդվածների և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով ռազմամթերք, զենք զինամթերք կրելը) հատկանիշներով:
Գրեթե միաժամանակ ստացվել է երկրորդ ահազանգը: Լոռու մարզի քննչական վարչություն է ահազանգել ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի օպերհետախուզության բաժնի աշխատակիցներից մեկն ու տեղեկացրել նույն թաղամասում գտնվող սուպերմարկետում գրանցված պայթյունի մասին:
Դեպքի վայր ժամանած Լոռու մարզի քննչական վարչության աշխատակիցները կատարել են զննություն: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու պայթեցնելու միջոցով Վանաձոր քաղաքում գործող «Վիպ Մարկետ» խանութի գույքը վնասելու հանգամանքները։
Այս գիշեր գրանցված երրորդ ահազանգը եղել է ոստիկանության Գուգարքի բաժնում: Գուգարք գյուղից ահազանգ է ստացել այն մասին, որ գյուղ տանող ճանապարհին ցրտահարված հայտնաբերել է 1931թ.-ին ծնված Ռոզա Խառատյանի դին:
Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանի խոսքով, կինը մենակ էր բնակվում գյուղի Շինարարների փողոցի տնակներից մեկում:
«Հարևաններն ասացին, որ գիշերը դուրս է եկել՝ ժամը 02:00-ի հատվածում ու այլևս չի կարողացել վերադառնալ տուն: Վերջին շրջանում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ էին նկատվում նրա մոտ, ինչի հետ կապված պարբերաբար բողոքում էին հարևանները, ասելով, որ վառարանը վառում է, տնից դուրս գալիս, ինչը վտանգավոր է: Երկու օր առաջ էինք գնացել ոստիկանների հետ, որոշել, որ հարևանները դիմում ներկայացնեն, որպեսզի կնոջը տանեն Լոռու մարզի հոգեբուժական դիսպանսեր՝ պարզելու համար իրենց հիվանդն է, թե՝ ոչ: Բայց չհասցրեցինք...»,- նշեց գյուղապետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել