Սերժ Սարգսյանն այցելել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ միասին այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Մայր Հայրենիքից ժամանած բարձրաստիճան հյուրերը հայ հավատացյալների հետ միասին մոմեր վառեցին երկու երկրներում խաղաղության և կայունության պահպանման աղերսով:
ՀՀ նախագահը մասնակցեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի կիսանդրու հանդիսավոր բացմանը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրերին և հավաքված հասարակությանը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Մայր Հայրենիքի նախագահին վիրահայության Աստծո տունը այցելելու համար: Խոսելով հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի մասին` վիրահայ հոգևոր թեմի առաջնորդը նշեց, որ հայ ժողովրդի մեծ սիրո և երախտագիտության արտահայտություն է Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում նրա կիսանդրին դնելը: Սրբազանն իր խոսքում կարևորեց Մայր Հայրենիքում գործելու և երկիրը զարգացնելով իրենց գործունեությունը արտերկրում ծավալելու հայրենակիցներին ուղղված կոչը:
Այնուհետև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն իր ելույթում նշեց, որ հայ համայնքը միշտ էլ ակնածանքով և հույսով է հետևում հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների ղեկավարների մեծ ներդրմանը պատմական ժողովուրդների հարաբերությունների խորացման և զարգացման գործում:
ՀՀ պատվիրակության անունից ողջունելով հայ մեծ բարերարի կիսանդրու բացումը` Հայաստանի արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը ոգեկոչեց Մայր Հայրենիքի մեծ զավակների հիշատակը թարմ պահելու և սերունդներին փոխանցելու համար նման միջոցառումներ ավելի հաճախակի կազմակերպելը:
Այսօր ևեթ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին կից «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Վրաստանի հայ նկարիչների միության անդրանիկ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են երկրի տարբեր անկյուններում գործող 29 հայ նկարիչների 47 աշխատանքներ: Այստեղ ցուցադրված են տարբեր ոճի և ուղղության աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրը նկարչի անխոս զրույցն է իր հոգևոր աշխարհի հետ, որը գունային յուրահատուկ ներդաշնակությամբ, վրձնի տարբեր շարժումներով արտացոլվելով կտավի վրա, ի վերջո, ի ցույց հասարակության ներկայանում է որպես ստեղծագործողի ապրումների ու հույզերի, մտածելակերպի ու երևակայության պտուղ:
Նորաստեղծ Վրաստանի հայ նկարիչների միության գլխավոր նպատակն է պահպանել և սերունդներին փոխանցել հայ գեղանկարչության հովնաթանյան դպրոցի մեծամեծերի ստեղծած անկրկնելի ավանդույթները:
Այսօր էլ աշխարհի տարբեր երկրների շատ և շատ թանգարաններում և պատկերասրահներում փառավոր տեղ են զբաղեցնում թբիլիսահայ տաղանդավոր նկարիչներ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքովի, Սերգեյ Փարաջանովի, Գայանե Խաչատրյանի և այլոց կտավները:
Շուրջ 50 արվեստագետի միավորող Վրաստանի հայ նկարիչների միության շարքերում այնպիսի հետաքրքիր և խոստումնալից նկարիչներ են, ինչպիսիք են Միհրան Դիլբարյանը, Թենգիզ Միքոյանցը, Իրենա Օհանջանովան, Արտյոմ Ալաբուլյանցը, Գիորգի Մանոյանը, Էռնա Դոլմազովան, Մնացական Ղալաչյանը, Կառլո Կարապետյանը և շատ ուրիշներ, որոնց աշխատանքները մեկ անգամ չէ, որ զարմացրել և հիացրել են դիտողին:
Հուսով ենք, որ այս անդրանիկ ցուցահանդեսը խթան կհանդիսանա արվեստի նորանոր գլուխգործոցներով գեղանկարչության վիրահայ դպրոցը էլ ավելի հարստացնելու և զարգացնելու գործին:
Լուսանկարը` Danel-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել